ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Ղազինեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«alikonline.ir» - ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Ղազինեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Պատերազմը վատ բան է, աղէտ է, արհաւիրք:
Պատերազմներ եղել են միշտ, կան հիմա եւ հաստատապէս կը լինեն նաեւ ապագայում՝ անկախ խաղաղ ապրելու երազանքներով տարւած մարդկանց քանակից:
Պատերազմն է հաստատում խաղաղութիւն, սահմանում յաղթողին եւ պարտւողին, ձեւաւորում հակամարտող ուժերի միջեւ հաւասարակշռութիւն, եւ վերջապէս, սահմանում այն պայմաններն ու կանոնները, որոնց հիմքի վրայ պէտք է հաստատւի երկար սպասւած խաղաղութիւնը:
Յաղթում են այն ազգերն ու պետութիւնները, որոնք հասկանում են այս պարզ իրողութիւնը եւ ձգտելով իրական խաղաղութեան մտնում են պատերազմի մէջ՝ իրենց պատմական հայրենիքում անվտանգ եւ բարեկեցիկ ապրելու իրաւունքը ամրագրելու համար:
Իսկ պարտւում եւ կոտորւում են այն ազգերն ու պետութիւնները, որոնք հաւատում են, որ իրենց կոտորելու ու ոչնչացնելու եկող թշնամու հետ կարելի է խաղաղութիւն քննարկել, առեւտուր անելու եւ լաւ ապրելու մասին երազել:
Համընդհանուր պատերազմական վիճակում, երբ խախտւել է ուժերի հաւասարակշռութիւնը իսկ աշխարհի մեծերը գնում են առճակատման, խաղաղութեան մասին խօսելը սխալ է, անթոյլատրելի, յանցաւորութեան աստիճանի վտանգաւոր:
3000 տարի գործել եւ ներկայումս շարունակում է գործել «ցանկանում ես խաղաղութիւն՝ ամէն օր պատրաստւիր պատերազմի» երկաթեայ կանոնը, եւ յաղթում ու ապրելու իրաւունք են ստանում այն պետութիւնները, որոնք հետեւում են այս կանոնին, չեն դաւաճանում ազգային շահերին, չեն դառնում գործիք օտար ուժերի ձեռքին եւ յանուն իշխանութեան պահպանման չեն խաբում սեփական ժողովրդին:
Մեզ պէտք է ուժեղ բանակ, ամուր պետականութիւն, ազգային արժանապատւութիւն եւ երկաթեայ կամք՝ մեր պայմաններով խաղաղութիւն հաստատելու եւ մեր պատմական Հայրենիքում արժանապատիւ կեանքով ապրելու համար:
Կեղծ խաղաղասիրութիւնը յանգեցնում է պետութեան ու պետականութեան կորստի, ցեղասպանութեան, գաղթի:
Մուրալով խաղաղութիւն չեն ստանում, տարածքներ յանձնելով թշնամու ախորժակը չեն բաւարարում:
Կեանքը պայքար է, պայքարը՝ կեանք: Ուզում ե՞ս ապրել, պէտք է պատրաստ լինես կռւի ու պայքարի»։