Հա

Քաղաքական

25/01/2022 - 10:45

«Ամենակարեւորը իշխանութիւնը պահելն է. կապ չունի՝ ՀՀ ինքնիշխանութեան, տարածքների, թէ բնակչութեան հաշւին». «Փաստ»

Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը «Փաստի» հետ զրոյցում անդրադարձել է հրաժարականի հնարաւոր պատճառներին, նաեւ Նիկոլ Փաշինեանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին: Խօսելով առաջին հնարաւոր պատճառի մասին՝ նա նշեց. «Արմէն Սարգսեանը մօտ մէկ տարի է՝ բաւականին ակտիւ հանդիպումներ է ունենում հանրութեան ներկայացուցիչների հետ: Տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել նաեւ մարզերում, քաղաքներում, նաեւ Գիւմրիում, որին ինքս ներկայ եմ եղել»: 

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրէին ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հրաժարական տւեց՝ հանդէս գալով նաեւ յայտարարութեամբ: Ի թիւս այլ կէտերի, նա նշեց, որ մեր երկրում կայ պարադոքսալ իրավիճակ՝ նախագահը ստիպւած է պետականութեան երաշխաւոր լինել՝ փաստացի չունենալով որեւէ իրական գործիք: Նաեւ ընդգծել էր, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի եւ ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին եւ արտաքին քաղաքականութեան արմատական գործընթացների վրայ:

Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը «Փաստի» հետ զրոյցում անդրադարձել է հրաժարականի հնարաւոր պատճառներին, նաեւ Նիկոլ Փաշինեանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին: Խօսելով առաջին հնարաւոր պատճառի մասին՝ նա նշեց. «Արմէն Սարգսեանը մօտ մէկ տարի է՝ բաւականին ակտիւ հանդիպումներ է ունենում հանրութեան ներկայացուցիչների հետ: Տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել նաեւ մարզերում, քաղաքներում, նաեւ Գիւմրիում, որին ինքս ներկայ եմ եղել: Ինչո՞ւ սա ասացի, որովհետեւ, որքան հասկանում եմ, Արմէն Սարգսեանը փորձ է անում ակտիւանալ քաղաքական դաշտում: Հէնց ինքն այդ հանդիպումների ժամանակ շատ պարզ ասում էր, որ Հայաստանի Սահմանադրութեան փոփոխման պարագայում պատրաստ է ակտիւ գործունէութիւն ծաւալել, սեփական թիմը ձեւաւորել եւ զբաղւել ակտիւ քաղաքականութեամբ, քանի որ իր ստանձնած պաշտօնը շատ հնչեղ է, բայց իրականում քաղաքական դաշտում ակտիւութիւն դրսեւորելու համար շատ նեղ լիազօրութիւններ է տալիս իրեն: ՀՀ վարչապետի պաշտօնը զբաղեցնող կապիտուլեանտ Նիկոլը յայտարարեց սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին, Ա. Սարգսեանը կատարեց իր քայլը: Սա, իհարկէ, տարբերակներից մէկն է, բայց չի բացառւում: Արմէն Սարգսեանը քայլ է անում՝ դուրս է գալիս նախահագի պաշտօնից, եւ նրա նպատակը միայն ակտիւ քաղաքականութեամբ զբաղւելն ու սեփական թիմը ձեւաւորելը չէ»:

Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը շեշտեց, որ միւս նպատակն ինքնամաքրւելն է այն ամենից, որում յայտնւել է երեքուկէս տարւայ ընթացքում. «Ընդ որում, նա պասիւ, բայց, մեծ հաշւով, Հայաստանի գործող իշխանութիւններին պաշտպանելով է այդ կէտին հասել: Ինքը փորձում է իրենից հեռու պահել նաեւ այն անտրամաբանական արտաքին քաղաքականութիւնը, որը իշխանութեան գալուց ի վեր վարում է Նիկոլ Փաշինեանը: Արմէն Սարգսեանը փորձ արեց այս քայլով ինքնամաքրւել եւ զբաղւել ակտիւ քաղաքականութեամբ, եւ ապագայում կը մասնակցի նախագահական ընտրութիւններին: Հրաժարականի միւս հնարաւոր պատճառը հետեւեալն է. հաւանական է՝ Արմէն Սարգսեանը տեղեակ է, թէ ինչեր են նախապատրաստւում անել Հայաստանի գործող իշխանութիւնները՝ «Նիկոլ Անհողի» գլխաւորութեամբ: Եւ որպէսզի ինքն ընդհանրապէս չասոցացւի այս իշխանութիւնների հետ ու նրան չմեղադրեն այս իշխանութիւններին անգամ պասիւ պաշտպանելու մէջ, ինքը շատ արագ դուրս եկաւ պաշտօնից: Միգուցէ հրաժարական տւեց, որ այս իշխանութիւնների կայացրած ապագայ բոլոր որոշումները, որոնք հիմնականում ժողովրդի թիկունքում են, յանկարծ չկապւեն նաեւ իր անւան հետ: Կարծում եմ՝ տեղեակ լինելով, թէ ՀՀ գործող իշխանութիւնը Փաշինեանի գլխաւորութեամբ ինչեր է նախապատրաստւում անել թէ՛ հայ ժողովրդի, թէ՛ ՀՀ-ի գլխին, շատ արագ դուրս եկաւ պաշտօնից»:

Ինչ վերաբերում է Արմէն Սարգսեանի այն յայտարարութեանը, թէ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի եւ ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին եւ արտաքին քաղաքականութեան արմատական գործընթացների վրայ, Գ. Համբարեանը նկատեց. «Խնդիրն այն է, որ նախագահի պաշտօնը զբաղեցնելուց առաջ Ա. Սարգսեանը շատ լաւ իմացել է, թէ իր լիազօրութիւնները որքան են: Ու շատ զարմանալի է, որ երեքուկէս տարի այս վարչախմբի օրօք նախագահի պաշտօնը ստանձնելով՝ ՀՀ արդէն նախկին նախագահը նոր է հասկացել, որ ինքն այդքան լիազօրութիւններ չունի: Անցած տարի Գիւմրիում տեղի ունեցած վերոնշեալ հանդիպմանը մարդիկ հարցնում էին, թէ ինչու այս կամ այն խնդրի ուղղութեամբ այս կամ այն քայլը չի անում: Ասում էր՝ լիազօրութիւններ չունի: Այս տեսանկիւնից շատ տրամաբանական կը լինէր, որ Արմէն Սարգսեանը հրաժարական տար հէնց կապիտուլեացիոն ակտի ստորագրումից յետոյ՝ այսպիսով արտայայտելով իր դժգոհութիւնն ու անհամաձայնութիւնը «Նիկոլ Անհողի» քաղաքականութեան առումով: Մէկ տարի անց ինքը նոր է այդ պատճառաբանութիւնները բերում այն դէպքում, երբ մէկ տարի առաջ շատ նորմալ ու մատչելի բացատրեց իր սահմանափակ լիազօրութիւնների մասին, թէպէտ յետոյ մօտ մէկ տարի շարունակում էր զբաղեցնել նախագահի պաշտօնը»:

Քաղաքագէտը, ամէն դէպքում, չի կարծում, որ Արմէն Սարգսեանի քայլն ուշացած է կամ ուշ է ինքնամաքրւելու համար. «Հաշւի առնելով մեր հասարակութեան ամնեզիան՝ կարծում եմ՝ շատ նորմալ ժամանակ է, ուշ էլ չէ: Մեր հասարակութիւնը շատ կարճ յիշողութիւն ունի, որի հետեւանքն էլ այն է, որ 100 տարին մէկ նոյն կոտրւած տաշտակի առաջ ենք յայտնւում: Այնպէս որ, Արմէն Սարգսեանը այդքան էլ չի ուշացել, եւ հասարակութիւնը մի քանի օր յետոյ ոչինչ չի յիշելու»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի նախաձեռնած սահմանադրական փոփոխութիւնների գործընթացին, որի մեկնարկն արդէն տրւած է, Գ. Համբարեանը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Այդ անձի համար կարեւորն իր սեփական իշխանութիւնն ամէն գնով պահելն է ու աւելի քիչ մարդկանց դրա համար շնորհակալ լինելը: Մենք բոլորս շատ լաւ գիտենք, որ այս իշխանութեանն առաջ տանողը Նիկոլ Փաշինեանն է, բայց, ամէն դէպքում, նոյն Փաշինեանը, որը շատ ու շատ ապիկարների բերել, լցրել է կառավարութիւն եւ Ազգային ժողով, ստիպւած է վերահսկել նրանց: Ես բազմիցս եմ նշել, որ Սերժ Սարգսեանը, սահմանադրական փոփոխութիւններ նախաձեռնելով, կոպիտ քայլ կատարեց, ինչի արդիւնքում մենք անցանք խորհրդարանական կառավարման համակարգի: Մինչդեռ, այս համակարգին կարող էինք անցնել այն դէպքում, երբ ունենայինք քաղաքականապէս բաւականին գրագէտ հասարակութիւն, որն ընտրութիւններին կընտրէր ոչ թէ մարդ կուսակցութիւններին, այլ կուսակցութիւնների ծրագրերը՝ մի կողմ դնելով մարդուն:

Դէմ եմ եղել պառլամենտական հանրապետութեանը՝ հաշւի առնելով նաեւ արտաքին մարտահրաւէրները: Ու ՀՀ կառավարման այս համակարգը ցոյց տւեց, որ բացարձակ պատրաստ չէ այն մարտահրաւէրներին, որոնք կան մեր տարածաշրջանում, ու որոնց հետ առնչւեցինք 2020-ի աշնանը: Մինչեւ հիմա չգիտենք մեղաւորին՝ մէկը միւսի վրայ է գցում, իսկ նախագահական երկրի պարագայում բոլորը գիտեն պատասխանատուին: Բայց, ընդհանուր առմամբ, իրականում Նիկոլ Փաշինեանը սահմանադրական բարեփոխումներ չի նախաձեռնում վերոնշեալ խնդիրները լուծելու համար: Նա չի նախաձեռնում սահմանադրական փոփոխութիւններ նրա համար, որ ՀՀ-ն ի սկզբանէ պատրաստ չէր այս կառավարման համակարգին: Իրականում նա իր համար իշխանութեանը վերահսկելու աւելի դիւրին մեխանիզմներ է ուզում գտնել, եւ սահմանադրական բարեփոխումները հէնց այդ նպատակով են: Նա այդպիսով ցանկանում է կառավարման համակարգն իր կողմից աւելի կառավարելի դարձնել»,- ընդգծեց քաղաքագէտը:

Իսկ թէ ինչո՞ւ հէնց այս փուլում, նա շեշտեց. «Հիմա է պէտք: Ինչո՞ւ, որովհետեւ նախ հասարակութեան ուշադրութիւնը կը շեղի երկրի առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից: Խօսքը նախ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, այսպէս կոչւած, յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի մասին է, որը սեպարատ, գաղտնի շարունակում է ժողովրդի թիկունքում: Միւս նպատակն այն է, որ աւելի վերահսկելի է ուզում դարձնել ամբողջ իշխանական բուրգը: Նա արհամարհած ունի ՀՀ-ի առջեւ ծառացած բոլոր գլոբալ եւ լոկալ խնդիրները, իր համար ամենակարեւորը իշխանութիւնը պահելն է, ու կապ չունի՝ այն կը պահի ՀՀ ինքնիշխանութեան, բնակչութեան, ՀՀ տարածքների, թէ ՀՀ քաղաքացիների ինքնասիրութեան հաշւին»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։