Սփիւռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններին, խօսել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հնչեցրած ահազանգի մասին։
«alikonline.ir» - Սփիւռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններին, խօսել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հնչեցրած ահազանգի մասին։
«Յեղափոխական» իշխանութիւնները 2018-ից ի վեր ամէն ինչ արել են Հայաստան-սփիւռք յարաբերութիւնների քայքայման, դրանց վերջնական խզման համար։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց սփիւռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնեանը։
Նրա խօսքով` այդ ուղղութեամբ արւած առաջին մեծ քայլը համապատասխան գերատեսչութեան լուծարումն էր, այնուհետեւ սփիւռքի հարցերով յանձնակատարի պաշտօնում Զարեհ Սինանեանին առաջադրելը, որի հաւանական պաշտօնանկութեան մասին լուրերը վերջերս բաւականին յաճախ են յայտնւում մամուլում։
«Ի՞նչ է արել Սինանեանը յանձնակատարի պաշտօնում սփիւռքն ի մի բերելու կամ սփիւռք-Հայաստան կապերը խորացնելու համար։ Ո՞վ կարող է նշել գոնէ մէկ գործողութիւն, որեւէ միջոցառում, որեւէ քայլ։ Հիմա էլ ասում են, թէ հեռացնելու են։ Ակնյայտ է, չէ, որ ուզում են Սինանեանին փոխել մէկ ուրիշ, աւելի ուժեղ քանդարարով, որը կարող է գալ եւ քանդել ստեղծւած կապերը, հակամարտութիւններ մտցնել սփիւռքի տարբեր կառոյցների միջև»,- նշեց նա։
Սրապիոնեանը պատահական չի համարում նաեւ օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ահազանգն այն մասին, որ սփիւռքը տանգնապի մէջ է։ Նախկին նախարարն ասում է` սփիւռքի նախարարութիւնը վերածւել էր «ցեմենտող» մի կառոյցի, որը մէկտեղել էր սփիւռքի ամենատարբեր, յաճախ իրար չհանդուրժող կառոյցներին։ Նրանք համախմբւել էին հզօր հայրենիք ստեղծել ու շուրջ եւ այդ հզօր հայրենիքի տեսլականը բոլորի մէջ կար։ Հիմա արդէն այդ հանդուժողականութեան, միմեանց հասնելու պատրաստակամութեան թելերը կտրւում են եւ ամէն օր մաշւում են «Շագրէնի կաշւի» նման։
«Արամ Ա-ն տեսնում է, որ սփիւռքը գլորւել է այնքան հեռու, որը յիշեցնում է 20-րդ դարի 20, 30 40-ականները, երբ տարբեր գաղափարական կառոյցների միջեւ նոր-նոր ստեղծւում էին կապեր` թոյլ, երերուն։ Վեհափառը տեսնում է, որ այս երկիրը մաշւում է ամէն օր «Շագրէնի կաշւի» նման, որ այս երկիրը ձեռք քաշեց իր վերականգնւած պատմական հայրենիքից` Արցախից, որ այս երկրում ջահելներ ու տարածքներ կորցնելով` բարբաջում են խաղաղութեան դարաշրջանի մասին։ Պարզ է, որ մի հոգեւոր հովիւ, որը տոգորւած է հայրենասիրական զգացումներով, պիտի տագնապի եւ ահազանգ հնչեցնի»,- ընդգծեց Սրապիոնեանը։
Նախկին նախարարը կարծում է, որ Հայաստան-սփիւռք կապերը վերականգնելու միակ ճանապարհն օր առաջ այս իշխանութիւնների հեռացումը եւ ազգասէր ու ազգընտիր կառավարութեան ձեւաւորումն է։
Նշենք, որ յունւարի 15-ին լիբանանահայ մտաւորականների հետ հանդիպման ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ասել է, որ սփիւռքը սկսել է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ, յուսախաբ` Հայաստանի նկատմամբ, յատկապէս Արցախի պատերազմից յետոյ։
Վեհափառ Հայրապետը պարզաբանել է, որ 2022-ը Սփիւռքի տարի է հռչակել, քանի որ սփիւռքը տագնապի մէջ է։