Հա

Քաղաքական

27/01/2022 - 11:50

««Այս պահին առկայ օրակարգը միայն ի վնաս Հայաստանի է». դէ ֆակտօ իշխանութիւնները չեն պաշտպանում երկրի շահը». «Փաստ»

Այսպէս կոչւած՝ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում «Կովկաս» ինստիտուտի փորձագէտ, քաղաքագէտ Հրանտ Միքայէլեանը միանգամից մի քանի կողմերի ներգրաււածութիւն է տեսնում:

«alikonline.ir» - Այսպէս կոչւած՝ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում «Կովկաս» ինստիտուտի փորձագէտ, քաղաքագէտ Հրանտ Միքայէլեանը միանգամից մի քանի կողմերի ներգրաււածութիւն է տեսնում:

«Այս գործընթացում առաջին հերթին Թուրքիայի կողմից, յետոյ հայաստանեան դէ ֆակտօ իշխանութիւնների ու միջազգային, այսպէս ասած, պարտնեորների կողմից Հայկական Հարցը փակելու եւ յարաբերութիւնների կարգաւորման իլ իւզիա ստեղծելու փորձ կայ: Սա թուրքական պայմաններով կարգաւորում է նշանակում, որին փորձում են մասնակից դառնալ նաեւ աշխարհաքաղաքական կենտրոններն ու ինչ-որ տեղ նախաձեռնողի դեր ստանձնել»,- «Փաստի» հետ զրոյցում ասաց Հ. Միքայէլեանը:

Նրա խօսքով, ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնների կողմից այս ընթացքում եւս առաջ տարւող թէզերը զուտ հասարակութեանը մոլորեցնելու նպատակ ունեն: «Մասնաւորապէս, շարունակում են խօսել «խաղաղութեան դարաշրջանի» մասին: Ի՞նչ «խաղաղութեան դարաշրջան», երբ գրեթէ ամէն օր նոր յարձակում է տեղի ունենում ՀՀ-ի ու Արցախի Հանրապետութեան վրայ: Իրենք խօսում են խաղաղութիւնից, որպէսզի ուղղակի առաջ տանեն իրենց օրակարգը, այն է՝ Թուրքիայի պայմաններով վերոնշեալ համաձայնութեանը հասնել: Ինչ վերաբերում է Փաշինեանի յայտարարութեանը, թէ Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայաստան-Թուրքիա սահմանը, եւ Հայ Դատը երբեք ՀՀ-ի քաղաքականութիւնը չի եղել, պէտք է դիտարկել նախ հետեւեալը. Հայաստանը շատ դէպքերում որոշ հանգամանքների մասին բացայայտ խօսելու հնարաւորութիւն չի ունեցել: Իհարկէ, ՀՀ-ն ունէր Հայ Դատի օրակարգ, եւ այդ օրակարգը շատ ակտիւ իրականացւում էր յատկապէս 2000-ականներին, սակայն, միեւնոյն ժամանակ, դա չի յայտարարւել պաշտօնապէս: Այսինքն, պոպուլիստական յայտարարութիւններ չեն եղել, բայց ամէն դէպքում այդ քաղաքականութիւնն իրականացւել է: Այն, որ վերոնշեալը թոյլ է տալիս այդ իշխանաւորին յայտարարել, թէ իբր այդ քաղաքականութիւնը չի իրականացւել, իրականութեանը չի համապատասխանում: Բայց մենք այլ խնդիր ունենք: Քանի որ հասարակութեան մէջ բաւականաչափ ոչ քննադատական մօտեցում կայ իր ասածների նկատմամբ, մարդիկ շատ յաճախ անգամ չեն խորանում: Իրականում խնդիրն այն է, որ մեզ մօտ այս պահի դրութեամբ գործընթացների լրջութեան գիտակցում չկայ»,- ասաց Հ. Միքայէլեանը:

Այդ համատեքստում աւելի յստակեցնելով վտանգները՝ նա շեշտեց. «Նախ՝ խօսքը Հայոց Ցեղասպանութեան հարցը յաւերժ փակելու վտանգի մասին է: Երկրորդը՝ այստեղ ստեղծել պայմաններ, որ Թուրքիան տնտեսական առումով գերիշխող դիրք ունենայ ՀՀ տարածքում: Երրորդ՝ Ադրբեջանի պայմաններով ու Ադրբեջանի օգտին Արցախեան հարցի կարգաւորում, նաեւ ՀՀ տարածքով միջանցքի բացում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ: Հիմնական վտանգները սրանք են, որոնք արդէն բաւականին ակնյայտ են դարձել: Բացի այդ, խնդիրն այն է, որ այս ամէնն անշրջելի դարձնելու փորձ կայ: Այսինքն, այնպէս անել, որ եթէ անգամ Հայաստանում իշխանութեան փոփոխութիւն լինի, արտաքին համատեքստը փոխւի, Հայաստանի համար աւելի բարենպաստ պայմաններ ստեղծւեն, այլեւս հնարաւոր չլինի Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների ընդհանուր հայեցակարգը յօգուտ մեզ դէպի դրական ճանապարհ տանել: Թուրքական պայմաններով այս հաշտեցումը տեղի է ունենում այնպէս, որի պարագայում այլեւս հնարաւոր չի լինելու որեւէ բան փոխել: Սա շատ լուրջ իրավիճակ է»:

Նրա խօսքով, այս պահին առկայ օրակարգը միայն ի վնաս Հայաստանի է: «Կապիտուլեացիոն օրակարգ է տարւում. ներկայացւում է այնպիսի օրակարգ, որը միայն Ադրբեջանին է ձեռնտու: Վերջին մէկուկէս տարւայ ընթացքում բանակցութիւններում ու այլ քաղաքական գործընթացներում յօգուտ Հայաստանի նոյնիսկ փոքր ձեռքբերում չի եղել: Մէկ կամ մէկուկէս տարի առաջ եւ հիմա արւած յայտարարութիւնները համեմատելով՝ կարող ենք ասել, որ որեւէ հարց չի լուծւել: Դէ ֆակտօ իշխանութիւնների բոլոր խոստումները սուտ են դուրս եկել, բայց քանի որ հանրութեան կողմից յստակ քննադատական մօտեցում չկայ, այդ ամէնն աշխատում է նաեւ հիմա: Իրականում բանակցութիւններ վարելու համար տարրական գիտելիքներ են հարկաւոր:

Պէտք է ճանաչել դիմացինին, մասնաւորապէս՝ Թուրքիային, տիրապետել նաեւ բանակցային տեսութեանը: Երբ առանց նախապայմանների որեւէ յանձնում կամ զիջումներ են լինում, օրինակ՝ գերիների վերադարձի պահանջ չի դրւում, Ադրբեջանը սա ընդունում է ի գիտութիւն՝ հետագայում որեւէ քայլի ի պատասխան որեւէ փոխադարձ քայլ չանելու տեսանկիւնից: Ընդհանուր առմամբ, ստեղծւում է նաեւ մի իրավիճակ, երբ ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնները չեն պաշտպանում երկրի շահը եւ չեն ստեղծւում մեխանիզմներ, որոնց միջոցով դա կարող է իրականացւել: Հետեւապէս, ականատես ենք լինում մի գործընթացի, որը մարդկանց մի մասը չի գիտակցում, միւս մասը մի փոքր գիտակցում է, բայց ոչ ժամանակին. երբ իրավիճակը փոխելու կարիք լինի, գուցէ արդէն ուշ լինի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼԵԱՆ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։