Հա

Քաղաքական

19/01/2022 - 10:40

Թուրքագէտ․ «Եթէ զիջումների գնանք «կարմիր գծերի» հարցերում, նշանակում է՝ հրաժարւում ենք մեր ինքնութեան մի մասից»

«Հետք»-ի հարցազրոյցը ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի հետ:

«alikonline.ir» - «Հետք»-ի հարցազրոյցը ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի հետ:

 

- Պարոն Սաֆրաստեան, օրերս Մոսկւայում տեղի ունեցած Հայաստանի եւ Թուրքիայի յատուկ ներկայացուցիչների հանդիպումից յետոյ նշւեց առանց նախապայմանների բանակցութիւնների մասին։ Յայտնի է, որ Թուրքիան նախկինում միշտ նախապայմաններ է առաջ քաշել, որոնք կապւած էին թէ՛ հայ-թուրքական, թէ՛ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների հետ։ Ինչո՞ւ յանկարծ Թուրքիան այս անգամ յայտարարեց առանց նախապայմանների բանակցելու մասին։ Արդեօք դա մարտավարութիւն է՝ բանակցութիւններն ի սկզբանէ փակուղի չտանելու համար։

- Այո, կարծում եմ՝ այդ նպատակն էլ հետապնդում է։ Եթէ Թուրքիան հէնց սկզբից էլ նախապայմաններ դնէր, ապա հայկական կողմը կը հրաժարւէր բանակցութիւններից։ Իսկ մենք տեսնում ենք, որ Թուրքիան այս անգամ շահագրգռւած է բանակցութիւններով։ Դա, կարծում եմ, կապւած է այն հանգամանքի հետ, որ Թուրքիան Հարաւային Կովկասում անցկացնում է շատ ակտիւ քաղաքականութիւն, որի նպատակն է ցոյց տալ, որ աւելի մեծ դերակատարում ունի տարածաշրջանում, քան մինչ այդ։ Եւ աշխարհաքաղաքական հաշւարկների շրջանակներում Թուրքիայի համար կարեւոր է ցոյց տալ, որ շահագրգռւած է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմամբ։ Կարծում եմ՝ հէնց դա է Թուրքիայի շահագրգռւածութիւնը, որ հէնց սկզբից այնպէս է անում, որ բանակցութիւնները փակուղի չմտնեն։

 

- Կողմերը դրական են արտայայտւել առաջին հանդիպման վերաբերեալ։ Արդեօք պատճառը հանդիպման ճանաչողական բնոյթն էր, թէ՞ այս դէպքում Թուրքիան պահում է զուտ դիւանագիտական էթիկան։

- Չեմ կարող ասել, թէ Թուրքիան ինչպէս է պահել 1.5 ժամ տեւած այդ բանակցութիւններում, բայց տեղեակ եմ, որ թուրքական կողմից յայտարարութիւն հնչել է, որտեղ արձանագրւել է, որ Թուրքիան չի պնդում նախապայմանները։ Ինչպէս նշեցի, Թուրքիան հէնց սկզբից շահագրգռւած է այդ բանակցութիւններով։ Եւ դա է պատճառը, որ մօտեցումը դրական է։ Երկու կողմերն էլ հաստատել են իրենց ցանկութիւնը բանակցութիւնները շարունակելու։ Սա կարող ենք փաստել, իսկ այլ փաստեր չունենք։

 

- Ինչպէ՞ս էք վերաբերւում այն հանգամանքին, որ Թուրքիայի կողմից նշանակւած ներկայացուցիչը դիւանագիտական մեծ փորձ ունի, իսկ Հայաստանի կողմից նշանակւել է ոչ դիւանագէտ, որն առնչութիւն չունի արտգործնախարարութեան հետ։ Սա խօսո՞ւմ է Փաշինեանի կառավարութեան կադրային սնանկութեան մասին։

- Ես մի բան էլ աւելացնեմ․ Թուրքիայի յատուկ ներկայացուցիչը՝ Սերդար Քըլըչը, ոչ միայն դիւանագիտական մեծ փորձ ունի, այլեւ մի քանի տարի եղել է Թուրքիայի ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար։ Այդ խորհուրդը քննարկում է Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականութեան ամենակարեւոր խնդիրները, եւ քարտուղարի պարտականութիւնն է օրակարգը պատրաստել քննարկումների։ Այսինքն՝ մի մարդ է, որ քաջատեղեակ է Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականութեան ամենակարեւոր խնդիրներից։

Միւս կողմից՝ յատուկ պաշտօն է ստեղծւել նրա՝ Սերդար Քըլըչի համար։ Ես նայեցի Թուրքիայի պաշտօնաթերթը, որտեղ տպագրւում են հրամանագրերը, եւ հէնց Էրդողանի հրամանագրի տեքստում նրա պաշտօնն այսպէս էր ձեւակերպւած՝ պատասխանատու ներկայացուցիչ Հայաստանի հետ յարաբերութիւնների գծով։ Այսինքն՝ ոչ միայն բանակցութիւնների, այլեւ ընդհանրապէս Հայաստանի հետ կապւած բոլոր խնդիրներով։ Եւ երկրորդ՝ մինչեւ հիմա այդ պաշտօնը չի եղել։ Այն ստեղծւել է նրա համար։

Եւ երրորդ հանգամանքը՝ այդ պաշտօնը, փաստօրէն, դուրս է բերւում Թուրքիայի արտգործնախարարութեան շրջանակներից։ Այն ուղղակի նախագահի հրամանագրով է նշանակւում եւ ենթարկւելու է Թուրքիայի փոխնախագահին, այսինքն՝ հիերարխիայում երկրորդ մարդուն։ Ըստ էութեան, նա դառնում է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ, այլ ոչ թէ արտգործանախարարութեան։ Դա վկայում է այն մասին, որ Թուրքիան նախատեսում է երկարատեւ բանակցութիւններ, հարցերի լայն շրջանակ, ինչպէս նաեւ ենթադրւում է, որ անձամբ զեկուցելու է փոխնախագահին, այլ ոչ թէ արտգործնախարարին։ Այնպէս որ, սա է պատկերը Թուրքիայի կողմից։

Այո, մեր ներկայացուցիչը փորձով, փորձառութեամբ զիջում է Թուրքիայի ներկայացուցչին։ Սա ակնյայտ է, փաստ է, բայց, վերջիվերջոյ, հաշւի առնելով այն, ինչ ասացի, եթէ լինեն կարեւոր հարցեր, որ պէտք է քննարկւեն, որոշումներ ընդունւեն, ապա դա լինելու է երկրների ղեկավարների կողմից։ Իսկ այստեղ բանակցողի անձը երկրորդ պլան է մղւում։

 

- Ձեր կարծիքով՝ այս գործընթացն ունի՞ ապագայ, երբ մի կողմից պատերազմից յետոյ դժւար պայմաններում յայտնւած Հայաստանն է, միւս կողմից՝ ագրեսորին ամէն ձեւով սատարած Թուրքիան։

- Շատ ճիշտ էք ասում, ես կաւելացնեմ, որ Թուրքիան ոչ թէ ագրեսորին ամէն ձեւով սատարած, այլ այդ ագրեսիայի հիմքում կանգնած երկիր է։ Միւս կողմից՝ պարտւած Հայաստանն է։ Ակնյայտ է, որ ուժերն անհաւասար են։ Բայց բանակցային գործընթացը նրանով է բանակցային, որ բանակցային սեղանի շուրջ հանդիպում են տարբեր մօտեցումներ ունեցողներ, եւ այդ տարբեր մօտեցումներն, այսպէս ասած, բախման մէջ են մտնում։ Եւ այդ ժամանակ կարեւոր է չկորցնել կարեւոր բաները, կարեւոր են «կարմիր գծերը», որոնք մենք ոչ մի կերպ զիջելու հնարաւորութիւն չպէտք է ունենանք։

 

- Որո՞նք են այդ «կարմիր գծերը»։

- Խօսքը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման քաղաքականութեան, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի, Արցախի Հանրապետութեանը Հայաստանի Հանրապետութեան կողմից ամէն կերպ օգնելու, պաշտպանելու, ինչպէս նաեւ Կարսի պայմանագրի մասին է։ Թուրքերը պահանջում են, որ Հայաստանը վերահաստատի իր հաւատարմութիւնը Կարսի պայմանագրին։ Դա չպէտք է անել։ Համոզւած եմ, որ դա անարդարացի պայմանագիր էր, որը պարտադրւել էր մեզ։ Եւ նաեւ չորրորդ նախապայմանը, որ քննարկման խնդիր կը լինի, համոզւած եմ, այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցքն» է։ Այստեղ էլ պէտք է մեր դիրքորոշումը վերահաստատենք, որ ոչ մի միջանցքային տրամաբանութիւն ընդունելի չէ մեզ համար։

Չեմ կարող մտածել, որ այդ «կարմիր գծերը» կարող են խախտւել, որովհետեւ երեք հարցերը մեր ինքնութեան հետ են կապւած։ Եթէ զիջումների գնանք այդ հարցերում, նշանակում է՝ հրաժարւում ենք մեր ինքնութեան մի մասից։ Դա ուղղակի անընդունելի է մեզ համար։

 

- Իսկ ի՞նչ սպասել այս գործընթացից, պարոն Սաֆրաստեան։

- Շատ բարդ հարց էք տալիս։ Չեմ կարող ասել, դա կարող են ասել այն մարդիկ, ովքեր նախապատրաստել են այդ գործընթացը, մասնակցելու են կամ ղեկավարելու են, նրանք կարող են ասել։ Իմ ընդհանուր գնահատականն այն է, որ նախորդ երեք փորձերն աւարտւել են անյաջողութեամբ, հիմա սա չորրորդն է՝ մեր պարտութեան եւ մեր տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիւութեան աւելի ուժեղացման պայմաններում։ Դրա համար դրական արդիւնքի սպասում չունեմ։

Իսկ դրական արդիւնքը Հայաստանի համար, հաւանական է, բանակցութիւնները նախապատրաստողներն այսպէս են մտածում՝ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումն է եւ սահմանների բացումը։ Կարծում եմ՝ անյաջողութեամբ կաւարտւեն, բայց տեսնենք։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։