«Այս պահին ինձ չեմ տեսնում պետական համակարգում, ես ինձ տեսնում եմ այլ գործունէութիւն իրականացնելիս»,- ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը, ում պաշտօնավարման ժամկէտը լրանում է։
«alikonline.ir» - «Այս պահին ինձ չեմ տեսնում պետական համակարգում, ես ինձ տեսնում եմ այլ գործունէութիւն իրականացնելիս»,- ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը, ում պաշտօնավարման ժամկէտը լրանում է։ Գրում Panorama.am-ը:
Նա նշեց, որ իրականացնելու է հանրային գործունէութիւն։
«Ես շատ վատ լուր ունեմ ադրբեջանական իշխանութիւնների համար, Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը չի դադարեցնում իր հանրային գործունէութիւնը՝ յատկապէս ադրբեջանական խախտումների հետ կապւած։ Շարունակելու ենք իրենց խախտումները, պատերազմական յանցանքները վեր հանել, այնպէս որ իրենք ուրախանալու տեղ չունեն»,- ընդգծեց Արման Թաթոյեանը։
Նա ասաց, որ քաղաքական որեւէ ուժից իրենց միանալու առաջարկ չի ստացել. «Ստանալու դէպքում էլ չեմ պատրաստւում որեւէ քաղաքական ուժի միանալ։ Առաւել եւս հիմա ես իրականացնելու եմ հանրային գործունէութիւն»։
Թաթոյեանի խօսքով, խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ այդպիսի առաջարկներ եղել են, բայց կտրուկ մերժում են ստացել. «Հիմա էլ եմ ասում, ամենայն յարգանքով, բայց ունենք այն, ինչ ունենք»։
Հարցին՝ ՄԻՊ պաշտօնավարման հետ կապւած սահմանափակում չկայ, կարող էին իրեն առաջադրել երկրորդ անգամ, եթէ առաջարկւէր երկրորդ անգամ ընտրւել ՄԻՊ պաշտօնում, կը համաձայնէ՞ր, թէ՞ ոչ, Ա. Թաթոյեանը պատասխանեց. «Եթէ իմ խնդիրը լինէր վերաառաջադրւելն ու վերընտրւելը, կարող էի այնպէս աշխատել, որ վերաառաջադրւէի, առաւել եւս եղել են ակնկալիքներ, որ իմ հրապարակային գործունէութիւնը դադարեցնելու, էականօրէն պասիւացնելու պայմաններում կարող էր նման շանս ընձեռնւել։ Իմ խնդիրը չի եղել ամէն գնով առաջադրւելը, այլ իմ խնդիրն է եղել մեր ժողովրդի առաջ, իմ երդմանը համապատասխան առաքելութիւն իրականացնելը մինչեւ վերջ։ Բնականաբար, արել եմ իմ գործն այնպէս, ոնց պէտք է անէի, երբեւէ չեմ մտածել այդ մասին, չեմ անհանգստացել։ Աւելին՝ եթէ ինչ-որ մէկն էլ պէտք է անհանգստանար, այն պաշտօնեաներն էին, ովքեր խախտում էին մարդու իրաւունքները կամ փորձում էին ՄԻՊ հասատատութեանն անլուրջ վերաբերւել։ Եթէ որեւէ բան անում ես, մտադրւել ես, պէտք է կատարես քո առաջադրանքը, ոչ թէ քո բարեկեցութեան, կոմֆորտ զոնայի մասին»։
Յիշեցնենք, որ Արման Թաթոյեանը ՀՀ Մարդու իրաւունքների պաշտօնում է 2016 թւականից. փետրւարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից փակ, գաղտնի քւէարկութեամբ, ձայների կողմ՝ 96, դէմ 7 յարաբերակցութեամբ ընտրւել էր Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան։ Պաշտպանն ընտրւում է վեց տարի ժամկէտով։
Արման Թաթոյեանի կը յաջորդի Քրիստինէ Գրիգորեանը։ Նա ՄԻՊ է ընտրւել յունւարի 24-ին, թեկնածութիւնն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնը։