Հա

Քաղաքական

30/01/2022 - 11:15

«Մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մէկը, որն իրականացնում է իշխանութեան հակակշռի այդ գործառոյթը». Սաթիկ Սէյրանեանի ելոյթը ՀԺՄ 13-րդ համագումարում

Յարգելի գործընկերներ

Շնորհակալ եմ ձեր ներկայութեան ու համագումարի աշխատանքներին մասնակցելու համար։ Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահի պաշտօնը ես ստանձնել եմ 2017 թւականի դեկտեմբերի վերջին, որից կարճ ժամանակ անց հասարակութիւնը, ապա նաեւ պետութիւնը յայտնւեցին ոչ ստանդարտ, յախուռն ժամանակներում։

Յարգելի գործընկերներ

Շնորհակալ եմ ձեր ներկայութեան ու համագումարի աշխատանքներին մասնակցելու համար։ Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահի պաշտօնը ես ստանձնել եմ 2017 թւականի դեկտեմբերի վերջին, որից կարճ ժամանակ անց հասարակութիւնը, ապա նաեւ պետութիւնը յայտնւեցին ոչ ստանդարտ, յախուռն ժամանակներում։

Երկրում տեղի ունեցած իրադարձութիւնները դարձան շատ ու շատերի արժէքների ու սկզբունքների, վարքագծի ու վերաբերմունքի փոփոխութեան պատճառ։

Քանդւեցին հանրային ու մասնագիտական շատ կառուցակարգեր, այդ թւում՝ ցաւօք, միախառնւեցին նաեւ լրագրութիւնն ու քաղաքականութիւնը, ինչը դժւարութիւնների առիթ դարձաւ՝ ինչպէս առանձին լրատւամիջոցների ու լրագրողների, այնպէս էլ՝ մամուլի հարցերով զբաղւող կազմակերութիւնների, մասնաւորապէս՝ Ժուռնալիստների միութեան համար։ Բայց դժւարութիւնները մեզ համար բազմապատկւել էին ոչ միայն այդ պատճառով: Ցաւօք, տարիներ, տասնամեակներ շարունակ, օբիեկտիւ թէ սուբիեկտիւ հանգամանքներով պայմանաւորւած, Հայաստանի ժուռնալիստների միութիւնը դադարել էր գործել՝ որպէս ինքնուրոյն կառոյց, միաւոր՝ ըստ էութեան վերածւելով հանրային դաշտի այլ կազմակերպութիւնների կցորդի, որի դերը սահմանափակւում էր, լաւագոյն դէպքում, այլոց յայտարարութիւնների տակ ստորագրութեամբ։ Հետեւաբար՝ մեր թիմի եւ իմ առաջնային ու գլխաւոր խնդիրը Ժուռնալիստների միութեան՝ որպէս կառոյցի ինքնուրոյնութեան ու ինքնաբաւութեան վերականգնումն էր։ Յուսամ, այդ խնդիրը, եթէ ոչ՝ ամբողջութեամբ, ապա՝ գոնէ մեծամասամբ մենք կարողացել ենք առաւելագոյնս լուծել անցած չորս տարիների ընթացքում։

Դրա անուղղակի վկայութիւններից մէկն էլ անցած տարիներին տասնեակ գործող լրագրողների անդամակցութիւնն է Ժուռնալիստների միութեանը, ինչը ես համարում եմ մեր գլխաւոր ձեռքբերումներից մէկը։

Այսպիսով, Ժուռնալիստների միութիւնը մի կողմից՝ ունէր համակարգային, ինստիտուցիոնալ խնդիր, միւս կողմից՝ նաեւ հէնց դրանով պայմանաւորւած՝ տեխնիկատնտեսական վատթարագոյն վիճակ, ինչը դժւարացնում էր անգամ տարրական նիւթական միջոցներ պահանջող քայլերի կատարումը։

Այդ ուղղղութեամբ եւս մենք զգալի աշխատանք ենք կատարել, մասնաւորապէս՝ փորձել ենք իրաւական ճանապարհով լուծել Ժուռնալիստների միութեանը պատկանող տարածքները՝ նախկինում, ի վնաս միութեան, չափազանց վատ պայմաններով վարձակալութեան տրւած եւ դրա հետեւանքով ծագած խնդիրը։ Բազմաթիւ տնտեսվարող սուբիեկտների հետ այսօր էլ գտնւում ենք դատական գործընթացներում, ինչը չափազանց ժամանակատար է։ Բայց յուսամ, տեսանելի ապագայում այդ խնդիրներից որոշները կը լուծւեն, ինչը կը նպաստի մեր միութեան ֆինանսատնտեսական ինքնաբաւութեան բարձրացմանը։

Յարգելի գործընկերներ

Ժուռնալիստների միութեան ինստիտուցիոնալ ինքնուրոյնութեան բարձրացումն անցած տարիներին տւել է գործնական արդիւնքներ՝ ոչ միայն ներհայաստանեան գործընթացներում մեր ակտիւութեան, այլ նաեւ միջազգային համագործակցութեան տեսքով։ Մեզ յաջողւել է բաւական կառուցողական համագործակցութիւն հաստատել Լրագրողների միջազգային եւ եւրոպական ֆեդերացիաների եւ Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միութեան, ինչպէս նաեւ ԱՊՀ մի շարք երկրների մեր գործընկերների հետ։

Այդ համագործակցութիւնն անցած տարիներին արտայայտւել է կոնկրետ գործողութիւններով։ Յատկապէս մեր եւրոպացի գործընկերներն ակտիւօրէն աջակցել են մեզ մամուլի ու խօսքի ազատութեան դէմ վերջին տարիներին իշխանութիւնների նախաձեռնած օրէնսդրական եւ այլ գործողութիւնների դէմ պայքարի գործընթացում։ Նրանց աջակցութիւնը մեզ համար անգնահատելի էր նաեւ 44-օրեայ պատերազմի, դրա լուսաբանման գործընթացում, ինչպէս նաեւ օգտւելով միութեան կողմից պարբերաբար տրամադրւող տեղեկատւութիւնից՝ հնարաւորինս օբիեկտիւ պատկեր էին ուրւագծում իրենց հաղորդագրութիւններում՝ հաշւի առնելով ադրբեջանաթուրքական քարոզչական հոսքը։

Ցաւօք, 2018-ի իշխանափոխութեան իրադարձութիւններից յետոյ ոչ միայն գործող իշխանութիւնների կողմից թիրախաւորւեցին լրատւամիջոցները, ԶԼՄ աշխատակիցները, այլեւ պառակտւեց մասնագիտական մեր համայնքը: Իհարկէ, Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը կարողացաւ որոշակիօրէն համախմբել լրատւամիջոցներին մասնագիտական իրաւունքների պաշտպանութեան հարցերում, սակայն դեռեւս մեզ չի յաջողւել ամբողջովին ապահովել այդ համերաշխութիւնը՝ յատկապէս այս՝ հանրային տարանջատւածութեան ու բեւեռացման պայմաններում։

44-օրեայ պատերազմի ընթացքում, երբ իշխանութիւնները ԶԼՄ-ների նկատմամբ տոտալ սահմանափակումներ կիրառեցին՝ այդ թւում խախտելով հասարակութեան տեղեկացւած լինելու իրաւունքը, Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը կոչ արեց մի կողմ դնել քաղաքական եւ այլ դիրքորոշումները, եւ յանուն պետութեան եւ ազգային շահի՝ համախմբւել քաղաքական իշխանութիւնների շուրջ եւ վարել միասնական լրատւական քաղաքականութիւն: Ի պատիւ լրատւամիջոցների, խմբագիրների, նրանք միաւորւեցիին յանուն ազգային եւ պետական իղձերի, սակայն, ինչպէս յետոյ պարզւեց՝ իշխանութեան նպատակը բոլորովին այլ էր:

Այնպէս որ, այդ առումով մենք դեռ անելիքներ ունենք:

Յարգելի գործընկերներ, մենք չենք կարող խօսել միայն ձեռքբերումների ու դրական իրողութիւնների մասին։

Նաեւ մեր մասնագիտական համայնքում կան բազմաթիւ խնդիրներ, որոշները՝ օբիեկտիւ, բայց շատերը՝ նաեւ սուբիեկտիւ պատճառներով պայմանաւորւած։ Ցաւօք, օբիեկտիւ եւ սուբիեկտիւ պատճառներով, մեր մամուլը չափից աւելի քաղաքականացւած է, ինչը յաճախ բացասաբար է անդրադառնում լրատւութեան որակի, հանրային ու պետական կեանքում տեղի ունեցող շատ իրադարձութիւնների լուսաբանման վրայ։ Սա համակարգային լուծում պահանջող խնդիր է, որը հնարաւոր է միայն մասնագիտական էթիկայի այնպիսի կանոնների կենսունակ առկայութեամբ, որոնք կը սահմանափակեն քաղաքական ազդեցութիւնները մամուլի վրայ։ Դա չափազանց դժւար լուծելի խնդիր է, որի ուղղութեամբ, սակայն, մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ։ Նոր կանոնադրութեամբ առաջարկում ենք մասնագիտական շրջանակների ներգրաւմամբ ստեղծել ՀԺՄ էթիկայի մասնագիտական կանոնագիրք, Տեղեկատւական վէճերի խորհուրդ, Դիտորդ մարմին, ինքնակարգաւորող, մոնիտորինգային գործունէութիւն իրականացնող այլ մարմիններ:

Իհարկէ, կան որոշ լրատւամիջոցներ, որոնք ունեն իրենց ներքին կանոնադրութիւնը, մի շարք լրատւամիջոցների ստորագրութեամբ, մեդիա որոշ կազմակերպութիւնների նախաձեռնութեամբ եւ աջակցութեամբ, ընդունւել է «Հայաստանի դեռեւս տարիներ առաջ լրատւամիջոցների լրագրողների սկզբունքների կանոնագիր», գործում է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը: Սակայն ներկայ իրողութիւնը վկայում է, որ դա կարծես դեռ բաւարար չէ:

Խօսքի ազատութեան ու մամուլի դերն այսօր բազմապատիկ աւելի կարեւոր է երկրում տեղի ունեցող խորքային գործընթացների համատեքստում։ Ցաւօք, մենք ապրում ենք ժամանակներում, որոնք կարելի է բնորոշել՝ որպէս ձեւով՝ ժողովրդավարական, բովանդակութեամբ՝ աւտորիտար ժամանակներ։

Երկրում հետեւողականօրէն վերացվում ու թուլացւում են իշխանութեան գրեթէ բոլոր հակակշիռներն ու փոխզսպումները։ Դրանք տեղի են ունենում ֆորմալ ժողովրդավարական ընթացակարգերով, սակայն արդիւնքում անթոյլատրելիօրէն մեծացնում են իշխանութեան կենտրոնացւածութիւնը, ինչն ուղիղ ճանապարհ է դէպի ոչ հաշւետւողական, ոչ թափանցիկ, իսկ վերջնարդիւնքում՝ դէպի ոչ ժողովրդավարական կառավարում։

Ահա այս պայմաններում մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մէկը, որն իրականացնում է իշխանութեան հակակշռի այդ գործառոյթը։

Իմ խորին համոզմամբ՝ հէնց այս իրողութեամբ է պայմանաւորւած մամուլի դէմ իշխանութիւնների սանձազերծած արշաւը, որով նրանք ցանկանում են վերացնել նաեւ այս հակակշիռը։

Այդ իմաստով այսօր մենք՝ լրագրողներս, ակամայից կատարում ենք նաեւ ժողովրդավարութեան կամ դրա վերջին մնացուկների պաշտպանութեան առաքելութիւն, ինչը, սակայն, պէտք է իրականացնել՝ մնալով բացառապէս մասնագիտական վարքագծի ու նորմերի շրջանակներում։ Դա չափազանց դժւար է, սակայն մենք՝ մամուլի ներկայացուցիչներս, պարտաւոր ենք հետեւել այդ ճանապարհին՝ ժողովրդավարութեան պաշտպանութեան գործընթացում մեր մասնագիտութիւնը չվնասելու մղումով։

Յարգելի գործընկերներ,

Ցաւօք, այսօր էլ մենք ապրում ենք դժւարին ժամանակներում։ Պետական ու հանրային կառավարման համակարգերի, ընդհանուր առմամբ քաղաքական վերնախաւերի նշաձողերը սարսափելի անկում են ապրել։ Դա մամուլի, լրատւամիջոցների համար եւս մէկ մարտահրաւէր է՝ արժէքային այդ անկմանը տուրք չտալու ու ներհասարակական յարաբերութիւնների խաթարումը կանխելու իմաստով։ Յոյս ունեմ ու հաւատացած եմ, որ մենք կը կարողանանք յաղթահարել այդ մարտահրաւէրը՝ մեր հանրութեանը ներկայացնելով օբիեկտիւ, անաչառ տեղեկատւութիւն՝ դրանով ստեղծելով այլընտրանք հանրութեան համար։

Շնորհակալ եմ ուշադրութեան համար:

ՍԱԹԻԿ ՍԷՅՐԱՆԵԱՆ

Ժուռնալիստների միութեան նախագահ

29.01.2022թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։