168 TV-ի «Ռեվիւ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով IRI-ի հրապարակած հերթական հարցման արդիւնքներին, պատմական գիտութիւնների դոկտոր, թուրքագէտ Վարուժան Գեղամեանն ասաց, որ չնայած գործող իշխանութեան կողմից ձեռնարկւող մեդիամանիպուլիատիւ հնարքներին, թւերը ցոյց են տալիս ՀՀ բնակչութեան մօտ առկայ իրական տրամադրութիւնները։
«alikonline.ir» - Օրերս հրապարակւել են ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի, Հայաստանում հանրային կարծիքի հարցման հերթական արդիւնքները, ըստ որոնց՝ հարցւածների ճնշող մեծամասնութիւնը Թուրքիան (90%) եւ Ադրբեջանը (77%) համարում են Հայաստանի համար գլխաւոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ։
Հարցւածների միայն 5%-ն է կարծում, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնները պէտք է զարգանան, որպէսզի Հայաստանը զարգանայ, իսկ 29%-ն այն կարծիքին է, որ Թուրքիայի հետ պէտք է հաստատւեն առանց նախապայմանների յարաբերութիւններ։
Ու չնայած հարցւածների ճնշող մեծամասնութիւնը Թուրքիան համարել է Հայաստանի համար սպառնալիք, հարցման պատկերը բոլորովին այլ լոյսի ներքոյ ներկայացւեց Նիկոլ Փաշինեանի ընտանեկան կայքում, որտեղ հրապարակւեց յօդւած՝ «Հայաստանցիների 70 տոկոսը կողմ է Թուրքայի հետ յարաբերութիւնների հաստատմանը՝ պայմանով, որ Անկարան չխոչընդոտի ղարաբաղեան կարգաւորմանը» վերնագրով։
168 TV-ի «Ռեվիւ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով IRI-ի հրապարակած հերթական հարցման արդիւնքներին, պատմական գիտութիւնների դոկտոր, թուրքագէտ Վարուժան Գեղամեանն ասաց, որ չնայած գործող իշխանութեան կողմից ձեռնարկւող մեդիամանիպուլիատիւ հնարքներին, թւերը ցոյց են տալիս ՀՀ բնակչութեան մօտ առկայ իրական տրամադրութիւնները։
«Այս տւեալները ցոյց են տալիս, որ չնայած բոլոր մեդիամանիպուլեացիաներին եւ քարոզւող խաղաղութեան կոչերին, Հայաստանի բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը հասկանում է, թէ ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի համար Թուրքիայի եւ Արդրբեջանի հետ յարաբերութիւնների հաստատումը։ Հայաստանցիների 80 տոկոսի մօտ այդ երկրներից կայ քաղաքական, տնտեսական եւ անվտանգային ապառնալիքի գիտակցում, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի իշխանութիւնները չեն արտայայտում ՀՀ բնակչութեան մեծամասնութեան կարծիքը, ուստի չեն էլ առաջնորդւում այդ կարծիքը հաշւի առնելով։ Փաստ է մէկ բան՝ այս հարցման արդիւնքները ցոյց են տալիս, որ Հայաստանի բնակչութեան բացարձակ մեծամասնութիւնը Թուրքիան եւ Ադրբեջանը համարում է թշնամի երկրներ»,- ասաց պատմական գիտութիւնների թեկնածուն՝ ընդգծելով, որ ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնը, բացի ՀՀ բնակչութեան մեծամասնութեան շահերը հաշւի չառնելուց, չի գիտակցում նաեւ այդ մեծամասնութեան ու ողջ պետութեան առաջ ծառացած իրական մարտահրաւէրները։
«Մինչդեռ մեծամասնութեան համար առաջնահերթութիւն է ոչ թէ այս կարգավիճակով Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատումը, այլ գերիների վերադարձը, Սիւնիքի անվտանգութեան ապահովումը, Արցախի քաղաքական անվտանգութեան ապահովումը։ Այս առաջնահերթութիւնները որեւէ կերպ արձանագրւած չեն ՀՀ դէ ֆակտօ իշխանութեան ծրագրերում»,- ասաց Գեղամեանը։
Նրա խօսքով՝ այս պատկերին զուգահեռ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրագոյն քաղաքական ռազմական ղեկավարութիւնը ոչ միայն 2020 թւականի նոյեմբերի 9-ից յետոյ չի նւազեցրել հակահայկական ֆաշիստական տրամադրութիւնները, այլեւ ընդհակառակը՝ տեսնելով ՀՀ գործող իշխանութեան վարած քաղաքականութիւնը, տեսնելով նրանց տրամադրութիւնները, աւելի են խորացրել այդ հակահայկական տրամադրութիւնները եւ յստակ խօսում են այն մասին, որ Հայաստանը պէտք է բանակ չունենայ, ինչը կը բերի Հայաստանի՝ որպէս տարածաշրջանում գործօն, վերացման ու տնտեսական ապաշրջափակման, ուստի այս համատեքստում աբսուրդի ժանրից է գործող դէ ֆակտօ իշխանութեան՝ խաղաղութեան քարոզը»,- ասաց թուրքագէտը՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանութիւնը դարձել է Թուրքիայի եւ Ադրբեջանի օրակարգը մեր երկրում սպասարկողը, ու դա է պատճառը, որ մեր թշնամական երկրներից չենք տեսնում այս իշխանութեան նկատմամբ որեւէ բացասական խօսք. աւելին՝ թուրքական մամուլն անթաքոյց աջակցում է Նիկոլ Փաշինեանին։
«Աննախադէպ է, երբ Հայաստանն ու Թուրքիան միմեանց հետ գոյաբանական թշնամիներ են, բայց այդ երկրի մամուլն անթաքոյց աջակում է Նիկոլ Փաշինեանին. միայն այս հանգամանքը բաւարար պէտք է լինէր, որ ՀՀ դէ ֆակտօ իշխանութեան նկատմամբ քրգործ յարուցւէր, սակայն չեմ բացառում, որ այս կամ այն պատրւակի անւան տակ Թուրքիայից յայտարարեն, որ իրենց այս կամ այն կոմունիկացիաները վտանգւած են, դրանք պաշտպանելու անւան տակ կարող են զօրք մտցնել Հայաստան, օրինակ, Սիւնիքի մարզ. դա կանեն այնպէս, ինչպէս զօրք մտցրեցին Սիրիա»,- ասաց Գեղամեանը։
Աղաւնի Սուքիասեան