Հա

Քաղաքական

20/01/2022 - 12:30

«Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում». Արտակ Զաքարեան

 Այսօր, Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը սերտօրէն խաչւում են Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Մերձաւոր Արեւելքում եւ Հիւսիսային Աֆրիկայում: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարեանը:

«alikonline.ir» - Այսօր, Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը սերտօրէն խաչւում են Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Մերձաւոր Արեւելքում եւ Հիւսիսային Աֆրիկայում: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Վերջին տարիներին Անկարայի եւ Արեւմուտքի շահերը, գլոբալ շատ հարցերում, մեղմ ասած չեն համընկնում: 2015թ.-ին սրւած ռուս-թուրքական յարաբերութիւնների արագ կարգաւորումից յետոյ, ընդգծւած հակասութիւններ են ի յայտ եկել ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւններում: Սակայն Ղրիմի եւ Ուկրայինայի տարածքային ամբողջականութեան հարցում, Թուրքիայի պրոուկրաինական դիրքորոշումը` Թուրքիայի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքը մեղմող սակաւ հարցերից մէկը: Այս առումով, Անկարան փորձում է վարել բալանսաւորւած քաղաքականութիւն: Նա հրաժարւում է ճանաչել Ղրիմի անջատումը Ուկրայինայից, բայց նաեւ չի միանում Ռուսաստանի դէմ կիրռւած արեւմտեան սանկցիաներին` փորձելով միջնորդի դեր ստանձնել Կիեւի եւ Մոսկւայի միջեւ: Դրանում վերջերս ներգրաւել է նաեւ իր կրտսեր վասալին` Ադրբեջանին:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ բացառիկ պետութիւններից է, ում այսօր բոլորովին ձեռնտու չէ ՌԴ-ԱՄՆ կոնֆլիկտի խորացումն ու բախման վտանգը: Թուրքիային այսօր պետք չեն պրոբլեմներ Ռուսաստանի հետ եւ նոր անխուսափելի խնդիրներ ԱՄՆ-ի հետ: Բացի այդ, ՌԴ-ԱՄՆ հակամարտութիւնը ազդելու է նաեւ Սեւծովեան տարածաշրջանի վրայ, որտեղ Թուրքիան երկար ժամանակ կարողացել է պահել հաւասարակշռութիւնը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Թուրքիան այս հարցում խիստ զգայուն է, քանի որ հակամարտութեան սրման պարագայում Ռուսաստանը փորձելու է մեծացնել իր ազդեցութիւնը Սեւծովեան աւազանում, այդ թւում նաեւ Թուրքիայի շահերի հաշւին: Իսկ եթէ ճգնաժամը վերածւի ռազմական հակամարտութեան, ապա Թուրքիան կանգնելու է դժւար ընտրութեան առջեւ:

Մի կողմից Թուրքիայի ներգրաւումը ՆԱՏՕ-ի եւ Ուկրայինայի թեւում` վտանգի տակ կը դնի կարգաւորւած յարաբերութիւնները Ռուսաստանի հետ: Միւս կողմից, չէզոքութեան պահպանումը հսկայական վնաս կը հասցնի ինչպէս Ուկրայինայի հետ ծաւալւած քաղաքական եւ ռազմա-տնտեսական գործընկերութեանը, այնպէս էլ ՆԱՏՕ-ում ունեցած իր դիրքերին: Յատկապէս, որ 2014թ. Ռուսաստանն արդէն իսկ խլել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հեգեմոն դերակատարութիւնը Սեւ ծովում:

Բացի այդ, Սիրիայի հիւսիսում թուրքական ներկայութեան վրայ ռազմական ճնշմանը զուգահեռ, ՌԴ-ն կարող է թուլացնել Թուրքիայի ազդեցութիւնը Կենտրոնական Ասիայում: Նա կարող փակել նաեւ Հայաստանով անցնելիք թուրք-ադրբեջակական դեռեւս չբացւած հաղորդակցութիւնները (տրանսպորտային «միջանցքը»):

Ղազախական ճգնաժամում Ռուսաստանի վերջին կայծակնային միջամտութիւնը ցոյց տւեց, որ Մոսկւան կարող է նաեւ չէզոքացնել Թուրքիայի ազդեցութիւնը նախկին ԽՍՀՄ թուրքալեզու երկրներում, եթէ անհրաժեշտ լինի:

Միւս կողմից, ՌԴ-ին ձեռնտու է Թուրքիայի չէզոքութիւնը եւ եթէ հակամարտութիւնը սրւի, եւ ռուսական գազը եւրոպա արտահանելու համար նոր խոչընդոտներ ի յայտ գան («Հիւսիսային հոսք 2»), ապա չի բացառւում, որ Ռուսաստանի նկատմամբ իրենց չէզոքութեան դիմաց, թուրքերը ստանան ռուսական գազն իրենց տարածքով դէպի եւրոպա արտահանելու հնարաւորութիւն: Դա անշուշտ կը մեծացնի Թուրքիայի էներգետիկ դերակատարումը, բայց աւելի կը խորացնի ՆԱՏՕ-ի հետ հակասութիւնները:

Ներկայումս, Թուրքիայի մտահոգութիւնը կայանում է նրանում, որ իր հիւսիսային սահմաններին աճող ռազմական բախման վտանգը կարող է կանգնեցնել անխուսափելի երկընտրանքի առջեւ, որոնցից երկուսն էլ վատն են: Իսկ չէզոքութեան պարագայում` Թուրքիան կը վերածւի մեկուսացւած պետութեան, դրանով իսկ  զրոյացնելով տարածաշրջանային գերտէրութիւն դառնալու իր վաղեմի երազանքները:

Աշխարհաքաղաքական այս խոշոր խաղերի եւ ահագնացող վտանգների մէջ, հայութեան երաշխաւորւած անվտանգութեան մասին մտածելն այսօր թիւ մէկ գերխնդիրն է: Դրա փոխարէն, Արցախն ու հայկական շահերն ամբողջութեամբ զոհաբերած կապիտուլացւած Նիկոլի խունտան, թուրքերին «միջանցք» տալու եւ Հայոց Ցեղասպանութիւնը մոռացութեան մատնելու թեմաներ է քննարկում»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։