Հա

Քաղաքական

22/01/2022 - 13:13

«Կարմիր խաչը ամենագնաց մեքենայով չի կարողացել յունւարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրաւան». ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան էջում գրել է․ «Ինչ-որ մէկը մտածում է, թէ Ադրբեջանն այս ճանապարհները փակել է առանց իմանալու՝ մարդիկ ի՞նչ զրկանքների են ենթարկւելու ու մարդկանց կեանքը ինչ աստիճա՞ն է դժւարանալու:

«alikonline.ir»- ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան էջում գրել է․ «Ինչ-որ մէկը մտածում է, թէ Ադրբեջանն այս ճանապարհները փակել է առանց իմանալու՝ մարդիկ ի՞նչ զրկանքների են ենթարկւելու ու մարդկանց կեանքը ինչ աստիճա՞ն է դժւարանալու:

Ադրբեջանական զինւած ծառայողները բացայայտ յանցաւոր արարքներով 2021թ. նոյեմեբերից փակել են Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատէն ճանապարհները. ամէն օր, ամէն րոպէ խախտւած են Գորիսի եւ Կապանի բնակիչների՝ մեր մարդկանց իրաւունքները:

Գորիսի-Բարձրաւան, Շուռնուխ եւ Որոտան գիւղերում, Կապանի Ճակատէն, Շիկահող, Սրաշէն, Ներքին Հանդ, Ծաւ, Շիշկերտ գիւղերում մարդիկ կանգնել են յատկապէս եղանակային պայմանների պատճառով մեկուսացման եւ հումանիտար խնդիրների առաջ:

Օրինակ` Գորիս համայնքում ուսուցիչները, այսպէս կոչւած, այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով: Բա սա կրթութեան ու աշխատանքային, ազատ տեղաշարժման իրաւունքների խախտում չէ՞:

Դւարանցանելի է ու յատկապէս վատ վիճակում է, օրինակ, Տաթեւ-Կապան ճանապարհի հատւածը, որ տանում է դէպի Բարձրաւան: Բա սա մարդու ազատ տեղաշարժման ու դրա հետ կապւած միւս իրաւունքների խախտում չէ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտէն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել յունւարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրաւան գիւղ: Այս ամէնն այսօր ճշտել ենք:

ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի սահմանապահ զօրքերի ծառայողներն են անձնւիրաբար աշխատանքով սնունդ հասցնում գիւղեր ու այն էլ շատ դժւար:

Բա ինչպէ՞ս է ապահովւելու շտապ բժշկական օգնութեան հասանելիութիւնը, հոսպիտալացումները եւ այլն: Բա սա առողջութեան պահպանման ու կեանքի իրաւունքի հարց չէ՞:

Այստեղ արժանապատւութեան հարցեր չկա՞ն:

Սրան գումարած՝ թէ՛ Գորիսի, թէ՛ Կապանի դէպքում նշւած գիւղեր տանող, այսպէս կոչւած, այլընտրանքային ճանապարհները դիտարկւում են ադրբեջանական զինւած ծառայողների կողմից: Դիտարկւող է դարձել նաեւ Կապանի Գեղանուշ գիւղը, որով այդ ճանապարհը տանում է դէպի Ճակատէն ու միւս գիւղերը: Այդ երկրի զինւորականների ուղիղ թիրախի ներքոյ են:

Այսինքն՝ ապահովւած չէ նաեւ անվտանգութիւնը:

Ու ինչու՞ պէտք է ադրբեջանական զինւած ծառայողների, իշխանութիւնների որեւէ հիմք չունեցող, պարզապէս յանցաւոր արարքների պատճառով մեր բնակիչները նման զրկանքներ կրեն:

Բա սա չի նշանակու՞մ, որ դա արւած է մեր խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու դիտաւորութեամբ, որ ատելութեան քաղաքականութիւնը շարունակւում է ու չի աւարտւել: Այս պայմաններում, Ադրբեջանի խաղաղասիրութիւնը կարող է ազնիւ կամ իրական լինե՞լ:

Այս բոլոր հարցերը պէտք է լինեն մեր երկրի պետական քաղաքականութեան հիմքում:

Բա ո՞նց կարելի էր ասել, թէ ճանապարհներին նրանց յայտնւելը «ադրբեջանական տարածք է ու մենք ոչինչ չենք կարող անել», ո՞նց կարելի էր զբաղւել այլընտրանքային ճանապարհների գովքով ու «արդարացնել» ադրբեջանական խախտումները եւ դեռ մի հատ էլ քաղաքականացնել նրանց, ովքեր բարձրացնում են մարդու իրաւունքների հարցերը:

Բա մարդկանց պատճառւող այսքան զրկանքները քաղաքական հարցե՞ր են: Բա անվտանգութիւնն ու մարդու իրաւունքները կարելի՞ է մարդուց կտրել:

Հակառակը՝ պետութեան ուղիղ պոզիտիւ պարտաւորութիւնն է պաշտպանել այդ իրաւունքները, ամէն ինչ անել, որ մարդուց անվտանգութիւնը չկտրւի ու չքաղաքականացւեն մարդու իրաւունքների հարցերը: Հակառակ դէպքում ուղղակի անվտանգութիւնից էլ ամբողջութեամբ կը զրկւենք:

Պէտք է նրանց հեռացնելու ուղղութեամբ աշխատել, որ մեր բնակիչների միջազգայնօրէն երաշխաւորւած իրաւունքները վերականգնւեն:

Այնպէս որ ելքը մէկն է՝ ադրբեջանական զինւած ծառայողները պէտք է հեռացւեն մեր գիւղերի մօտից ու ճանապարհներից եւ վերջ:

Մեր քաղաքացիները, մեր ողջ երկրի խաղաղ բնակչութիւնը չպէտք է զրկանքներ կրի տարիների խորքից եկող հայատեացութեան քաղաքականութիւն տանող ադրբեջանական իշխանութիւնների պատճառով:

Մենք ունենք մեր իրաւունքները պաշտպանելու, արժանապատիւ ապրելու օրինական իրաւունքներ:

Միջազգային կանոնները դա անել թյլ են տալիս. ԵԱՀԿ, ՄԱԿ-ի ու միւս կառոյցների կանոններ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։