ՄԻՊ Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան էջում գրել է. «Բարձրաստիճան պաշտօնեաներն իրաւունք չունեն ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրութիւնը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անւանել միակողմանի կամ քաղաքական:
«alikonline.ir» - ՄԻՊ Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան էջում գրել է. «Բարձրաստիճան պաշտօնեաներն իրաւունք չունեն ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրութիւնը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անւանել միակողմանի կամ քաղաքական:
Մեր երկրում պէտք է դադարի այս խիստ արատաւոր երեւոյթը:
Շաբաթ օրը՝ 2022թ. յունւարի 22-ին հրապարակեցի արտահերթ զեկոյց, որը վերնագրւած է «Հոգեբուժական կազմակերպութիւններում հոգեկան առողջութեան խնդիրներ ունեցող անձանց իրաւունքների ապահովման վերաբերեալ»: Այս զեկոյցին հրապարակային արձագանգել է ՀՀ առողջապահութեան նախկին նախարարը, որը ներկայում ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցութեան պատգամաւոր է: Ընդ որում, այս ոլորտում եւս մարդու իրաւունքներին քաղաքական երանգ հաղորդելու համար այդ յայտարարութիւնը տարածել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը։
Բարձրաստիճան նշւած պաշտօնեան հեգնական գնահատական տալով ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի օրէնքի հիման վրայ հրապարակւող արտահերթ զեկոյցին` այն անւանել է կողմնակալ:
Այդ պաշտօնեայի հրապարակումից յստակ երեւում է, որ նա ոչ միայն ծանօթ չէ շուրջ 150 էջից կազմւած զեկոյցի բովանդակութեանը, այլ զեկոյցի վերնագիրն անգամ չի ընթերցել: Ակնյայտ է, որ նա ծանօթ չէ նաեւ Մարդու իրաւունքների պաշտպանի 2020թ. եւ միւս տարեկան զեկոյցներին` խնդիրների զարգացման կամ նւազման դինամիկայով:
Նախ, գոնէ նւազագոյն մակարդակով ծանօթ լինելու դէպքում նա կը տեսնէր, որ զեկոյցի վերնագրում ու ողջ տեքստում օգտագործւած են ձեւակերպումներ, որոնք բխում են օրէնքներից, այդ թւում` «հոգեբուժական կազմակերպութիւն» հասկացութիւնը. այն նախատեսւած է «Հոգեբուժական օգնութեան եւ սպասարկման մասին» ՀՀ օրէնքով՝ որպէս հիւանդանոցային կամ արտահիւանդանոցային ձեւով բժշկական, այդ թւում՝ հոգեբուժական օգնութիւն եւ սպասարկում իրականացնող պետական կամ համայնքային հիմնարկ:
Զեկոյցի ողջ տեքստում «հոգեբուժարան» բառը գէթ մէկ անգամ օգտագործւած չէ:
Խիստ մտահոգիչ երեւոյթ է, երբ բարձաստիճան պաշտօնեան, ով զբաղեցրել է ՀՀ առողջապահութեան նախարարի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտօնները եւ հիմա էլ խորհրդարանի բարձրաստիճան պաշտօնեայ, կարող է կոնկրետ փաստերի վրայ հիմնւած Մարդու իրաւունքների պաշտպանի մասնագիտական զեկոյցների վերաբերեալ հրապարակային գնահատականներ տալ առանց այդ կարեւոր փաստաթղթերի բովանդակութեանը ծանօթանալու:
Աւելին, խարանի եւ խտրականութեան դէմ պայքարից խօսող բարձրաստիճան պաշտօնատար անձին բարեկամաբար իրազեկում ենք, որ այդ նպատակի համար ոչ միայն պէտք է փոխել կազմակերպութիւնների անուններ ու դա յետոյ «դարձնել դրօշակ», այլ պէտք է զբաղւել հոգեկան առողջութեան խնդիրներ ունեցող մարդկանց իրաւունքների իրական պաշտպանութեամբ, նրանց իրական բուժումով ու խնամքով:
Ինչպէ՞ս կը բացատրի Առողջապահութեան նախկին նախարարը հոգեբուժական կազմակերպութիւններում մարդկանց անօրինական պահելու դէպքերն իր պաշտօնավարման օրօք, ինչպէ՞ս կը բացատրի, որ ակնյայտ օրէնսդրական խախտումով մարդկանց ենթարկում են տարբեր բժշկական միջամտութիւնների, այդ թւում՝ հոգեմէտ դեղամիջոցներով բուժման` առանց առհասարակ նրանց համաձայնութեան: Կամ ինչպէ՞ս է ստացւում, որ մարդկանց նկատմամբ բուժում է իրականացւում նրանցից վերցւած արհեստական ստորագրութիւններով, բայց փաստացի առանց նրանց համաձայնութեան, ինչպէ՞ս բացատրել նրանց նկատմամբ ներգործութեան միջոցներն իրաւունքները ոտնահարող եղանակով, ինչպէ՞ս բացատրել համայնքահեն ծառայութիւնների ու բուժման այլընտրանքային մեթոդների բացակայութիւնը կամ եղածների դէպքում էլ դրանց խիստ անարդիւնաւէտութիւնը, ինչպէս նաեւ բուժաշխատողների անընդունելի սոցիալական երաշխիքները:
ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի զեկոյցը կազմւել է բարձր պրոֆեսիոնալ թիմի (սոցիոլոգ, իրաւաբան, հոգեբան, բժիշկ, այդ թւում՝ հոգեբոյժ) մասնագիտական աշխատանքի արդիւնքում` ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի ղեկավարութեամբ: Բոլորն անցել են յատուկ ուսուցում, մեծ մասը նաեւ միջազգային կառոյցների փորձագէտներ են [այդ թւում միջազգային մակարդակի], ղեկավարւում են միջազգայնօրէն երաշխաւորւած՝ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի հաստատած ուղեցոյցերով, իսկ նրանց մի մասը նաեւ զբաղւում է իրական գիտական աշխատանքով թէ´ Հայաստանում, թէ´ արտերկրում:
Զեկոյցում կոնկրետ օրինակներով արձանագրւած են նաեւ դրական զարգացումները, բայց դրանք կա՛մ դրւագային են ու վերաբերում են կոնկրետ հաստատութեան, կա՛մ իրականացւել են Առողջապահութեան գործող նախարարի օրօք: Նշւած են անգամ տարբերակւած գերատեսչական ենթակայութեան խնդիրները Առողջապահութեան նախարարի հրամանների խախտման տեսանկիւնից: Մանրամասները զեկոյցում են:
Այնպէս որ, ՀՀ առողջապահութեան նախարարի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտօնը զբաղեցրած անձից, ՀՀ ԱԺ կառավարող խմբակցութեան անդամից խստօրէն պահանջում ենք չփորձել քաղաքականացնել մարդու իրաւունքների ոլորտը եւ քաղաքական քողով թաքցնել նախարարի պաշտօնում իր աշխատած ժամանակւայ անգործութիւնն ու մարդու իրաւունքների խախտումները»: