Հա

Քաղաքական

23/02/2022 - 12:40

«Ունեմ զգացողութիւն, որ դեռ գտնւում ենք պատերազմի մէջ, պարզապէս զինւած յարձակում չկայ». Արման Թաթոյեան

Արման Թաթոյեանը ուղիղ 6 տարի առաջ՝ 2016 թւականի փետրւարի 23-ին ԱԺ-ի կողմից ընտրւել է ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան։ Այսօր ասուլիսում նա ամփոփում է իր գործունէութեան 6 տարին՝ նշելով, որ այս տարիներին աշխատել են ամենաբարդ, լարւած ու ճգնաժամային իրավիճակներում։

«alikonline.ir» - Արման Թաթոյեանը ուղիղ 6 տարի առաջ՝ 2016 թւականի փետրւարի 23-ին ԱԺ-ի կողմից ընտրւել է ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան։ Այսօր ասուլիսում նա ամփոփում է իր գործունէութեան 6 տարին՝ նշելով, որ այս տարիներին աշխատել են ամենաբարդ, լարւած ու ճգնաժամային իրավիճակներում։ Գրում է Panorama.am-ը:

«Մշտապէս ինձ ուղեկցել է մի կարեւորագոյն սկզբունք՝ հաւատարիմ լինել երդմանը, նաեւ՝ անել մշտապէս ամէն ինչ որքան անհրաժեշտ է, իսկ դրանից յետոյ էլ՝ ամէն ինչ որքան պէտք է»,- ասաց Արման Թաթոյեանը։

Նա թւարկեց, թէ իր պաշտօնավարման ընթացքում ինչ իրադարձութիւններ են տեղի ունեցել եւ ինչպիսի աշխատանքներ են կատարել՝ 2016-ին Ապրիլեան պատերազմ, ոստիկանութեան ՊՊԾ գնդի հետ կապւած իրադարձութիւնները՝ զանգւածային հաւաքներ, ակցիաներ, ձերբակալութիւններ, իրաւունքների խախտումներ։

«2018 ապրիլ-մայիս ամիսների իրադարձութունները տեղի ունեցան։ Աշխատանքային խմբերով աշխատել ենք գիշեր-ցերեկ, յաճախ լուսացնելով ոստիկանութեան բաժիններում, ՔԿՀ-ներում, աշխատակազմում, որպէսզի կարողանանք պատշաճ իրականացնենք մեր պարտականութիւնները»,- ասաց ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը։

Այնուհետեւ 2020 թ. յուլիսին ադրբեջանական իշխանութիւնները սանձազերծել էին ագրեսիա Տաւուշի ուղղութեամբ, ՄԻՊ աշխատակազմն իրականացրել է փաստահաւաք աշխատանքներ, միջազգային կառոյցներին են ներկայացրել ճշգրիտ տեղեկութիւններ, պատերազմական յանցանքները։ Կորոնավիրուսի ժամանակաշրջանում աշխատել են երեք հիմնարար ուղղութեամբ՝ իրազեկում, կոնկրետ գործերով մարդու իրաւունքների պաշտպանութիւն, վերահսկողութիւն պետութեան նկատմամբ, որպէսզի պետութիւնը, չօգտւելով արտակարգ դրութիւնից եւ չարաշահումներ թոյլ չտայ։

Ա. Թաթոյեանն ասաց, որ 2020 թ. աեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած աղէտաբեր 44-օրեայ պատերազմից յետոյ էլ շարունակւում են խախտումները սահմանային բնակավայրերում, Արցախում։

«Այս ողջ ընթացքում, հիմա էլ ունեմ այն զգացողութիւնը, որ դեռ գտնւում ենք պատերազմի մէջ, պարզապէս զինւած յարձակում չկայ, իրաւական ձեւակերպումն այդպէս չէ»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը։

Նա ընդգծեց, որ չնայած այս լարւած իրավիճակներին, ունեցել են դիմումների եւ բողոքների շեշտակի աճ։ Համեմատութեան համար Ա. Թաթոյեանը նշեց. 2015 թւականին գրաւոր եւ բանաւոր դիմում-բողոքները եղել են 5214, 2016-ին՝ 5113, արդէն 2020 թւականին 14 հազար 780, իսկ 2021-ին՝ 21 հազար 118. Թէժ գծին 2015 թ. ստացւել է 2086 ահազանգ, 2016-ին՝ 1876, ապա 2020-ին 11 հազար 735, 2021-ին՝ 14 հազար 124. 6 տարւայ ընթացքում 5 անգամ աճել է ՍԴ ներկայացվող դիմումների թիւը։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։