Հա

Քաղաքական

13/02/2022 - 12:50

«Եթէ զոհաբերութեան պատրաստ չենք». Պրոֆեսոր Գուրգէն Մելիքեան

Երեւանի պետական համալսարանում մի 85-ամեայ կաղնի կայ, որի արմատները Իրանի հարաւարեւմտեան Աբադանում են, Արցախում, Հայաստանի, կամ` աւելի ստոյգ` հայկական աշխարհի բոլոր անկիւններում: Բարձրահասակ ու թիկնեղ, Անդրանիկի եւ Վիլիամ Սարոյեանի բեղերով, բոլորից առանձնացող այդ մարդու ժպիտը, բարեւը, խօսքն օրհնութիւն է, նրա ձեռքը` միշտ օգնութիւն բաշխող: ԵՊՀ-ում սովորողներիս համար, անկախ նրանից` պրոֆեսոր Գուրգէն Մելիքեանը դասաւանդե՞լ է, թէ՞ ոչ, ուսուցիչ է: 

Երեւանի պետական համալսարանում մի 85-ամեայ կաղնի կայ, որի արմատները Իրանի հարաւարեւմտեան Աբադանում են, Արցախում, Հայաստանի, կամ` աւելի ստոյգ` հայկական աշխարհի բոլոր անկիւններում: Բարձրահասակ ու թիկնեղ, Անդրանիկի եւ Վիլիամ Սարոյեանի բեղերով, բոլորից առանձնացող այդ մարդու ժպիտը, բարեւը, խօսքն օրհնութիւն է, նրա ձեռքը` միշտ օգնութիւն բաշխող: ԵՊՀ-ում սովորողներիս համար, անկախ նրանից` պրոֆեսոր Գուրգէն Մելիքեանը դասաւանդե՞լ է, թէ՞ ոչ, ուսուցիչ է: Նա առաջինն է բարեւում ուսանողներին, բարեւելիս նկատելի խոնարհում է գլուխը, որ սովորեցնում է յարգանք դիմացինի հանդէպ: Յատկապէս ուսանող ժամանակ մեզ շատ «մեծ» էինք զգում այդպիսի բարեւ նւէր ստանալիս: Ուսուցչի այդ ընդգծւած սէրն իր սանի, իրենից կրտսերի հանդէպ, իմ կարծիքով, Քրիստոսի օրինակն է: Գուրգէն Մելիքեանը սերունդներ է կրթել, իսկ դրանք շատ են եւ կը հաստատեն իմ նկատածը: Նա թթւածին է եղել քաղաքականութեան փոշու մէջ ապրելու կամքը չկորցրած հանրութեան` արցախահայութեան համար: Այսօր էլ ԵՊՀ նրա սենեակում գեղեցիկ ու խնամւած բուսականութեան, գրքերի ու թղթերի կողքին Արցախ տարւելիք արկղեր են կիտւած: Ֆիզիկապէս` մի ոտքով միշտ Արցախ վազող այդ մարդն, ինչպէս ինքն է ասում, ապրում է Պօղոս առաքեալի թեւաւոր խօսքով` «այն, ինչ տւեցիր, քոնն է յաւիտեան, այն, ինչ պահեցիր, կորած է յաւերժ»:

 

- Ես այդ սկզբունքով եմ ապրում եւ ինձ երջանիկ եմ զգում: Երբ դու քո ժողովրդի ցաւերը տեսնում ես, փորձում ես մի կերպ դա ապաքինել, երջանիկ ես զգում քեզ: Մեծն Սաադին ասում է` (պարսկերէն է արտասանում, ապա թարգմանում) «թշւառութիւնից չէ, որ այս վիճակում եմ, եւ դալուկ է մարմինս: Թշւառների վիշտն ինձ այսպէս դարձրեց»: Տեսէ՛ք, ինձ մօտ ցուցակ է փախստականների, որոնց վերաբնակեցնում ենք: Ոմանք կով են ուզում իրենց առօրեայ ապրուստը հոգալու, 7-8 երեխայ ունեցողները լւացքի մեքենայ են ուզում, սառնարան են ուզում, հեռուստացոյց: Երբ ամէն վայրկեան մտածում ես այդ ընտանիքների մասին, դու գտնում ես այն բանալին, որը քեզ երջանկացնում է: Այդ դուռը դո՛ւ պէտք է բացես եւ երջանիկ կը զգաս:

Դարեհ Վշտասպն ասում է` երկիրս հեռու պահիր թշնամուց, ստից եւ երաշտից: Հաւասարազօր են այս երեքը: Քեզ հաւատացնում եմ` Արցախը մնալու է: Եւ Գէորգն է մնայուն: Եւ իր գործն է մնայուն (նկատի ունի ակտիւ համալսարանական Գէորգ Արշակեանին, որ կամաւոր մեկնեց Մատաղիս` ծառայութեան, ապա 2020-ի պատերազմի սկզբում կամաւորագրւեց, անմահացաւ Շուշին պաշտպանելիս): Դու արի այդ գիւղերը, մարդիկ ինչ պայմաններում` 7-8-9 երեխայ ունեն:

 

- Մենք չե՞նք դաւաճանում Արցախին:

- Ո՛չ: Իշխանութիւններին թողնենք: Մարդիկ լւացքի մեքենայ, կով են ուզում ապրուստի համար: Այս մարդկանց ձեռքները պիտի բռնենք, որ Գէորգները յաւերժ լինեն: Թէ՛ քո համալսարանական հայրը, թէ՛ Արշակեան Գէորգը յաւերժութեան մէջ չասեն` էս ի՞նչ եղաւ մեզ հետ: Ինչո՞ւ ենք մենք այսպէս:

 

- Մեր ուսանողական տարիներին շատերն Արցախի տեղը չգիտէին: Թէպէտ արցախահայեր սովորում էին մեր ԵՊՀ-ում: Եւ Դուք մեր աչքի առջեւ ուսանողների հետ խումբ կազմած գնում էիք հայոց աշխարհի այդ եզերքը` ծառ տնկելու, ասել է, թէ հողն արմատներով պահելու, երկիրը մերը դարձնելու, պտուղը հաւաքելու: Ձեր մշակածն ու իրականացրածը բաց, հեռուն տեսնող ռազմավարութիւն էր: Ակնկալո՞ւմ էիք, որ մենք անկախ երկիր պիտի ունենանք, կարո՞ղ էիք դա կռահել այդ տարիներին, նաեւ այն, որ Արցախը պիտի ինքնորոշւէր:

- Ես չէի կասկածում: Առաջին ծառատունկը 1988-ին Մաճկա լաշենում ենք իրականացրել: Սահակ եւ Մեսրոպ բլուրների վրայ. Ամարասի կողմը ծառատունկ ենք իրականացրել, Խորէն Պալեանն էլ մեզ հետ էր: Սիրով, իր երգով զարդարում էր: Դա վերելքի շրջան է եղել: Ուսանողներից շատերը ռազմաճակատում զոհւեցին: Պիտի հողը սիրես, զարդարես: Ասում են, երբ Շահ Աբբասը 1604-ին հայերին տեղափոխում է Նոր Ջուղա, մեծ վէճ է լինում պարսիկների եւ հայերի մէջ: Շահը հարցնում է` ի՞նչ է պատահել: Պարսիկները բողոքում են, թէ «նրանք մեր տնկիները գողացել, տարել են իրենց բակերը»: «Օ, ասում է, ձեր տնկիների փողը ես կը տամ, հայերը մնում են, շնորհաւորում եմ ձեզ»: Կարո՞ղ էք պատկերացնել: Այսինքն` ով ծառ է տնկում, նա գիտակցում է, որ դա ի՛ր հողն է: Պէտք է շէնացնել, պէտք է զարդարել: Մենք աւելի քան 10 հազար ծառ ենք տնկել: Հիմնականում` ընկուզենիներ: Այդ պուրակները, որ կան` Սամուէլեան Դաւթի պուրակն է, Վահագն Մահտեսի Յակոբեանցի պուրակն է, Սերժ Բաբայեանցի պուրակն է, Մոնթէ Մելքոնեան, Լէոնիդ Ազգալդեան, Դուշման Վարդանի պուրակն է, ասմունքի ութերորդ փառատօնի մասնակիցների, Թաթուլ Կրպէյեանի, ԵՊՀ 90-ամեակի, 100-ամեակի, ՀՀ 25-ամեակի պուրակները զարդարում են այդ ճանապարհը: Չես պատկերացնի, թէ այս տարի որքան բերք են տւել այդ պուրակների ծառերը: Մի կին մօտեցել էր ինձ, ասում էր` պարոն Մելիքեան, կարո՞ղ էք պատկերացնել, ես 60 հազար դրամի մուրաբայի ընկոյզ եմ ծախել, չգիտեմ` ուրիշներն ինչքա՞ն: Այսինքն` մեր նպատակին հասել ենք: Մարդը կարողանում է իր ապրուստը հայթայթել:

 

- Պարո՛ն Մելիքեան, դուք պատրաստեցիք արեւելագէտների, դիւանագէտների մի մեծ բանակ, որ 30 տարի շարունակ համարեա ոչնչից ստեղծեց ԱԳՆ: Շատերն ասում են, թէ ռազմական յաղթանակ ունեցանք, բայց դիւանագէտները չկարողացան այն ամրագրել: Դուք ի՞նչ կասէք:

- Անկեղծ ասած` այն դիւանագէտներին, որ ես գիտեմ, նրանք այնպիսի՛ դպրոց են անցել, որ չէին կարող հնարաւորութիւնը բաց թողնել: Երբե՛ք: Վերջին ժամանակներում մեր շրջանաւարտներից մէկի հետ խօսում էինք այս հարցերի մասին, ասաց` պատահական չէ, որ ձեր դպրոցն ենք անցել: Այնքան ուրախացրեց ինձ այդ դիւանագէտը: Ըստ երեւոյթին դպրոցը միայն դասը չէ, տառը չէ, բանաստեղծութիւնը չէ, այլ կենսակերպն է: Աշխարհաքաղաքացի էի, երբ եկայ հայրենիք, բայց երբ աւարտեցի Երեւանի պետական համալսարանը, հա՛յ մարդ դարձայ: Այն կուսակցութիւնը, որի շարքերում եմ եղել, այդպէս էր մեզ դաստիարակում, բայց նաեւ` մա՛րդ լինել: Ես Իրանի կոմկուսի` «Թուդեհ»-ի մէջ եմ եղել: Հայրս 1933 թւականին էր Հայաստանից փախել, եւ դեռ փոքրուց, անընդհատ իմ եւ ինձանից տարիքով փոքր քոյրիկիս ականջներում հնչում էր Հայաստան: Այդ բառով քնում եւ արթնանում էինք:

 

- Արեւելագիտութիւնը միշտ յարգի է եղել արեւմուտքում, բացառիկ դեր է ունեցել: Եւրոպան միշտ գտել է մեր տեղը քարտէզներում: Թանգարաններում դա կարելի է տեսնել: 30 տարի կարողացա՞նք օգտագործել այդ հանգամանքը:

- Ցաւօք սրտի` ոչ: Մեր հարեւան Իրանին չկարողացանք մեր կողմը պահել: Հակառակ այն բանի, որ 1957 թւականին Ստեփան Ալաջաջեանն ասում էր` «մեր փրկութեան դարպասը Պարսկաստանն է»: Իմաստուն պիտի լինես, որ սովետի փլուզումից առաջ այդ միտքն արտայայտես: Սա ամէն մարդու տրւած չէ: Եւ մենք չկարողացանք դա օգտագործել` այդ հզօր հարեւանին:

 

- Ինչո՞ւ: Դիւանագիտութի՞ւնը, թէ՞ քաղաքականութիւնն էր կաղում:

- Թոյլ տւէք ասել` քաղաքականութիւնն էր կաղում: Վստահօրէն: Յատկապէս վերջին շրջանում: Այսինքն` դու կողմնակից բարեկամ արդէն չունէիր: Սա սարսափելի է, չէ՞: Միայնակ մեկնում ես ռազմաճակատ: Ու քո թշնամին բազում երկրների հետ համագործակցելով, օգտագործելով նրանց զինուժը նաեւ, մտնում է քեզ հետ պայքարի: Այդ իմաստնութիւնը մենք չունեցանք, ցաւօք սրտի:

 

- Մի մտայնութիւն էլ կայ` մեր ձգտումը, աւելին` փախուստը դէպի արեւմուտք: Արդեօք այդ հոգեմտաւոր փախուստը, թէ արեւելքցի չենք, դա՞ էլ պատճառ չդարձաւ նաեւ:

- Դա էլ մեզ հարւածեց` վստահօրէն: Մենք արեւելեան ժողովուրդ ենք: Մենք չենք կարող մեր աւանդական կենսակերպը անմիջապէս փոխել էն գլոբալիզմի հետ, որը գոյութիւն չունի: Այդ դեմոկրատիան սուտ է: Դեմոկրատիան Կիւրոսի երկիրն է` Իրանը, որ ցայսօր, մենք լինելով քրիստոնեայ, ապրում ենք այդ երկրում, եւ նրանք մեր վանքերն ու եկեղեցիները վերանորոգում են իրե՛նց միջոցներով: Սա չհասկացանք մենք: Մի եւրոպական երկիր ցոյց տուր, որ քո վանքերից որեւէ մէկը վերանորորգել է: Ես ցոյց տամ` Սուրբ Ստեփանոս, Ս. Թադէի վանքը Պարսկաստանում, Ծործորի եկեղեցին ձորից տեղափոխեցին, որովհետեւ այնտեղ պիտի ջրամբար լինէր, եւ վերանորոգեցին:

 

- Բայց սրան առնչւող մի տարբեր կարծիք էլ կայ: Ոմանք ասում են` իսկ Շուշիի հարցում ինչո՞ւ անտարբեր եղան: Ինչո՞ւ հիմա էլ չեն հակադարձում, թէ Շուշին ոչ թէ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է, այլ` որոշ յուշարձաններ, օրինակ մզկիթը պարսկական դրոշմ ունեն:

- Մզկիթը նորոգելու գումարը մենք չենք տւել, իրանցի վարպետներ եկան, եւ այդ հրաշք կոթողն այսօր շատ լաւ վիճակում է: Իրանցիները գործով են ասում: Ապացոյցը նրանց բանակի զօրաշարժն էր, որ տեղի ունեցաւ: Նորից մենք չօգտագործեցինք դա:

 

- Պարո՛ն Մելիքեան, ասում էք, որ լաւ արեւելագէտներ, իրանագէտներ ունենք: Քաղաքականութեան պատա՞նդն են եղել նրանք, մեր դիւանագէտները, որ չեն հրատարակել իրենց` գրքի տեսքով խորհուրդները: ԵՊՀ հրատարակչութիւնը, ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտը բաւարար հրատարակութիւններ դրե՞լ են մեր սեղանին` տարբեր լեզուներով, նաեւ` պարսկերէն, արտերկրում ներկայացրե՞լ են մեր դիրքորոշումը: Միշտ ֆինանսների անբաւարարութեամբ են պատճառաբանում:

- Լուրջ բացթողում է: Եթէ դիւանագէտները բերէին, մեր հիմնադրամը («Գուրգէն Մելիքեանի Քաշաթաղի բազմազաւակ ընտանիքների հիմնադրամը») սիրով կանէր:

 

- Մենք ծոյլ ենք եղել եւ բաց ենք թողել գիտական հրատարակութիւնները կարեւորելու գործը:

- Ես կարծում եմ` երկուստեք: Մեղաւորութիւնը թէ՛ դիւանագէտների, թէ՛ մեր կողմից է` գիտական աշխարհի, մեր հիմնադրամի: Կարող էինք տպագրել: Հիմա էլ շատ բան է պակասում, շատ աշխատանք կայ անելու:

 

- Դուք երբեք կռապաշտ չէք եղել: Որեւէ ժամանակ ձեր աշխատասենեակում որեւէ պաշտօնեայի լուսանկար փակցւած չի եղել: Փոխարէնը Մոնթէ Մելքոնեանի նկարը անզիջում իր տեղն ունի ձեր սենեակի պատին:

- Մոնթէն այն եզակիներից էր, որ իրօք ոչինչ չէր ուզում. Ո՛չ գինու գործարան էր ուզում, ո՛չ հող էր ուզում, ո՛չ էլ` անձնական շէնքեր: Մոնթէն ազատ հայրենիք էր ուզում: Միշտ Մոնթէի նկարն է այստեղ եղել: Բոլորը կարող են վկայել: Իշխանաւորները երբ եկել են, տեսել են: Մենք պիտի շատ զգոյշ վարւէինք նրա հետ, որ ցաւօք սրտի, չարեցինք:

 

- Պարո՛ն Մելիքեան, հարցս միգուցէ ծանր պատասխան է ենթադրում. Ինչո՞ւ այսպիսի վիճակի հասանք: Ի՞նչ պիտի անենք:

- Բացթողումները բոլորի համար են: Բոլորս պատասխանատու ենք` թէ՛ նախկին իշխանաւորները, թէ՛ այսօրւայ` այսպէս կոչւած իշխանաւորները: Ես նրանց որպէս այդպիսին չեմ ընդունում: Երկիրը զոհաբերութիւն է սիրում: Ամէն մէկս պիտի պատրաստ լինենք այդ զոհասեղանին մօտենալու: Եթէ դրան պատրաստ չենք` կը կորցնենք աւելի շատ: Պիտի համախմբւենք, եւ ամէն ինչ ընկնելու է իր տեղը: «Սահման քաջաց, զէնն իւրեանց»: Վստա՛հ եղիր, մազաչափ չկասկածես: Գէորգի մասունքները մեզ ուժ են տալու, մենք վեր ենք յառնելու, եւ լինելու է ազատ Արցախ` Հայաստանին միացած: Կամ` հայկական երկրորդ հանրապետութիւնը:

 

Azg.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։