168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանն անդրադառնալով թշնամու սադրանքներին՝ նկատեց՝ իհարկէ, Ադրբեջանը պրովոկացիաների մասնագէտ է։
«alikonline.ir» - Թշնամին շարունակում է սադրանքների դիմել Արցախի Հանրապետութեան Խրամորթ գիւղի խաղաղ բնակչութեանն ահաբեկելու համար։ Ադրբեջանցիները իրենց զբաղեցրած դիրքերից բարձրախօսով խրամորթցիներին կոչ են անում լքել գիւղը, քանի որ, իրենց ձեւակերպմամբ, այն պատկանում է Ադրբեջանին։
Յիշեցնենք, որ փետրւարի 16-ին թշնամին կրակել էր դաշտում աշխատող խաղաղ բնակչի տրակտորի վրայ՝ վնասելով այն։
168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանն անդրադառնալով թշնամու սադրանքներին՝ նկատեց՝ իհարկէ, Ադրբեջանը պրովոկացիաների մասնագէտ է։
«Ադրբեջանի կողմից սպասելի են տարբեր պրովոկացիաներ, սակայն մարդիկ դրանք չպէտք է հաշւի առնեն եւ չպէտք է կուլ տան Ադրբեջանի խայծը։ Արցախում որեւէ խուճապ չկայ եւ չի էլ կարող լինել։ Պէտք է լաւ գիտակցենք, որ Ադրբեջանը փորձելու է դիմել տարբեր հնարքների, այդ թւում՝ տեղեկատւական դաշտում, փորձելով վհատեցնել արցախցիներին։ Սա ամէն վայրկեան է իրականացնում՝ սոցցանցերում, տարբեր հարթակներում, բայց սա չի նշանակում, որ նրանց խայծը պէտք է կուլ տանք։ Ի վերջոյ, Արցախը մարտնչող երկիր է՝ հերոսութեան եւ տոկունութեան խորհրդանիշ է, եւ ի՞նչ, մենք պէտք է վախենա՞նք թշնամու «երգերից»։ Ամէն ինչ վերահսկելի է, չպէտք է անհանգստանալ, իրավիճակը կայուն է»,- նշեց Դաւիթ Բաբայեանը։
Նրա խօսքով՝ Ադրբեջանն Արցախում չի դիմի լայնածաւալ ռազմական գործողութիւնների, դրա հաւանականութիւնը շատ քիչ է, եթէ գնայ այդ քայլին, ապա դա նրա համար կը լինի «ինքնասպանութիւն»։
«Քանի դեռ Արցախում կան ռուս խաղաղապահները, եւ կայ Արցախի ոգին, արցախցիների հաստատակամութիւնն անկոտրում է։ Արցախը կանգնած է եւ կանգնելու է»,- եզրափակեց Դաւիթ Բաբայեանը։
Զւարթ Խաչատրեան