Հա

Քաղաքական

29/01/2022 - 11:50

«Զուտ հայկական մոդելի բանակ է պէտք». Կարէն Յովհաննիսեան

Բանակին չպէտք է վերաբերւել միայն ելակով կամ զինւորների ներքնազգեստներով, բանակը պետութիւն է պետութեան ներսում՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանը Հայոց Բանակի կազմաւորման 30-ամեակի օրը։

«alikonline.ir» - Բանակին չպէտք է վերաբերւել միայն ելակով կամ զինւորների ներքնազգեստներով, բանակը պետութիւն է պետութեան ներսում՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանը Հայոց Բանակի կազմաւորման 30-ամեակի օրը։

Գործող իշխանութիւնը եւս, նրա համոզմամբ, շատ մեծ խնդիրներ առաջացրեց բանակի համար, այլ ոչ թէ լուծեց նախկինից եկած խնդիրները։

«Ոչ մասնագիտօրէն մոտենալու պատճառով մենք շատ մեծ խնդիրների առջեւ կանգնեցինք։ Դրա վառ ապացոյցը նաեւ ոչ ճիշտ սպառազինութիւնն էր, այսինքն, մենք գնացինք հնչեղ սպառազինութեան վրայ, այլ ոչ թէ ճիշտ սպառազինութեան, որը համահունչ պէտք է լինէր այսօրւայ մարտահրաւէրներին»,- ասաց Կարէն Յովհաննիսեանը։

Նա կարծում է՝ բանակում հարկաւոր են նոր մօտեցումներով գործողութիւններ։

«Բանակի այն մոդելը, որը գոյութիւն ունի, չյաջողւած մոդել է եւ պէտք է մենք գնանք հայկական բանակի մոդելով. դա պէտք է լինի բացառապէս հայկական, այլ ոչ թէ մի քիչ վերցրած ռուսականից, մի քիչ ֆրանսիակնից եւ այլն։ Դա պէտք է լինի մեր մենթալիտետին մօտիկ եւ յարիր»,- ասաց նա։

Հայկական մենթալիետին մօտիկ՝ ասելով, Կարէն Յովհաննիսեանը նկատի ունի, որ հայ ազգը պէտք է ապրի երկու կեանքով՝ ռազմական եւ քաղաքացիական։ Նա առաջարկում է, որ երբ աշակերտը 12-րդ դասարանն աւարտում է՝ անկախ սեռից, ինչպէս ընտրում է քաղաքացիական մասնագիտութիւն, այնպէս էլ ընտրի ռազմական մասնագիտութիւն։ Նա կարեւոր է համարում, որ մեր սպաները բարձրագոյն կրթութիւն ստանան աշխարհի լաւագոյն ինստիտուտներում։ Բանակը պէտք է զինւի ճիշտ սպառազինութեամբ, ասում է փորձագէտը, բարձրտեխնոլոգիական սարքաւորումներ պէտք է ներդնել բանակում։ Նաեւ կարեւոր համարում, որ ռազմական հոգեբանութեանը շատ մեծ տեղ տրւի. հայկական ռազմապարեր, ոգեշնչող տեքստեր, ինչպէս նաեւ զինծառայողներին խօսակցական ադրբեջաներէնի եւ թուրքերէնի ուսուցում։

«Պէտք է ունենանք բանակի մի մոդել, որը ապահովագրւած լինի անձնային յարաբերութիւններից, օրինակ, հասնենք նրան, որ ԳՇ պետ չնշանակւի իշխանութեան կողմից, այլ հէնց շտաբից՝ այնպէս, ինչպէս ընտրում են կաթողիկոսին. եթէ այստեղից սկսենք, կը հասնենք նրան, որ այլեւս անձնային յարաբերութիւններով պայմանաւորւած այս կամ այն սպան չի լքի Զինւած ուժերը»,- ասաց Կարէն Յովհաննիսեանը։

«Ես եմ» եւ «Պատիւ ունեմ» ծրագրերը, որոնք եւս գործող իշխանութիւնները դադարեցրել են, ռազմական փորձագէտի համոզմամբ, ամենայաջողւած ծրագրերն էին, լաւ կը լինէր՝ շարունակւէին։ Իսկ «Ազգ-բանակի» մասին ասաց, որ մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ մեզանից իւրաքանչիւրը պէտք է լինի բանակի անդամ։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։