Հա

Քաղաքական

17/02/2022 - 11:50

«Տպաւորութիւնն այնպիսին է, որ այս իշխանութեանը մարտունակ բանակ պէտք չէ»․ Ռոբերտ Քոչարեան

«Մեր սեփական բանակն այսօր ի վիճակի չէ ինքուրոյն պաշտպանել Հայաստանի սահմաններն ու անվտանգութիւնը»,- լրագրողների հետ ընթացող հանդիպմանը յայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը՝ իր ներածական խօսքում անդրադարձ կատարելով երկրի անվտանգային խնդիրներին:

«alikonline.ir» - «Մեր սեփական բանակն այսօր ի վիճակի չէ ինքուրոյն պաշտպանել Հայաստանի սահմաններն ու անվտանգութիւնը»,- լրագրողների հետ ընթացող հանդիպմանը յայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը՝ իր ներածական խօսքում անդրադարձ կատարելով երկրի անվտանգային խնդիրներին. հաղորդում է Panorama.am-ը:

Նրա խօսքով, պատերազմից յետոյ գրեթէ ոչինչ չի արւել բանակի մարտունակութիւնն ու սպառազինութիւնը վերականգնելու ուղղութեամբ։

«Անցած տարւայ նոյեմբերին Սիսիանի դէպքերը դրա վառ ապացոյցն են, իսկ վերջին 400-500 դոլարանոց լրտեսների մասին հաղորդագրութիւնը խօսում է զինւած ուժերում բարոյահոգեբանական վիճակի մասին»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա նկատեց, որ ԶՈՒ-ին բիւջէով յատկացւած միջոցները յոյս չեն ներշնչում, որ այս տեմպերով կարելի ինչ-որ բան փոխել։

«Կառավարութիւնը խնդրին բաւարար ուշադրութիւն չի դարձնում, տպաւորութիւնն այնպիսին է, որ այս իշխանութեանը մարտունակ բանակ պէտք չէ։ Նոյնիսկ երբ դատախազների թոշակներն են աւելացնում, մոռանում են, որ կան սպաներ, որոնց խրախուսելը շատ աւելի կարեւոր է Հայաստանի համար»,- ասաց նա։

Անդրադառնալով անվտանգութեան յաջորդ բաղադրիչին՝ ՀԱՊԿ-ին, Ռոբերտ Քոչարեանն ասաց՝ ՀԱՊԿ անդամ երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունեն շատ աւելի ջերմ ու ծաւալուն յարաբերութիւններ բոլոր ոլորտներում։ Ռոբերտ Քոչարեանի խօսքով, աւելին, այդ երկրների ղեկավարներն անձնական շփումների մակարդակով շատ աւելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ։

«Հետեւաբար, մտածել, որ ՀԱՊԿ-ը որեւէ կերպ կարող է արձագանգել մեր վրայ յարձակմանը կը լինէր միամտութիւն։ Ուղղակի դա բացառւում է։ Խօսքն այն մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառոյց է, այն լաւ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են։ Աշխատեց Ղազախստանի պարագայում»,- ասաց նա։

Ռոբերտ Քոչարեանի խօսքով, այս փաստի հետ պէտք է հաշւի նստել։

«Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թէ՞ չմնալ։ Իհարկէ, մնալ։ Առաջինը չկայ այնպիսի կառոյց, որ կը փոխարինի ՀԱՊԿ-ին, երկրորդը՝ այդ կազմակերպութեան շրջանակներում կան բազմաթիւ պայմանագրեր, որի շրջանակում մեր յարաբերութիւնները Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում, ինչ-որ չափով կարգաւորւում է»,- նշեց Ռոբերտ Քոչարեանը։

ՀՀ երկրորդ նախագահի խօսքով, անվտանգութեան երրորդ բաղադրիչը Ռուսաստանի հետ յարաբերութիւններն են։

«Այսօր միայն այդ գործօնն է մեր անվտանգութեան երաշխիքը։ Սա գործող հանգամանք է, բայց պատերազմն այստեղ վեր հանեց որոշ պրոբլեմներ՝ Ռուասաստանի հետ սահմանի բացակայութիւնը ցոյց տւեց օժանդակութեան որոշ լիմիտներ։ Մինչ այսօր պատասխան չկայ, թէ ինչու Վրաստանի օդային տարածքը փակ էր ռազմական բեռնափոխադրումների համար։ Հայաստանի իշխանութիւնները հաշւարկե՞լ էին դա, թէ՞ իրենց համար էլ էր դա անակնկալ։ Մինչ այսօր չկայ պատասխան, թէ ինչու պատերազմի առաջին երկու շաբաթւայ ընթացքում Իրանի օդային տարածքը եւս փակ էր։ Այս գործօնը շեշտակի ազդեցութիւն ունեցան պատերազմի արդիւնքների վրայ»,- ասաց Ռոբերտ Քոչարեանը։

Նրա խօսքով, եթէ Հայաստանի իշխանութիւններն այս ամէնը չէին հաշւարկել, դա մէկ այլ մեղադրանք է, իսկ եթէ հաշւարկել էին ու 2020-ի ամռանը Տաւուշում գնացել էին «կոնֆլիկտ հրահրելուն», ապա դա մէկ ուրիշ մեղադրանք է կարող է առաջացնել այս իշխանութիւնների նկատմամբ։

«Եթէ այս բաղադրիչները միասին նայենք, ապա պատկերը տխուր է։ Ես չեմ տեսնում քայլեր, որոնք կը փորձեն փոխել պատկերը, նւազեցնել մարտահրաւէրները։ Նման քայլեր ուղղակի չկան»,- ասաց նա։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։