Հա

Քաղաքական

20/01/2022 - 11:35

«Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի». ԱԳՆ-ն արձագանգել է Բայրամովի յայտարարութեանը

ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնն արձագանգել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջէյհուն Բայրամովի այն յայտարարութեանը, թէ Բաքւի համար անընդունելի են Երեւանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում: 

«alikonline.ir» - ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնն արձագանգել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջէյհուն Բայրամովի այն յայտարարութեանը, թէ Բաքւի համար անընդունելի են Երեւանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում: «Արմէնպրես»-ի հարցին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խօսնակ Վահան Յունանեանն ընդգծել է, որ Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խօսքը պայմանաւորւածութիւնների մասին է:

 

Հարց. Ադրբեջանի արտգործնախարար Ջէյհուն Բայրամովը, արձագանգելով սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հետ կապւած Հայաստանի Հանրապետութեան առաջարկներին, յայտարարել է, որ Բաքւի համար անընդունելի են Երեւանի նախապայմանները՝ սահմանազատումը սկսելու հարցում: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այս յայտարարութիւնը:

Պատասխան. Կարծում եմ՝ հարցի վերաբերեալ որոշակի թիւրըմբռնում կայ: Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի: Խօսքը պայմանաւորւածութիւնների մասին է: Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետութեան վարչապետի, Ռուսաստանի Դաշնութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահների կողմից ընդունւած եռակողմ յայտարարութեան մէջ նշւած է, որ կողմերը պայմանաւորւել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգութեան եւ կայունութեան մակարդակը բարձրացնելու ուղղութեամբ եւ գործը տանել դէպի սահմանազատման եւ սահմանագծման երկկողմ յանձնաժողովի ձեւաւորում»: Այս պայմանաւորւածութիւնը վերահաստատւել եւ զօրքերի յետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել դեկտեմբերի 14-ին Եւրոպական խորհրդի նախագահի միջնորդութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Բրիւսէլում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում: Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թէ նախապայմանների, այլ ձեռքբերւած պայմանաւորւածութիւնները կեանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետութիւնը կարծում է, որ օր առաջ պէտք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշւած պայմանաւորւածութիւնների:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։