Հա

Քաղաքական

25/01/2022 - 13:10

«Թուրքիայի հարցում «կարմիր գծերը» մեր՝ հայ մնալու երաշխիքն են». թուրքագէտ

Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականութիւնը, ըստ էութեան, նպատակ ունի հնարաւորինս թուլացնելու Ռուսաստանի ազդեցութիւնը Հարաւային Կովկասում. Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ անդրադառնալով շրջանառւող լուրերին, ըստ որոնց՝ Թուրքիան չի ցանկանում Հայաստանի հետ հանդիպումներն անցկացնել որեւէ երրորդ երկրում։

«alikonline.ir» - Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականութիւնը, ըստ էութեան, նպատակ ունի հնարաւորինս թուլացնելու Ռուսաստանի ազդեցութիւնը Հարաւային Կովկասում. Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ անդրադառնալով շրջանառւող լուրերին, ըստ որոնց՝ Թուրքիան չի ցանկանում Հայաստանի հետ հանդիպումներն անցկացնել որեւէ երրորդ երկրում։

«Ռուսաստանը պաշտօնապէս միջնորդ չի եղել. Հայաստանը դիմել է Ռուսաստանին միջնորդութեան համար։ Չեմ կարծում` Թուրքիան համաձայն կը լինէր, որ Ռուսաստանը միջնորդ լինէր։ Դա ակնյայտ է, որովհետեւ հայ-թուրքական յարաբերութիւնների շուրջ բանակցութիւնների այս ռաունդը, որը չորրորդն է, Թուրքիան ցանկանում է անցկացնել առանց միջնորդի»,- ասաց թուրքագէտը։

Ակնյայտ է, որ թուրքական իշխանութիւնները չեն առաջնորդւում խաղաղասիրական, մարդասիրական մղումներով։ Տարածաշրջանում թուրքական գործօնի հզօրացմամբ պայմանաւորւած` Թուրքիայի իշխանութիւնները հասել են նրան, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան սկսել են հաշւի նստել թուրքական գործօնի հետ։

Ինչի՞ կը յանգեցնի Ռուսաստանի դուրս մղումը հայ-թուրքական բանակցութիւններից, եւ Հայաստանը պատրա՞ստ է առանց որեւէ միջնորդի առաջ տանել իր շահերը: Ըստ Ռուբէն Սաֆրաստեանի՝ այժմ չենք կարող ասել` ինչպէս կը վարւեն իշխանութիւնները։

«Գիտեմ, որ կան «կարմիր գծեր», որոնք անցնել ոչ մի դէպքում չի կարելի, քանի որ դրանք կապւած են մեր ազգային ինքնութեան հետ։ Ինչպէ՞ս կընթանան բանակցութիւնները՝ չեմ կարող ասել, բայց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման քաղաքականութեանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքին, Կարսի պայմանագրին (որը մեր ժողովուրդը, հասարակութիւնն ընկալում է որպէս անարդարացի պայմանագիր) առնչւող հարցերի ուղղութեամբ զիջելը կը նշանակի, որ մենք հրաժարւում ենք մեր ինքնութեան ինչ-որ մի մասից։ Իսկ դա ինձ համար անընդունելի է»,- ասաց թուրքագէտը։

Հայ-ադրբեջանական յարաբերութիւններում Արցախն էր այն կարմիր գիծը, որը չպէտք է հատւէր, բայց հատւեց։ Հայ-թուրքական յարաբերութիւններում կարմիր գիծը Հայոց Ցեղասպանութիւնը միջազգային ճանաչումը օրակարգից հանելն է։ Պատկերացնենք` իրադարձութիւններն այնպէս են զարգանում, որ Հայաստանի իշխանութիւնները Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորելու նպատակով դադարում են Թուրքիային պարտադրել Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ, ըստ էութեան, կատարում Թուրքիայի գլխաւոր նախապայմանը։ Հարցին` նշւած քայլն ինչպէ՞ս կընկալւի Հայաստանում եւ Սփիւռքում, Ռուբէն Սաֆրաստեանը պատասխանեց՝ սա այն հարցն է, որ հայերիս ինքնութեան հետ է կապւած։

«Ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում, ե՛ւ Սփիւռքում այս հարցը կապւում է իրենց ինքնութեան, իրենց՝ հայ լինելու, հայ համարւելու փաստի հետ։ Եթէ Հայաստանը այդ հարցերում զիջումների գնայ, ապա դա կը նշանակի, որ մենք հրաժարւում ենք մեր ինքնութիւնից։ Դա անընդունելի է շատերի համար, բայց գուցէ մարդիկ լինեն, որ դրա հետ համաձայնեն»,- նշեց թուրքագէտը։

Քաղաքագիտական շրջանակների պնդմամբ՝ Հայաստանն իր օրակարգը չունի. Թուրքիան է ասում, թէ ինչ է լինելու, Թուրքիայից ենք իմանում թէ՛ բանագնացների նշանակման, թէ՛ առաջին հանդիպման վայրի եւ թէ՛ հետագայում սպասւելիք հանդիպումների մասին։ Որոշների պնդմամբ` իշխանութիւնները գնում են բանակցութիւնների, որտեղ ամէն ինչ արդէն քիչ թէ շատ որոշւած է. իրենք այնտեղ ապահովում են ներկայութիւն կամ վաւերացնում ինչ-որ փաստաթղթեր։ Ռ. Սաֆրաստեանի արձագանգն այդ ամենին հետեւեալն է. «Ոչինչ դեռ որոշւած չէ. բանակցութիւնները պայքար են, եւ մեր դիւանագիտութիւնը պէտք է կարողանայ այդ պայքարում չպարտւել, իսկ Թուրքիան ամէն ինչ կանի, որ ճնշում գործադրի»։

 

Լենա Կարապետեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։