Հա

Քաղաքական

18/01/2022 - 13:05

««Էս մարդուն մենք մի հարց ունենք տալու՝ ե՞րբ ես թողնելու գնաս, որ մեր երկիրը փրկւի». Արթուր Վանեցեան». «Հրապարակ»

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը «Հրապարակ» թերթին հարցազրոյց է տւել։

«alikonline.ir» - ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը «Հրապարակ» թերթին հարցազրոյց է տւել։

 

- Պարո՛ն Վանեցեան, որոշել էք այս տարի աւելի ակտի՞ւ լինել եւ գալ նիստերին՝ անցեալ տարի գրեթէ չէիք մասնակցում։

- Ես պասիւ չեմ, ես նիստերին մասնակցում եմ, բոլոր նիստերին մասնակցել եմ: Ես չեմ մասնակցում Նիկոլ Փաշինեանի հետ հարցուպատասխանին, որովհետեւ չեմ ուզում ներկայ գտնւել մի միջոցառման, երբ Նիկոլ Փաշինեանն ամբիոնից ինչ ուզում՝ խօսում է, եւ որեւէ կերպ չես կարողանում նրան հակադարձել։ Ազգային ժողովի նիստերի վարման կարգն է այդպիսին, նիստը վարողն ինքն է որոշում՝ ինձ ձայնի իրաւունքից զրկի, Նիկոլ Փաշինեանին թողնի երկար խօսել՝ խախտելով ժամանակային սահմանափակումը, եւ, ի վերջոյ, վերջին խօսքը մնում է նրանը։ Նա էլ ինչ անպատասխանատու յայտարարութիւն ուզում՝ անում է։ Ես չեմ ուզում էդ ամէն ինչին մաս դառնալ։ Էս մարդուն մենք մի հարց ունենք տալու՝ ե՞րբ ես թողնելու գնաս, որ մեր երկիրը փրկւի։

 

- Իսկ ինչո՞ւ չէք տալիս այդ հարցը։

- Էդ հարցը բազմիցս ենք տւել, էդ մարդն իր բոլոր գործողութիւններով մի բան է անում միայն՝ իշխանութիւն է պահում։

 

- Դա միայն Ձե՞ր անունից էք ասում, թէ՞ ձեր խմբակցութեան։

- Չէ, եթէ Դուք նկատել էք, մեր ֆրակցիայի գրեթէ բոլոր պատգամաւորները շատ ակտիւ մասնակցում են հարցուպատասխանին: Դա իմ անձնական որոշումն է, որ ես չեմ ուզում ուղղակի մտնել իր օրակարգի մէջ։

 

- Բայց կարող են ասել՝ Դուք ֆրակցիայի ղեկավար էք, բա որ Նիկոլ Փաշինեանը մի թթու խօսք ասի ձեր թիմակիցների հասցէին, կամ «ուսապարկերը» բռունցքներով կրկին յարձակւեն, բա Դուք այնտեղ չլինէ՞ք, որ պաշտպանէք։

- Ես էստեղ՝ շէնքում եմ լինում, եւ եթէ նման բան լինի, հաւատացէք, անմիջապէս կը յայտնւեմ դահլիճում։ Էնպէս չի, որ ես Ազգային ժողովի շէնքում չեմ լինում։

 

- Ասում էք՝ մէկ նպատակ ունէք, թէ երբ է Փաշինեանը հեռանալու, բայց նա չի հեռանում, ու կարծես ընդդիմութեան գոյութիւնն էլ նպաստում է դրան։ Հիմա իմաստը ո՞րն է մանդատները պահելու եւ պատգամաւոր աշխատելու։

- Ձեր հարցի մէջ կայ ուղղակի կամ անուղղակի մեղադրանք ընդդիմութեանը, որ ընդդիմութիւնը չի կատարում իր հիմնական պահանջը, որ արդէն երկար ժամանակ կայ օրակարգում, դա Նիկոլ Փաշինեանի հեռացումն է իշխանութիւնից։ Ես պատերազմից յետոյ, նաեւ պատերազմից առաջ, եթէ Դուք յիշում էք՝ դեռեւս 2019 թ. սեպտեմբերից, ամէն կերպ փորձում եմ անել այն քայլերը, որը հնարաւորութիւն կը տայ Նիկոլ Փաշինեանին հեռացնել իշխանութիւնից։

Երբ որ մենք փողոցում պայքարում էինք, երբ որ մենք տուն չէինք գնում, երբ որ մենք փորձում էինք ժողովրդին բացատրել, որ էս իշխանութեան իւրաքանչիւր օր աւել մնալը բերելու է մեր երկրի կործանմանը, էդ ժամանակ էլ էին մեզ քննադատում, թէ «ի՞նչ էք անում, ի՞նչ էք ուզում, թողէք՝ թող էդ մարդն աշխատի»։ Հիմա էլ են քննադատում։ Քննադատութիւնն ընդունելի է, որովհետեւ մենք ենք քաղաքական գործիչները, քաղաքական կառոյցները, մենք ենք քաղաքական այն ուժերը, որոնք այսօր ստանձնել են այդ պատասխանատւութիւնը՝ սրանց հեռացնելու։ Բայց դրա համար պէտք է ժամանակ, պէտք է համակարգւած աշխատանք, պէտք է հասունանայ այդ պահը, որ հասարակութիւնը ոտքի կանգնի եւ դուրս շպրտի սրանց իշխանութիւնից։

Հիմա մենք պէտք է շարունակենք աշխատել մեր հասարակութեան, մեր ժողովրդի հետ։ Հաւատացէք, իշխանութեան ձայները ընտրութիւններից յետոյ բաւականին նւազել են։ Ես չեմ ասում, որ ընդդիմութեան ձայներն աւելացել են, բայց իշխանութեան ձայները նւազել են։ Մենք այսօր ականատես ենք լինում մի խայտառակ իրավիճակի, երբ Հայաստանից ընտանիքներով արտագաղթում են։ Միայն 2021 թ․ պաշտօնական տւեալներով՝ 100 հազարից աւելի մարդ մեկնել է Հայաստանից եւ այլեւս չի վերադարձել։

 

- Գնացողների մի մասը գուցէ ընդդիմութեան հետ յոյս կապած մարդիկ են, որոնք հիասթափւել են նաեւ ձեզնից եւ արտագաղթում են։

- Ես կարող եմ ասել, որ էն մարդիկ, ովքեր ընդդիմութեան կողմնակիցներն են, փորձում են էլի պայքարել, շարունակում են իրենց պայքարը, եւ ես շատ դէպքերում ականատես եմ լինում, որ Նիկոլ Փաշինեանի ընտրողներն են լքում երկիրը։

 

- Տպաւորութիւն է, թէ ընդդիմութիւնն ԱԺ-ում ընդամէնը փորձում է արդարացնել իր մանդատները՝ պարբերաբար Փաշինեանին «կապիտուլիանտ» անւանելով կամ, ասենք, Սերժ Սարգսեանի եւ Ռոբերտ Քոչարեանի պաշտօնավարման շրջանի «հերոսական» դրւագները յիշեցնելով։ Ընդդիմութեան ֆունկցիան ո՞րն է, եթէ ասում էք՝ իրեն չէք կարողանում ո՛չ հակադարձել, ո՛չ հեռացնել, արձագանքելիս կոշտ պատասխանի էք արժանանում, մարդիկ էլ փողոց դուրս չեն գալիս, որ հեռացնեն։

- Էլի Ձեր հարցի ձեւակերպման հետ համաձայն չեմ։ Ես չեմ ասում՝ ինքը կոշտ արձագանգում է, մենք էլ վախենում ենք պատասխանելուց։ Նման բան չկայ։ Ես ուղղակի ասում եմ՝ էդ մարդն անպատասխանատու յայտարարութիւններ է անում եւ օգտագործելով էս ամբիոնը եւ իր անպատժելիութիւնը՝ ինքը հասարակութեան վրայ փորձում է թողնել ազդեցութիւն, որ ինքն ամէն ինչ ճիշտ է անում՝ սաղ էս ընդդիմութիւնն է մեղաւոր։ Երկրի թիւ մէկ պատասխանատուն` անվտանգութեան, տնտեսութեան, դեմոգրաֆիկ խնդիրների, արտագաղթի, կրում է իշխանութիւնը, ընդդիմութիւնը դրա պատասխանատուն չէ։

 

- Բայց ընդդիմութիւնն է խոստացել, որ պիտի հեռացնի սրանց եւ ինքը գայ իշխանութեան։

- Հասկացանք, բայց եթէ մենք ընտրութիւնների արդիւնքում ունեցանք 660 հազար ՀՀ քաղաքացի, որոնք ձայն տւեցին Նիկոլ Փաշինեանին...

 

- Մեծ մասը՝ ի հեճուկս ընդդիմութեան, մասնաւորապէս՝ Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի, մի մասն էլ գուցէ Ձեզ չէր սիրում։

- Ես համաձայն չեմ Ձեր գնահատականների հետ։ Քաղաքականութիւնը սիրել-չսիրելու հարց չի քննարկում։ Ուզում է՝ սիրեն, ուզում է՝ չսիրեն, դա կարեւոր չէ։ Մարդիկ պէտք է հասկանան՝ ի վերջոյ, մարդն ի վիճակի՞ է լինել պատասխանատու եւ կառավարել երկիրը։ Էսօրւայ իշխանութեան մէջ գտնւող մարդիկ՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, էն մարդիկ, որ ձայն են տւել իրենց, եկէք մի հատ հարցնենք՝ եթէ մէջները կան գործարարներ, սրանցից մէկին կը տանէի՞ն իրենց բիզնեսում մի պաշտօն վստահէին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։