Հա

Քաղաքական

20/01/2022 - 12:25

Ժողովրդավարութեան մասին կամ կը լինի՞ հայկական Ռեֆորմացիա

Վերջին տարիներին տագնապալիօրէն սրւել են միջազգային յարաբերութիւնները։ Շատերն արեւմուտքում սա բացատրում են որպէս պայքար ժողովրդավարութեան եւ աւտորիտարիզմի միջեւ։ Ժողովրդավարութիւնը համարելով որպէս ամենաառաջադէմ քաղաքական համակարգ՝ առճակատումը բացատրւում է նաեւ նրանով, որ եթէ աշխարհի բոլոր երկրներն ընդունեն պետութեան ժողովրդավարական մոդելը, ապա աշխարհում լիակատար համերաշխութիւն եւ խաղաղությիւն կը տիրի։ Չվիճելով ժողովրդավարական մոդելի առաւելութիւնների մասին, փորձենք քննարկել, թէ արդեօք հնարաւո՞ր է, որ աշխարհի բոլոր երկրները մօտ ապագայում դառնան արեւմտեան մոդելի ժողովրդավարական պետութիւններ։ 

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Վերջին տարիներին տագնապալիօրէն սրւել են միջազգային յարաբերութիւնները։ Շատերն արեւմուտքում սա բացատրում են որպէս պայքար ժողովրդավարութեան եւ աւտորիտարիզմի միջեւ։ Ժողովրդավարութիւնը համարելով որպէս ամենաառաջադէմ քաղաքական համակարգ՝ առճակատումը բացատրւում է նաեւ նրանով, որ եթէ աշխարհի բոլոր երկրներն ընդունեն պետութեան ժողովրդավարական մոդելը, ապա աշխարհում լիակատար համերաշխութիւն եւ խաղաղությիւն կը տիրի։ Չվիճելով ժողովրդավարական մոդելի առաւելութիւնների մասին, փորձենք քննարկել, թէ արդեօք հնարաւո՞ր է, որ աշխարհի բոլոր երկրները մօտ ապագայում դառնան արեւմտեան մոդելի ժողովրդավարական պետութիւններ։

Չխորանանք անտիկ աշխարհի յունա-հռոմէական դեմոկրատիայի աւանդոյթների մէջ։ Քրիստոնէութիւն ընդունելուց յետոյ, անտիկ դեմոկրատիան Եւրոպայում դարերով մոռացութեան մատնւեց։ Եւ ի՞նչ իրավիճակ էր տիրում, այսօրւայ ժողովրդավարական, միջնադարեան Եւրոպայում՝ դաժան միապետական-ֆեոդալական համակարգ եւ հպատակ, խեղճուկրակ ժողովուրդ։ Քաղաքական համակարգի վրայ հիմնական ազդեցութիւն ունէր կաթոլիկ եկեղեցին եւ Հռոմի Պապը։ Եկեղեցին հանդիսանում էր նոյն ֆեոդալական համակարգի գաղափարական եւ բաղկացուցիչ մասը՝ տիրապետելով հսկայական ունեցւածքների եւ հողատարածքների։ Միջնադարեան Եւրոպայում աներեւակայելի դաժան մեթոդներով մոլեգնում էր ինկւիզիցիան, վհուկների որսը, խաչակրաց արշաւանքները։

Եւրոպայում բեկումնային եղաւ 16-րդ դարը, երբ սկսւեց բողոքական շարժումը՝ ուղղւած դէպի կաթոլիկ եկեղեցու բարեփոխումները։ Իրականում, բողոքական շարժումը զուտ կրօնական չէր, այլ նաեւ քաղաքական-հասարակական՝ յանուն ոչ միայն կրօնական, այլեւ քաղաքական, տնտեսական ազատութիւնների, որին ակտիւօրէն մասնակցում էր Եւրոպայում արդէն առաջացող նոր՝ բուրժուական խաւը։ Բնականաբար, պայքարը շատ դաժան էր եւ շարունակւեց աւելի քան մէկ դար։ Բողոքական շարժման աւարտը Եւրոպայում համարւում է 1648թ․ կնքւած Վեստֆալեան համաձայնագիրը։ Դրանից յետոյ, եւրոպական մի շարք պետութիւններ խզեցին կապերը կաթոլիկական աշխարհի, այն է՝ Հռոմի Պապի գերիշխանութեան հետ, ընդունելով քրիստոնեական բողոքական գաղափարախօսութեան տարբեր ուղղութիւններ՝ լիւթերական, կալւինիստական, անգլիկան եւ այլ։ Իրականում, այդ երկրները դարձան աշխարհիկ պետութիւններ, իսկ հետագայում, բողոքական շարժումը ստացաւ Ռեֆորմացիա (բարեփոխում) անւանումը: Բնականաբար, ոչ բոլոր եւրոպական երկրները դարձան բողոքական, սակայն այս կամ այն չափով կաթոլիկ երկրներում նոյնպէս իրականացւեցին բարեփոխումներ եւ շատ երկրներում կաթոլիկ եկեղեցու դերը էականօրէն նւազեց։

Համոզւած եմ, որ հէնց Ռեֆորմացիան հիմքեր դրեց եւրոպական ժողովրդավարութեան զարգացմանը, որին հետագայում իրենց նպաստը բերեցին ինչպէս գերմանական փիլիսոփաները, այնպէս էլ ֆրանսիական լուսաւորիչները եւ այլ եւրոպական մտածողներ Բնականաբար, այն մէկ տարում տեղի չունեցաւ, այլ պահանջւեցին դարեր։ Եւրոպական երկրները Ռեֆորմացիայից յետոյ անցան երկարատեւ ճանապարհ՝ աւտորիտար, ազգայնական, ֆաշիստական, ռասիստական կառավարական համակարգերից, պատերազմներից, յեղափոխութիւններից՝ մինչեւ ժամանակակից, արեւմտեան ժողովրդավարութիւն։

Հետաքրքրական է, որ Ռեֆորմացիան շրջանցեց ուղղափառ աշխարհը, սակայն այն չէր կարող ինչ-որ չափով ազդեցութիւն չունենալ նրա վրայ։

Եթէ մօտաւոր համեմատութիւններ անենք եւրոպական երկրների միջեւ ժողովրդավարութեան տեսակէտից, ապա առաւել ժողովրդավարական են բողոքական, ապա կաթոլիկ երկրները, իսկ ուղղափառ երկրները, իմ կարծիքով, ուղղակի տուրք են տալիս «ժողովրդավարութեանը», քանի որ այն իրենցը չի։ Էական տարբերութիւններ կան նաեւ արեւմտեան ժողովրդավարութիւնների մէջ, սահմանադրական միապետութիւն, հանրապետութիւն, նախագահական եւ պառլամենտական, դաշնային, ունիտար համակարգեր, ԱՄՆ-ում ըստ էութեան, երկկուսակցական համակարգ, Եւրոպայում՝ բազմակուսակցական, որոշ երկրներ՝ դեռեւս գաղութատիրական, իհարկէ՝ այլ անւան տակ։ Տարբեր են Կենտրոնական եւ Լատինական Ամերիկայի երկրներում գործող համակարգերը, որոնցից շատերը կիլոմետրերով հեռու են ժողովրդավարութիւնից։

Եւս մէկ կարեւոր հանգամանք․ արեւմտեան ժողովրդավարական բոլոր երկրները, ընդունելով համամարդկային արժէքները՝ իրաւական պետութիւն, մարդու իրաւունքներ, նաեւ առաջին հերթին ազգային պետութիւններ են՝ հիմնւած իրենց ազգային լեզւի, մշակոյթի վրայ։

Այսպիսով, արեւմտեան ժողովրդավարութիւնը քաղաքական, սակայն ոչ միանման մշակոյթ է, կապւած տւեալ ժողովրդի կրօնական, էթնիկական, պետական, աշխարհագրական աւանդոյթների հետ։

Այս տեսակէտից, եթէ անդրադառնանք իսլամական երկրներին, ապա իսլամական աշխարհում բողոքական շարժումը չի յաղթել, ուստի եւ Ռեֆորմացիա չի եղել։ Այնպէս որ, առաջադէմ համարւող աշխարհի բոլոր փորձերը դէպի աւանդական քրիստոնեական ուղղափառ, առաւել եւս իսլամական աշխարհներում արեւմտեան տիպի ժողովրդավարութիւն տարածելու եւ հաստատելու՝ յաջողութիւն չեն ունենալու։ Յատկապէս, իսլամական երկրներում կառավարման համակարգերը երկար տարիներ, եթէ ոչ դարեր, կը լինեն իսլամական, կամ աշխարհիկ բռնապետական, կամ ոչ բռնապետական՝ բայց նաեւ ոչ եւրոպական տիպի ժողովրդավարական պետութիւններ։

Նոյն իսլամական երկրներն էլ, անկախ կրօնական կամ աշխարհիկ լինելուց, մեծ տարբերութիւններ ունեն։ Օրինակ, Սիրիան, չլինելով եւրոպական չափանիշներով ժողովրդավարական երկիր, չի կարելի ասել, որ բռնապետական է։ Սիրիայում երաշխաւորւած պաշտպանւած են ազգային, կրօնական բոլոր համայնքների իրաւունքները, բաւականին ազատական է տնտեսութիւնը։

Արդ, ի՞նչ կը կատարւէր Սիրիայում, եթէ իսլամական ապստամբութիւնը յաղթէր։ Ամենայն հաւանականութեամբ, Սիրիան կը դառնար իսլամական անհանդուրժողականութեան, բռնապետական երկիր։ Նման բան սպառնում էր Եգիպտոսին, այսպէս կոչւած, «արաբական գարուն» յեղափոխութիւնից յետոյ։ Սակայն եգիպտացիները արագօրէն ուշքի եկան եւ, փաստօրէն վերադարձան Մուբարակի ժամանակներին։

Պաշտօնապէս իսլամական անւանումն է կրում մեր հարեւան Իրանը։ Բայց, Իրանում, ինչպէս աշխարհիկ Սիրիայում պաշտպանւած են բոլոր ազգային եւ կրօնական համայնքների իրաւունքները, այդ թւում՝ հրեաների։ Իրանում նաեւ կատարւում են ընտրութիւններ եւ պարբերաբար տեղի է ունենում նախագահի փոփոխութիւն։ Այնպէս որ եւ Սիրիան, եւ Իրանը չի կարելի ասել, որ հեռու են ժողովրդավարութիւնից, ուղղակի նրանց համակարգերը տարբերւում են եւրոպական տիպի ժողովրդավարութիւնից։

Հարց է առաջանում, իսկ Թուրքիա՞ն․․․Քեմալ Աթաթուրքը դրեց աշխարհիկ Թուրքիայի մոդելը։ Սակայն Թուրքիան արտաքուստ լինելով ժողովրդավարական, իրականում բռնապետական երկիր է. չճանաչելով Թուրքիայում ապրող ազգերի ինքնութիւնը։ Թուրքիայում բոլորը թուրքեր են՝ մուսուլման, քրիստոնեայ այլն։ «Աշխարհիկ» Թուրքիայում տարբեր տարիներին բռնութիւններ եւ կոտորածներ են եղել հայերի, յոյների, ալեւիների, քրդերի հանդէպ։ Իսկ էրդողանական Թուրքիան, արդէն ոչ միայն բռնապետական է, այլ ուղղւած է դէպի արմատական իսլամ՝ հաւակնելով ոչ միայն Օսմանական կայսրութեան վերականգնմանն, այլ դէպի պանթուրանիզմ։

Ի դէպ, եւրոպական, նոյնիսկ ամենաժողովրդավարական համբաւ ունեցող երկրներ գաղթած իսլամական երկրներից փախստականները չեն ինտեգրւում այդ երկրների նիստուկացին, այլ շարունակում են ապրել իսլամական աւանդոյթներով իրենց փակ համայնքներում։

Իսկ այլ՝ ոչ քրիստոնեական, կամ իսլամական երկրնե՞րը։ Այդ երկրներից որոշները կարողացել են համադրել ժողովրդավարութիւնն ու իրենց կրօնական կամ փիլիսոփայական աւանդոյթները, ինչպէս Ճապոնիան, Հնդկաստանը եւ այլ երկրներ։ Ճապոնիայում կատարւում են ընտրութիւններ․․․ընդամենը, սակայն այդ ժողովրդավարութիւնը շատ հեռու է եւրոպականից՝ պահպանելով ճապոնական դարաւոր աւանդոյթները։ Հնդկաստանում նոյնպէս կատարւում են ընտրութիւններ, բայց պահպանւում է կաստայական աւանդական համակարգը եւ, օրինակ «անձեռնմխելիների» կաստայից անհնար է դառնալ պատգամաւոր, առաւել եւս՝ վարչապետ։ Իսկ, օրինակ Չինաստանը, ընդհանրապէս հեռու է եւրոպական ժողովրդավարութիւնից, եւ անկախ այսօրւայ կոմունիստական գաղափարախօսութիւնից, հիմնականում առաջնորդւում է դարաւոր փիլիսոփայական աւանդոյթներով։

Եթէ ամփոփենք վերը նկարագրւածը, ապա այն, ինչ կատարւում է այսօր յանուն «ժողովրդավարութեան» յաղթանակի, ընդամենը աշխարհաքաղաքական պայքար է, քողարկւած «ժողովրդավարական» քողի տակ, ինչպէս միջնադարում քրիստոնեութեան գաղափարախօսութեան անւան տակ խաչակրաց արշաւանքներն էին, կայսերական նւաճումները Աֆրիկայում, Ամերիկայում, այլ մայրցամաքներում։

Եւ բոլոր ապստամբութեան փորձերն ու յեղափոխութիւնները, լինեն դրանք Ուկրայինայում, Վրաստանում, արաբական երկրներում, թէ վերջերս Ղազախստանում՝ որեւէ աղերս չունեն յանուն ժողովրդավարութեան պայքարի հետ։ Ի վերջոյ, կարողացա՞ւ աշխարհում ժողովրդավարութեան ջահակիր ԱՄՆ-ը ժողովրդավարութիւն հաստատել Իրաքում, Լիբիայում կամ Աֆղանստանում։ Իհարկէ, իդեալական կը լինէր, որ երկրները յարգելով միմեանց աւանդոյթները, համագործակցութեան եզրեր գտնէին միմեանց հետ, առանց պարտադրելու սեփական արժէքները։ Բայց, նորից կրկնեմ, մարդկութեան ողջ պատմութիւնը եղել է պատերազմների, ազդեցութիւնների տարածման պատմութիւններ, քողարկւելով «վեհ» գաղափարների ներքոյ, դրանք լինեն քրիստոնեական, կոմունիստական, թէ ժողովրդավարական։ Այդպէս եղել է եւ այդպէս էլ շարունակւելու է։ Այդ համատեքստում էր նաեւ 2021թ․ ԱՄՆ-ի կողմից հրաւիրւած «Ժողովրդավարական» համաժողովը, որին հրաւիրւած էր խիստ «ժողովրդավարական» Պակիստանը, բայց ոչ՝ «բռնապետական» Իրանը։

Լաւ, իսկ Հայաստա՞նը։ Հարց է առաջանում, իսկ ինչպիսի՞ աւանդոյթներ ունենք մենք՝ հայերս։

Առաջին հայեացքից, պատասխանը պարզ է՝ քրիստոնեական։ Այո՛, բայց ո՞ր ուղղութեան։ Մենք, ի տարբերութիւն արեւմտեան՝ ուղղափառ, կաթոլիկ, բողոքական ուղղութիւնների, արեւելեան քրիստոնէութեան ուղղութեան կրողներն ենք, ինչպէս ղպտիները, ասորիները եւ արեւելեան աղւանքի այսօրւայ մնացորդներ՝ ուդիները։ Զուգադիպութիւն է, թէ ոչ, բայց նրանք բոլորը դարձան պետականազուրկ ազգեր։ Չխորանալով գաղափարական, կրօնական տարբերութիւնների մէջ, արձանագրենք, որ եթէ ուղղափառ աշխարհին ընդամենը շոշափեց Ռեֆորմացիան, ապա մեր տարածաշրջանն ընդհանրապէս չառնչւեց Ռեֆորմացիային։

Սակայն, արդեօ՞ք․․․ Իրականում, բողոքական շարժումներն առաջինը սկսւել են հենց Հայաստանում, վաղ միջնադարում՝ Պաւլիկեանների, հետագայում, Բագրատունիների թագաւորութեան ժամանակ՝ Թոնդրակեանների։ Սակայն, երկու շարժումներն էլ ճնշւեցին ամենադաժան՝ հայկական ինկւիզիցիայով՝ օգնութեան կանչելով օտար Բիւզանդիային։

Ժամանակին կարդացել եմ աւստրիացի մի պատմաբանի յօդւածը։ Ըստ այդ պատմաբանի, թոնդրակեանները հալածւելով Հայաստանում, գաղթել եւ բալկաններով տեղափոխւել են Եւրոպա, տարածելով իրենց ազատական գաղափարները։ Ըստ աւստրիացի պատմաբանի, Եւրոպայի Ռեֆորմացիայի, այսօրւայ եւրոպական քաղաքակրթութեան համար պարտական են հայ թոնդրակեաններին։ Հետագայում կորցնելով պետութիւնը, մենք կորցրել ենք նաեւ պետական աւանդոյթները՝ ձեռք բերելով միայն, յարմարւելու, գլուխ պահելու, կղերա-քեոխւայա-հպատակային աւանդոյթներ, աւելի ճիշտ՝ ադաթներ, նաեւ օտարամոլութիւն։

Յետագայում, յատկապէս 19-րդ դարում, կարծում եմ, հայ մտածողներ Միքայէլ Նալբանդեանը, Ռափայէլ Պատկանեանը, Րաֆֆին, Յովհաննէս Թումանեանը, Վահան Տէրեանը, իրենց գաղափարներով փորձեցին իրականացնել նոր հայկական Ռեֆորմացիա, սակայն ադաթներն այնքան խորն էին, որ այն յաջողութիւն չունեցաւ։

1991թ․ անկախութիւն ստանալով, մերժելով սոցիալիստական գաղափարախօսութիւնը եւ հռչակելով ժողովրդավարութիւն՝ իրականում մենք վերադարձանք մեր ադաթներին։ Հայոց պետականութիւնը պէտք է հիմք դներ հայոց նորագոյն Ռեֆորմացիային։ Ազատականութեան, անկախ դատական համակարգի համար պէտք է պայքարէին քաղաքական-հասարակական գործիչները, մտաւորականները, նորաթուխ բուրժուազիան։ Բայց բացի յարմարւողականութիւնից, քծնանքից, իշխանութեան ու պաշտօնի ձգտումից՝ ոչինչ չփոխւեց։ Հայաստանում հաստատւեց միջնադարեան կղերա- վասալա- քեոխվայա-հպատակային համակարգը, աղքատութիւնը, օտարամոլութիւնը։ Այդ են վկայում վեր խոյացած հարիւրաւոր եկեղեցիները, վասալ- ֆէոդալական դղեակները, օտար անունները, ցուցանակներն ու պիտակները։ Իսկ բուրժուազիա՞ն, փոխանակ իր շահերից ելնելով պայքարէր յանուն անկախ դատական համակարգի, մտաւ իշխանութիւնների թեւի տակ, իր վասալական հոգեբանութեամբ։ Այս տարիների ընթացքում, Հայաստանում չստեղծւեց ոչ միայն կայուն պետական, այլեւ քաղաքական համակարգ։ Նկատի ունեմ գաղափարական կուսակցութիւններ։ Եղած «կուսակցութիւնները» մէկ անձի հպատակների միաւորումներ են, որոնք մեծ-մեծ խօսում են ժողովրդավարութիւնից։

Անդամակցելով Եւրոպայի Խորհրդին, Հայաստանում կատարւեցին որոշակի բարեփոխումներ դատական համակարգում, դէ իւրէ, անկախ դարձաւ դատական համակարգը։ Սակայն ստի եւ կեղծիքի յեղափոխութեամբ եկածները ոչնչացնում են դրանք, աւելի ու աւելի խորացնում քեոխվայա-հպատակային յարաբերութիւնները։ Իսկ, ներեցէք՝ տարբեր մաստի «առաջադէմներ», ժողովրդավարութեան ջատագովները, պարզւեց նոյն հպատակ-օտարամոլներն են, ուրիշ ոչինչ։ Եւ առնւազն ծիծաղելի է այսօրւայ Հայաստանն անւանել ժողովրդավարական։Ի տարբերութիւն ուղղափառ, իսլամական եւ այլ մշակոյթի երկրների, Հայաստանում չի գործում նոյնիսկ հայկական մոդելի «ժողովրդավարութիւնը»։ Չունենալով պետական աւանդոյթներ, որպէս պետութիւն Հայաստանը առայժմ գոյատեւում է։ Բայց մինչեւ ե՞րբ։

Բազմիցս ասել եմ, որ չունենալով  իւրայատուկ պետական, փիլիսոփայական աւանդոյթներ, ինքս Հայաստանի պետական մոդելը տեսնում եմ առաջին հերթին իրաւական, ժողովրդավարական տիպի՝ յենւած ազգային հիմքի՝ լեզւի, մշակոյթի վրայ։ Այո՛, իրաւական, նկատի ունենալով գործադիրից անկախ դատա-իրաւական համակարգ, բայց եւ խիստ ազգային, չշփոթել ազգայնամոլութեան հետ, օրէնքներ, հիմնւած պետական-ազգային գաղափարախօսութեան վրայ։ Նման օրէնսդրութեան դէպքում Հայաստանի որեւէ քաղաքացու մտքով չպէտք է անցնէր Արցախը համարել Ադրբեջանի մաս, կամ որեւէ թափթփուկ չէր համարձակւի, օրինակ «Անադոլու» գործակալութեանը բարբաջել, որ կողմ է Զանգեզուրի միջանցքին։ Համոզւած եմ, որ այս մոդելը կը նպաստի Հայաստանի զարգացման, անվտանգութեան համակարգին։ Իսկ դաշնակիցներ ունենալ, անհրաժեշտ է ելնել ազգային շահերից, անկախ դաշնակցի ունեցած քաղաքական համակարգից։ Եւ կարծում եմ, որ սրան հասնելու համար, մեզ անհրաժեշտ է փոխել մեր աւանդական մտածողութիւնը, հրաժարւել հովանաւորներ փնտրելուց, օտարամոլութիւնից, այսինքն՝ իրականացնել հայկական Ռեֆորմացիա, ե՛ւ Հայ Առաքելական Եկեղեցու, ե՛ւ հասարակութեան մտածողութեան մէջ։ Հակառակ դէպքում, ինչպէս բազմիցս ասել եմ, մեզ սպասւում է մեր կրօնական եղբայրներ ասորիների, ուդիների, ղպտիների ճակատագիրը։

Յ․Գ․- Քանի որ ազգային-պետական գաղափարախօսութիւն արտայայտութիւնը հաւանաբար տարբեր մեկնաբանութիւնների առիթ կը տայ, յաջորդ յօդւածով կը փորձեմ ներկայացնել իմ պատկերացումները։ Ի դէպ, աշխարհի բոլոր երկրները, անկախ ժողովրդավարական, աւտորիտար, թէ բռնապետական լինելուց, ունեն նման գաղափարախօսութիւններ, որոնք ամրագրւած են այդ երկրների սահմանադրութեան, ազգային անվտանգութեան, պաշտպանութեան,կրթական հայեցակարգերի եւ այլ օրէնքների մէջ:

 

Aravot.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։