Հա

Քաղաքական

23/01/2022 - 21:00

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հրաժարական ներկայացրեց

Որոշել եմ մօտ չորս տարի ակտիւ աշխատելուց յետոյ հրաժարական տալ Հանրապետութեան նախագահի պաշտօնից՝ այս բովանդակութեամբ յայտարարութիւն է տարածել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը։

«alikonline.ir» - Որոշել եմ մօտ չորս տարի ակտիւ աշխատելուց յետոյ հրաժարական տալ Հանրապետութեան նախագահի պաշտօնից՝ այս բովանդակութեամբ յայտարարութիւն է տարածել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը։

Յայտարարութեան մէջ ասւում է․ 

«1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխութիւնների հետեւանքով մեր ժողովրդին մեծագոյն հնարաւորութիւն ընձեռւեց ստեղծել իր անկախ պետութիւնը: Մեր առաքելութիւնը ոչ թէ մի դրօշը մէկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգութիւնը, առաջընթացը եւ բարգաւաճումը:

Ընդգծում եմ՝ անկախ պետութեան գոյութեան հիմնական իմաստը պատասխանատւութիւն ստանձնելու ու կրելու կարողութիւնն է, երբ ինքներս ենք գիտակցում, որ միայն մենք ենք, որպէս մէկ միասնական մարմին, սեփական յաղթանակներ կերտողը եւ սեփական պարտութիւնների մեղաւորը:

Նման պատմական հնարաւորութեամբ ոգեւորւած՝ ես, ինչպէս եւ իմ շատ հայրենակիցներ, նւիրւեցի այդ առաքելութեանը: Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցութեան ակտիւութիւնը փոխւում էր, բայց ես չէի դադարում հաւատալ մեր վերջնական համազգային յաջողութեանը: Եւ հէնց դա էր Հայաստանի նախագահի պաշտօնը զբաղեցնելու առաջարկութեանը համաձայնելու իմ գլխաւոր շարժառիթը:

Ընդունելով այդ կարեւոր որոշումը՝ ես ելնում էի ինձ արւած առաջարկութիւնից, ըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ եւ հնարաւորութիւններ՝ ազդելու արտաքին քաղաքական եւ տնտեսական, ներդրումային քաղաքականութեան վրայ, Սփիւռքի հետ յարաբերութիւնների վրայ, ինչպէս նաեւ միջազգային ասպարէզում համազգային շահերն առաջ մղելու եւ նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձեւաւորելու համար:

Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018թ. ապրիլ-մայիսեան իրադարձութիւնները...

Կարող է հարց ծագել՝ ինչո՞ւ ես հրաժարական չտւեցի այդ պահին: Պատասխանն ակնյայտ է՝ այն պատասխանատւութեան պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրայ՝ ստանձնելով Հանրապետութեան նախագահի պաշտօնը: Ես պարտաւոր էի անել ինձնից կախւած ամէն ինչ՝ բացառելու ներքին պառակտման յետագայ խորացումը, հնարաւոր բախումները, որոնք կարող էին յանգեցնել չափազանց բացասական հետեւանքների: Ես նաեւ ձգտում էի իմ երկարամեայ աշխատանքի շնորհիւ ձեռք բերած հեղինակութիւնը, կապերը եւ իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ եւ կայուն պետականութեան կառուցմանը:

Կրկին կարող է հարց առաջանալ, թէ ինչո՞ւ Նախագահը չկարողացաւ ազդել այն քաղաքական իրադարձութիւնների վրայ, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնյայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտօնեայի օժտում է բացառապէս մէկ փաստաթուղթ՝ Սահմանադրութիւնը: Հէնց գործող հիմնական օրէնքի մէջ են թաքնւած մեր որոշ կարեւոր խնդիրների արմատները:

Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպւած է պետականութեան երաշխաւոր լինել՝ փաստացի չունենալով որեւէ իրական գործիք: Սահմանադրութիւնը նաեւ ենթադրում է մէկ ինստիտուտի գերակայութիւն միւսի նկատմամբ, Սփիւռքի յայտնի մասնագէտների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, եւ այլն:

Մենք խորհրդարանական հանրապետութիւն ենք ձեւով, բայց ոչ բովանդակութեամբ: Իմ առաջարկութեան իմաստը եւ նպատակը եղել է ոչ թէ կառավարման մի ձեւից միւսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների եւ հակակշիռների վրայ հիմնւած պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժւար է խօսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի եւ յաջողութեան հնարաւոր է հասնել միայն կանխատեսելի եւ ներդաշնակ համակարգի պայմաններում:

Ուրախ եմ, որ ստեղծւել է սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողով, ինչի համար շնորհակալութիւն եմ յայտնում կառավարութեանը: Ես յոյս ունեմ, որ, ի վերջոյ, սահմանադրական փոփոխութիւնները տեղի կունենան, եւ յաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կը կարողանան աշխատել աւելի հաւասարակշռւած եւ համակարգւած միջավայրում:

Մենք ապրում ենք իւրատեսակ իրականութեան մէջ, իրականութիւն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին եւ խաղաղութեանը վերաբերող հարցերի վրայ:

Իրականութիւն, երբ նա չի կարող վետօ կիրառել այն օրէնքների վրայ, որոնք համարում է պետութեան եւ ժողովրդի համար ոչ նպատակայարմար:

Իրականութիւն, երբ Նախագահի հնարաւորութիւններն ընկալւում են ոչ թէ որպէս առաւելութիւն պետութեան համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկւում են որպէս իրենց սպառնացող վտանգ:

Իրականութիւն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների լուծման:

Իրականութիւն, որտեղ աշխարհը գտնւում է մշտական տուրբուլենտութեան գօտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին:

Իրականութիւն, որտեղ պետութեան գլուխը եւ երբեմն նաեւ նրա ընտանիքը թիրախաւորւում են տարբեր քաղաքական խմբաւորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրւած չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցեալով, դաւադրութեան զանազան տեսութիւններով ու միֆերով: Իմ անձի հանդէպ այդ «մտահոգւածութիւնը» դուրս է գալիս նաեւ բարոյականութեան սահմաններից՝ վերջնական արդիւնքում ուղղակիօրէն բացասաբար ազդելով առողջութեան վրայ:

Ես շատ երկար եմ մտածել եւ որոշել եմ մօտ չորս տարի ակտիւ աշխատելուց յետոյ հրաժարական տալ Հանրապետութեան նախագահի պաշտօնից:

Այդ որոշումը բացարձակապէս էմոցիոնալ չէ եւ բխում է որոշակի տրամաբանութիւնից:

Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի եւ ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին եւ արտաքին քաղաքականութեան արմատական գործընթացների վրայ:

Մեր պետութեան համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնութիւն, նախագահական ինստիտուտը չպէտք է դառնայ բամբասանքների ու դաւադրութեան տեսութիւնների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակութեան ուշադրութիւնը կարեւորագոյն խնդիրներից:

Այսօր, ինչպէս երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածւածկշռադատւած եւ բովանդակալից գործողութիւններ: Այլապէս մենք՝ ողջ աշխարհի հայութիւնը, չենք հասնի մեր առաքելութեան նպատակին եւ կը յայտնւենք պատմութեան լուսանցքում:

Մենք այլեւս սխալւելու իրաւունք չունենք:

Վերջում ցանկանում եմ առանձնակի երախտագիտութիւն յայտնել մեր քաղաքացիներին եւ Սփիւռքի մեր հայրենակիցներին՝ երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամութիւն, տոկունութիւն, համբերատարութիւն եւ արիութիւն ցուցաբերելու համար:

Առանձնայատուկ շնորհակալութիւն մեր քաջարի բանակի զինւորներին եւ սպաներին, խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կեանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին:

Շնորհակալ եմ նաեւ Հանրապետութեան նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին եւ պետական կառոյցների իմ գործընկերներին՝ համատեղ արդիւնաւէտ աշխատանքի համար»:

 

Յարակից լուրեր

  • Արցախը վիրաւոր վիճակում է, բայց ոգին ընկճւած չէ
    Արցախը վիրաւոր վիճակում է, բայց ոգին ընկճւած չէ

    ԱՀ նախագահի՝ կրթութեան գծով խորհրդական, ԱրՊՀ աւագ դասախօս Արմէն Սարգսեանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախում կրթական հիմնախնդիրների, դրանց լուծման ուղիների, մշակոյթի բնագաւառի զարգացման, բռնազաւթւած տարածքների մշակութային ժառանգութեան պաշտպանութեան եւ այլ հարցերի շուրջ:

  • «Գանձակից են տանկային շարասիւն բերել դէպի սահման». Արմէն Սարգսեանը՝ Արցախում իրավիճակի մասին
    «Գանձակից են տանկային շարասիւն բերել դէպի սահման». Արմէն Սարգսեանը՝ Արցախում իրավիճակի մասին

    Տարբեր տեղերում ադրբեջանցիները տանկեր են մօտեցրել Արցախի սահմանին. Գանձակից են տանկային շարասիւնը դէպի սահմանը բերել, բայց կէսից, ինֆորմացիայի համարձայն, յետ են քաշել՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական, ՀՅԴ անդամ Արմէն Սարգսեանը։

  • Արմէն Սարգսեանն այսօրւանից ՀՀ նախագահը չէ․ Ալէն Սիմոնեանը ստանձնել է նախագահի լիազօրութիւնները
    Արմէն Սարգսեանն այսօրւանից ՀՀ նախագահը չէ․ Ալէն Սիմոնեանը ստանձնել է նախագահի լիազօրութիւնները

    ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի՝ նախագահի լիազօրութիւնները դադարած համարելու մասին արձանագրութիւնը։

  • Դէպի աւելի կեդրոնացեալ կառավարում
    Դէպի աւելի կեդրոնացեալ կառավարում

    Հայաստանի Հանրապետութեան նախագահ պրն. Արմէն Սարգսեան հրաժարականի դիմում ներկայացուց 23 յունուարին: Հրաժարականը վերջնական կը դառնայ, եթէ դիմումին յաջորդող ԵՕԹԸ օրերուն ընթացքին նախագահը իր հրաժարականը ետ չվերցնէ: Սպասելի է ուրեմն, որ Ազգային ժողովի նախագահը յայտարարութեամբ հաստատէ հրաժարականը, որմէ ետք ան ժամանակաւորապէս կը ստանձնէ հանրապետութեան նախագահի լիազօրութիւնները, մինչեւ նորընտիր նախագահի պաշտօնի ստանձնումը: Նոր նախագահ պիտի ընտրուի հրաժարականի ընդունումէն նուազագոյն 25 եւ առաւելագոյն 35 օրերու ժամանակամիջոցին: 

  • «Արմէն Սարգսեանի աշխատակազմն էլ է տարակուսած». «Հրապարակ»
    «Արմէն Սարգսեանի աշխատակազմն էլ է տարակուսած». «Հրապարակ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Նախագահ Արմէն Սարգսեանի հրաժարականը շարունակում են քննարկել տարբեր շրջանակներում, եւ մարդիկ արձանագրում են, որ հրաժարականի յայտարարութիւնից յետոյ էլ նա չի պասիւացել։ Երկու կամ երեք յայտարարութիւն է տարածել իր աշխատակազմը, իսկ երէկ ՀՀ նախագահը հանդէս եկաւ Բանակի օրւան նւիրւած ուղերձով։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։