Հա

Քաղաքական

27/01/2022 - 15:40

Արցախի Հանրապետութեան հռչակումը տեղի է ունեցել մինչեւ Ադրբեջանի կողմից իր անկախութեան հռչակումը

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

«alikonline.ir» - Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

 

- Պարոն Խաչատրեան, Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ Հայաստանի խորհրդարանի կողմից 1992 թւականին վաւերացւած համաձայնագիր կայ, որով արձանագրւում է, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը։ Ինչպէ՞ս էք գնահատում այս յայտարարութիւնները։

- Սկսենք նրանից, որ ՀՀ Գերագոյն խորհուրդն ընդունել է որոշում, որով արգելւում է ՀՀ կառավարութեանը՝ համաձայնել Արցախի այնպիսի կարգավիճակի, որով Արցախը դիտւում է Ադրբեջանի մաս։ Եթէ Փաշինեանը փորձում է հանրութեանը մոլորեցնել եւ յղում է կատարում 1992 թւականի ԱՊՀ կանոնադրութեանը, ես իրեն խորհուրդ կը տամ ծանօթանալ Ղրիմի փորձին։ Եթէ իր ասածը համապատասխանում է իրականութեանը, ուրեմն թող ինքը փորձի բացատրել, թէ Ղրիմի հարցն ինչպէ՞ս լուծւեց, չէ՞ որ Ռուսաստանն էլ էր այդ կանոնադրութիւնն ստորագրել, Ուկրայնիան էլ, միւս պետութիւններն էլ։ Բայց Ղրիմը, ազգերի ինքնորոշման վրայ յղում կատարելով, հանրաքւէ անցկացրեց եւ միացաւ Ռուսաստանին։ Ընդհանրապէս Նիկոլ Փաշինեանը սեփական ձախողումներն արդարացնելու համար ոչ միայն աղճատում է անցեալը, այլ նաեւ կասկածի տակ է դնում մեր ապագան։ Այնպիսի տպաւորութիւն է, որ ինքն Ադրբեջանից աւելի ադրբեջանամէտ է։

 

- Դուք դիտարկում էք արել, որ տարիներ շարունակ հայկական կողմը ազգերի ինքնորոշման հարցն է բարձրացրել, բայց հիմա Փաշինեանը խօսում է միայն տարածքային ամբողջականութեան հարցի մասին։ Ի՞նչ վտանգներ է սա պարունակում։

- Այո, Փաշինեանը փորձում է սեփական ձախողումներն արդարացնել եւ իր այդ փնտրտուքի հարցում որեւէ խտրականութիւն չի դնում մեթոդների միջեւ։ Հիմա փաստօրէն ինքը դարձել է տարածքային ամբողջականութեան թէզի ջատագովը։ Տարածքային ամբողջականութեան թէզը նա փորձում է աւելի վեր դասել, քան ազգերի ինքնորոշման թէզը եւ խեղաթիւրում է ինքնորոշման իրաւունքի եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքի յարաբերակցութիւնը միջազգային իրաւունքում։

Եւ այդ համատեքստում ես խորհուրդ կը տայի Հայ Դատի կենտրոնական գրասենեակի յայտարարութեան հետ ծանօթանալ։ Արդարադատութեան միջազգային դատարանը 2010 թւականի յուլիսի 22-ի խորհրդատւական որոշմամբ ուղղակի արձանագրել է՝ «տարածքային ամբողջականութեան սկզբունքի կիրառման ոլորտը սահմանափակւում է ճանաչւած պետութիւնների յարաբերութիւնների ոլորտով»։ Որպէս եզրակացութիւն՝ դատարանն ընդունել է, որ միջազգային իրաւունքը չի արգելում անկախութեան միակողմանի հռչակումները։ Ադրբեջանն է միշտ հանդէս եկել տարածքային ամբողջականութեան տեսանկիւնից եւ յայտարարել այդ մասին։ Հայաստանի Հանրապետութիւնը, Արցախի Հանրապետութիւնը եւ ընդհանրապէս համայն հայ ժողովուրդը հանդէս են եկել ազգերի ինքնորոշման սկզբունքի օգտին՝ ասելով, որ դա Հելսինկեան եզրափակիչ ակտի, ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներից մէկն է, եւ մենք դրանով ենք առաջնորդւում։ Եւ ընդհանրապէս, եթէ Փաշինեանը փորձում է յետ գնալ անցեալ, յիշեցնեմ նրա պնդումը, որ «1992 թւականին Արցախը անկախութիւն հռչակեց Ադրբեջանից», մինչդեռ Արցախը, ՍՍՀՄ օրէնսդրութեան հիման վրայ, սեպտեմբերի 2-ին հանրապետութիւն հռչակւեց։ Դա նոյնպէս ցոյց է տալիս Փաշինեանի անտեղեակութիւնը Արցախեան հարցի ու հայ ժողովրդի պատմութեան հարցում։ Արցախի Հանրապետութեան հռչակումը տեղի է ունեցել մինչեւ Ադրբեջանի կողմից Սովետական Միութիւնից իր անկախութեան հռչակումը։

Դրանից բացի, ես ուզում եմ յիշեցնել, որ 1991 թւականի հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարւել է ԽՍՀՄ իրաւայաջորդութիւնից՝ իրեն հռչակելով 1918-1920 թթ․ Ադրբեջանի առաջին հանրապետութեան իրաւայաջորդ։ Արցախը երբեք Ադրբեջանի առաջին հանրապետութեան կազմում չի եղել։ Ես յիշեցնեմ, որ այդ ակտը ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ բառացի կարդացի Նիկոլ Փաշինեանի համար, ինքը խոստացաւ այդ փաստաթղթի հետ ծանօթանալ։ Այսինքն՝ բաւարար հիմքեր ունեմ պնդելու, որ այդ փաստաթղթի հետ էլ ինքը ծանօթ չէր։ Որպէսզի Փաշինեանն արդարացնի իր ձախողումները, որեւէ միջոցի մէջ խտրականութիւն չի դնում եւ ոչ մի բանի առաջ կանգ չի առնում՝ աղճատելով նաեւ պատմութիւնը եւ փորձելով վարկաբեկել մեր դիրքորոշումը, որով հանդէս ենք գալիս մօտ 30 տարի։

 

- Այս քաղաքականութիւնը Հայաստանի ու Արցախի համար ի՞նչ վտանգ է ներկայացնում։

- Սրանով Փաշինեանը փաստացի հրաժարւում է Արցախի անվտանգութեան եւ անկախութեան երաշխաւորը լինելու Հայաստանի յանձնառութիւնից, ձեռքերը լւանում է Արցախի հարցից։ Փաշինեանը, ով դեռեւս 2018-2019 թւականներին հանդէս էր գալիս «Արցախը Հայաստան է եւ վերջ» կագախօսի ներքոյ, Փաշինեանը, ով շարունակեց հարաւային ճանապարհի շինարարութիւնը՝ Կապանից դէպի Ջրական, Փաշինեանը, ով խօսում էր Արաքսավանի բնակեցման մասին, յանկարծ ասում է՝ Արցախը կորցրել էր նոյնիսկ տեսական հնարաւորութիւնները՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու համար։ Թող ինքը հասկանայ ու փորձի մեկնաբանել իր այս դիրքորոշումների 180 աստիճանով փոփոխութիւնը։ Իր քաղաքականութեամբ ինքը փաստացի յայտարարում է, որ Հայաստանը չի կարող շարունակել Արցախի հանդէպ իր պարտաւորութիւնների կատարումը, Արցախը չի կարող լինել Ադրբեջանից անկախ։ Եւ դրանով ինքը ոչ միայն մեր անցեալի յաղթանակներն է ջուրը գցում, ոչ միայն մեր բանակցային ներկայ դիրքերն է թուլացնում, այլ նաեւ փորձում է ապագայում մեզ զրկել այդ հարցերին հետամուտ լինելու հնարաւորութիւններից։

 

Ռոզա Յովհաննիսեան, լրագրող

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։