Երկրամասի բնակչութեան բացարձակ մեծամասնութեան կամքն ու ցանկութիւնն արտայայտող փետրւարի 20-ի որոշման արդիւնքում Արցախն իրաւամբ դարձաւ համայն հայութեան հպարտութեան եւ ազգային զարթօնքի խորհրդանիշ: Ղարաբաղեան շարժման ալիքը տարածւեց ամբողջ աշխարհում եւ հայութեան բոլոր հատւածների կազմակերպւած պայքարի արդիւնքում անցեալ դարի 90-ական թւականների սկզբին կազմաւորւեցին հայկական երկու հանրապետութիւնները:
1988թ. փետրւարեան օրերին Արցախում (նախկին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ) տեղի ունեցած իրադարձութիւնները հիմնովին փոխեցին ոչ միայն այստեղ ապրող բնիկ հայ ժողովրդի, այլեւ նախկին Խորհրդային Միութեան այլ ժողովուրդների հետագայ տարեգրութիւնը։
Տասնեակ հազարաւոր մարդիկ, օգտագործելով ԽՍՀՄ-ում հռչակւած ազատական ու ժողովրդավարական գաղափարները, Ստեփանակերտում եւ մարզի այլ բնակավայրերում խաղաղ հանրահաւաքների միջոցով ձգտում էին վերականգնել պատմական արդարութիւնը՝ հայկական մարզը Հայաստանին վերամիաւորելու մի քանի սերունդների չիրականացւած երազանքը։
Համաժողովրդական օրէցօր թափ առնող շարժումը ի սկզբանէ որդեգրեց խաղաղ ճանապարհով՝ իրաւական ու քաղաքական եղանակներով բարձրացւած խնդիրը լուծելու վարքագիծ, ինչն աներկբայ հաստատում ստացաւ փետրւարի 20-ին՝ նախկին մարզի բարձրագոյն ներկայացուցչական մարմնի՝ ժողովրդական պատգամաւորների մարզային խորհրդի 20-րդ արտահերթ նստաշրջանում. ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ-ին վերամիաւորելու մասին ընդունւած պատմական որոշումն ազդարարեց արցախեան ազգային-ազատագրական պայքարի նոր փուլը՝ ղարաբաղեան շարժումը քաղաքակիրթ՝ իրաւական ճանապարհով առաջ Արցախի ժողովրդի վճռականութիւնը։
Ցաւօք, Ադրբեջանի ԽՍՀ ղեկավարութիւնը ունակ չեղաւ օգտագործելու խնդիրը ճիշտ հանգուցալուծելու բացառիկ շանսը, եւ արդիւնքում տարածաշրջանը յայտնւեց տեւական անկայունութեան եւ Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով հարցը լուծելու իր գայթակղութիւնների ցանցում։
Երկրամասի բնակչութեան բացարձակ մեծամասնութեան կամքն ու ցանկութիւնն արտայայտող փետրւարի 20-ի որոշման արդիւնքում Արցախն իրաւամբ դարձաւ համայն հայութեան հպարտութեան եւ ազգային զարթօնքի խորհրդանիշ: Ղարաբաղեան շարժման ալիքը տարածւեց ամբողջ աշխարհում եւ հայութեան բոլոր հատւածների կազմակերպւած պայքարի արդիւնքում անցեալ դարի 90-ական թւականների սկզբին կազմաւորւեցին հայկական երկու հանրապետութիւնները:
1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակւած եւ միջազգային իրաւունքի ու ներպետական օրէնսդրութեան պահանջներին համապատասխան ձեւաւորւած Արցախի Հանրապետութիւնը գիտակցւած հանգրւան էր դէպի միասնական հայկական պետութիւն տանող ճանապարհին:
Անչափելի թանկ գին է վճարել մեր ժողովուրդը Արցախի ազատութեան ու անկախութեան համար մղւած պայքարում. հազարաւոր հայորդիներ իրենց կեանքն են զոհաբերել 1991-94թթ., 2016թ. քառօրեայ եւ 2020թ. 44-օրեայ պատերազմների ընթացքում: Արցախի Հանրապետութիւնն այսօր կայ եւ շարունակում է միջազգային ճանաչման հասնելու իր պայքարը հէնց այդ քաջազունների անձնազոհութեան շնորհիւ: Մեր խոնարհումը նրանց անմար յիշատակի առջեւ:
Վերջին 34 տարիներին մենք անցել ենք կայացման ու զարգացման, յաղթանակների ու անհաջողութիւնների մի երկար ուղի եւ այդ ընթացքում ամրապնդւել է այն գաղափարը, որ հայկական Արցախի ապագան երաշխաւորւած է միայն ազատ ու անկախ ապրելու հեռանկարի մէջ:
Արտայայտելով Արցախի ժողովրդի հաւաքական կամքն ու կարծիքը, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը՝
- վերահաստատում է իր հաւատարմութիւնը 1988թ. փետրւարի 20-ի պատմական որոշմանը եւ վճռականութիւնը՝ պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրաւունքը,
- միջազգային շահագրգիռ կառոյցների եւ, առաջին հերթին, Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարանների ուշադրութիւնն է հրաւիրում այն հանգամանքի վրայ, որ Արցախի հայ ժողովուրդը դարեր իր վեր պայքարել է իր ինքնութիւնը պահպանելու համար, ստեղծել է նիւթական ու մշակութային արժէքներ, որոնք այսօր վտանգւած են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան որոշ տարածքների բռնազաւթման արդիւնքում,
- կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին անյապաղ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան ղարաբաղեան հակամարտութեան լուծման ուղղութեամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար:
Տարածաշրջանում տեւական խաղաղութեան եւ կայունութեան կարելի է հասնել միայն Արցախի Հանրապետութեան ժողովրդի հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները յարգելու ճանապարհով: Հէնց այդ նպատակով է արցախահայութիւնը 1988թ. սկսել իր ազատագրական պայքարը եւ պատրաստ է շարունակել այն՝ վերջնական նպատակին հասցնելու վճռականութեամբ:
ք. Ստեփանակերտ
18 փետրւարի 2022թ.