Հա

Քաղաքական

26/01/2022 - 12:45

«Նմանատիպ սիմւոլիկ քայլերով Թուրքիան նպատակ ունի թուլացնել հայութեան զգօնութիւնը». Վարուժան Գեղամեան

Պ.գ.թ., թուրքագէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան գրառմամբ հայ-թուրքական բանակցութիւնների գաղտնի մանրամասներ է յայտնում. 

«alikonline.ir» - Պ.գ.թ., թուրքագէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան գրառմամբ հայ-թուրքական բանակցութիւնների գաղտնի մանրամասներ է յայտնում.

«Վերջին օրերին թուրքական մամուլում հրապարակւել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցութիւնների որոշ մանրամասներ, որոնք կարեւոր են հասկանալու համար բանակցային տրամաբանութիւնը։ Ներկայացնեմ դրանցից երկուսը եւ իմ մեկնաբանութիւնները։

- Յունւարի 20-ին թուրքական իշխանութեան խօսափող համարւող Sabah թերթի անգլալեզու տարբերակը (Daily Sabah), յղում կատարելով իր դիւանագիտական աղբիւրին, յայտնեց, որ «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած բանակցութիւնները երրորդ երկրում անցկացւելու փոխարէն պէտք է անցկացւեն երկու երկրներից մէկում»։ Նոյն աղբիւրի պնդմամբ՝ «Թուրքիան նախընտրել է, որ ասյուհետ բանագնացների հանդիպումները տեղի ունենան Երեւանում կամ Անկարայում՝ հաշւի առնելով, որ առաջին հանդիպումը Երեւանի պահանջով տեղի է ունեցել Մոսկւայում»։

- Յունւարի 25-ին, հեղինակաւոր Hürriyet թերթը, յղում կատարելով արտաքին քաղաքականութեան հարցերով Թուրքիայի նախագահականում վերջերս տեղի ունեցած քննարկմանը, նշում է, որ Թուրքիայի նոր արտաքին քաղաքական մօտեցման շրջանակներում առաջնային տեղ է զբաղեցնում Հայաստանի հետ յարբերութիւնների կարգաւորման գործընթացը։ Թերթը նաեւ յայտնում է այն քայլերի մասին, որոնք պէտք է ձեռնարկւեն Հայաստանի ուղղութեամբ. «Որպէս առաջին քայլ՝ յստակեցւել է փոխադարձ ուղիղ չւերթներ սկսելու մասին որոշումը:

Յատկապէս Կարսի եւ Վանի մասով կատարւելիք աշխատանքներից յետոյ օրակարագ կը գայ նաեւ Թուրքիայի տարբեր նահանգների ուղղութեամբ Հայաստանից չւերթներ կազմակերպելու հարցը: Կարծիքներ կան այն մասին, որ յատկապէս Վանը հայերի համար կարող է զբօսաշրջային կենտրոնի վերածւել: Բացի այդ ծրագրւել է Կարսի մօտակայքի որոշ պատմական կառոյցների, այդ թւում՝ կամուրջների ու այլ շինութիւնների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարեւորութիւն ունեն։ Իսկ Հայկական սփիւռքի ճնշումը նւազեցնելու նպատակով  միաժամանակ կընդլայնւեն նաեւ առեւտրային յարաբերութիւնները»:

Առաջին նորութիւնը տեղաւորւում է աշխարհաքաղաքական տրամաբանութեան մէջ. անհրաժեշտ է հայ-թուրքական գործընթացից հնարաւորինս մեկուսացնել Ռուսաստանին՝ հետագայում նրան տարածաշրջանից հեռացնելու եւ Հւ. Կովկասը Թուրքիայի լիարժէք ազդեցութեան գօտու վերածելու նպատակով։

Երկրորդ նորութեան մանրամասները առաւելապէս վերաբերում են հայ-թուրքական երկկողմ հարթութեանը։ Դժւար չէ կռահել, որ նմանատիպ սիմւոլիկ քայլերով Թուրքիան նպատակ ունի թուլացնել հայութեան զգօնութիւնը եւ «խաղաղասիրական» քայլերի միջոցով շարունակել չէզոքացնել հայկական քաղաքական գործօնը Արցախի եւ տարածաշրջանի այլ հարցերում։

Կարելի է ենթադրել նաեւ, որ առաջիկայում մենք կը տեսնենք հայ-թուրքական «բարեկամութիւնը» գովերգող տարատեսակ միջոցառումներ Թուրքիայի եւ ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնների կողմից։

Անհրաժեշտ է յիշեցնել նաեւ, որ այդպիսի ձեռնարկները հնարաւորութիւն են տալիս կոծկել այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից Հայաստանի առջեւ դրւել են հակահայկական նախապայմաններ, որոնց համաձայնել են ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնները»։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։