ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի առցանց մամուլի ասուլիսին:
«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի առցանց մամուլի ասուլիսին:
«Նիկոլ Փաշինեանն արդէն երկրորդ ինքնաասուլիսն է տալիս՝ ագրեսիւօրէն քարոզելով թուրք-ադրբեջանական նախապայմանների բաւարարման օգտին։
Ըստ նրա՝
1. Ղարաբաղը Ադրբեջան է, եւ վե՛րջ,
2. Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցում լոկոմոտիւը պէտք է լինի հայկական սփիւռքը, ինչը «թարքմանաբար» նշանակում է ճանաչման հարցը ՀՀ պետական քաղաքականութեան օրակարգից հանել կամ այն դարձնել ձեւական։
Այսքանից յետոյ յայտարարել, թէ, իբր, հայ-թուրքական (իրականում՝ հայ-թուրք-ադրբեջանական) ներկայ շփումներն առանց նախապայմանների են, պարզապէս լկտի սուտ է։ Նման՝ «Ալիեւը կիրթ է ու կառուցողական, նա էլ է ուզում խնդրի խաղաղ կարգաւորում, մենք էլ» ստին։
Էրդողանը, Ալիեւն ու Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին նետում են նախադասութիւն («հայ-թուրքական երկխօսութիւնն առանց նախապայմանների է»), իսկ փոխարէնը Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինեանից ստանում են իրենց նախապայմանների բաւարարում։ Այժմ այդ բաւարարման ագրեսիւ քարոզչական փուլն է։
Փաշինեանն այնպիսի էնտուզիազմով է պաշտպանում Ղարաբաղի ներառմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ապահովման թէզը եւ այնպէս է նսեմացնում Մադրիդեան սկզբունքների համաձայն Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացման հայանպաստ հեռանկարը, որ Ալիեւն ու Էրդողանը կարող են հանգիստ այլ գործերով զբաղւել։
Նիկոլի էժանագին «կռուտիտն» այն է, թէ, իբր, ինքը մեղաւոր չէ, քանզի «էն գլխից» է ամէն ինչ յանձնած եղել։
Համաշխարհային պատմութեան մէջ գոնէ ինձ յայտնի չէ դէպք, երբ թշնամական յարաբերութիւններ ունեցող երկրներից մէկի ղեկավարը փաստաբանութիւն անի թշնամի երկրի օգտին»,- գրել է պատգամաւորը: