Հա

Քաղաքական

27/02/2022 - 13:40

Ուղիղ 34 տարի առաջ` 1988 թ. փետրւարի 27-ին Սումգայիթում հայ բնակչութեան բնաջնջում սկսւեց

Ուղիղ 34 տարի առաջ` 1988 թ. փետրւարի 27-ին Բաքւից 20 կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնւող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանութիւնների կողմից հայ բնակչութեան բնաջնջում սկսւեց, որն ուղեկցւում էր հայերի ունեցւածքի թալանով եւ ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարութեան լռութեան պայմաններում երեք օրւայ կոտորածների ընթացքում` տասնեակ վիրաւորներ եւ 53 սպանւած, ընդ որում սպանւածների մի մասը տանջամահ էր արւել, իսկ դիակներն այրել էին: 

Ուղիղ 34 տարի առաջ` 1988 թ. փետրւարի 27-ին Բաքւից 20 կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնւող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանութիւնների կողմից հայ բնակչութեան բնաջնջում սկսւեց, որն ուղեկցւում էր հայերի ունեցւածքի թալանով եւ ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարութեան լռութեան պայմաններում երեք օրւայ կոտորածների ընթացքում` տասնեակ վիրաւորներ եւ 53 սպանւած, ընդ որում սպանւածների մի մասը տանջամահ էր արւել, իսկ դիակներն այրել էին: 1988 թ. փետրւարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատւածում Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանութիւնների կողմից պետական մակարդակով կազմակերպւեց քաղաքի հայ ազգաբնակչութեան սպանդը։ Հայ ազգի դէմ իրականացրած այս յանցագործութեան նպատակն էր կանխել Արցախեան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արիւնայեղ գործողութիւնների հեռանկարով՝ կանխել Արցախեան ազատագրական պայքարի տարածումը։ Եղեռնագործութեան նախօրէին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Ասադովը սպառնացել էր հայերի նկատմամբ հաշւէյարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշաւ կազմակերպել դէպի ԼՂԻՄ։

Փետրւարի 26-ին՝ դէպքերից մէկ օր առաջ, Միխայիլ Գորբաչովը հայ մտաւորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախութիւն» էր յայտնել Բաքւում ապրող աւելի քան 200 հազար հայերի անվտանգութեան ապահովման շուրջ՝ այն ուղղակիօրէն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիաւորւելու արցախահայութեան պահանջի հետ։

Ծրագրւած զանգւածային ջարդերի արդիւնքում 1988 թ. փետրւարի 27-29-ը Ադրբեջանի մայրաքաղաքին անմիջապէս մօտ գտնւող Սումգայիթ քաղաքում տասնեակ հայեր սպանւեցին, հարիւրաւորները խեղւեցին, տասնեակ հազարները արտաքսւեցին: Խորհրդային Ադրբեջանի իշխանութիւնների յանցաւոր թողտւութեամբ եւ իրաւապահ մարմինների լիակատար անգործութեան պայմաններում բազմահազարանոց քաղաքը երեք օր շարունակ տրւեց զինւած ջարդարարներին, որոնք անպատիժ եւ յատուկ դաժանութեամբ սպանում էին ազգութեամբ հայ քաղաքացիներին:

Սումգայիթեան սպանդը սկիզբ դրեց մարդկայնութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների մի ամբողջ շարքի, որոնք ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան բոլոր փուլերում իրագործւում էին հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի պետական քաղաքականութեան շրջանակներում: Երեք օր շարունակւող սպանդի արդիւնքները զարհուրելի էին, ջարդարարների գործողութիւնները՝ անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտօնական տւեալներով մի քանի տասնեակ, իսկ ոչ պաշտօնական՝ հազարից աւելի սպանւածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից յետոյ ողջակիզւած, հազարաւոր վիրաւորներ, հարիւրաւոր բռնաբարւածներ, այդ թւում՝ մեծ թւով անչափահասներ, 18 հազար փախստական, մի քանի հարիւր աւերւած ու թալանւած բնակարաններ, տասնեակ կողոպտւած կրպակներ, խանութներ, արհեստանոցներ եւ հասարակական նշանակութեան օբիեկտներ, մի քանի տասնեակ հրկիզւած ու ջարդւած աւտոմեքենաներ եւ այլն։

Փետրւարի 29-ին խորհրդային զօրքեր են մտցւել Սումգայիթ, սակայն այդ օրը եւս շարունակւել են բռնարարքներն ու սպանութիւնները։ Բանակը զէնք կիրառելու հրաման չի ստացել եւ չի օգնել հայերին։ Միայն երեկոյեան դիմել է վճռական գործողութիւնների եւ կանխել հետագայ ջարդերը։

Սումգայիթի ցեղասպանութեան փաստի քողարկման եւ միջազգային հանրութեան ապատեղեկացման պատճառով Ադրբեջանի իշխանութիւնները շարունակեցին հակահայկական ուժեղ քարոզչութիւնը, ինչը յանգեցրեց 1990թ. յունւարի Բաքւի կոտորածների, որոնց զոհ գնացին հարիւրաւոր խաղաղ հայ բնակիչներ:

1988-1990թթ. ադրբեջանական իշխանութիւնների իրականացրած հայերի զանգւածային ջարդերի հետեւանքով վտարանդի դարձաւ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնւազն կէս միլիոն մարդ: Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխանը Արցախի հայ բնակչութեան խաղաղ ցոյցերի, որոնցով պահանջւում էր իրականացնել ինքնորոշման սահմանադրական իրաւունքը:

Ջարդարարներից պատասխանատւութեան է ենթարկւել միայն 94 մարդ, եւ նրանցից միայն մէկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացւել։ Մնացածներին ներկայացւել են սպանութիւնների, բռնաբարութիւնների, ջարդերի եւ այլ մեղադրանքներ, ընդ որում, առանց բացառութեան, բոլոր դէպքերում յանցագործութեան հիմնաւորումն անւանւել է «խուլիգանական դրդապատճառներ»։ Յատուկ դիտաւորութեամբ խորհրդային իշխանութիւնները բոլոր յանցագործութիւնները մէկ ընդհանուր գործի մէջ ներառելու փոխարէն, դրանք մասնատել են մի քանի մասերի՝ դատավարութիւնները կատարելով խորհրդային տարբեր քաղաքների դատարաններում։ Դատավարութիւնների ընթացքում տեղի են ունեցել դատական ընթացակարգի եւ տուժածների իրաւունքների կոպիտ խախտումներ։ ԽՍՀՄ փլուզումից յետոյ ոճրագործների շատ գործեր կարճւել են եւ նրանց մեծ մասն ազատ է արձակւել։

Ոճրագործութիւնը պաշտօնապէս չի դատապարտւել եւ զոհերի հարազատներին ցաւակցութիւն չի յայտնւել։ Դրան համարժէք քաղաքական գնահատական չտալը յանգեցրել է զանգւածային ջարդերի բռնկմանը ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ Սումգայիթի Հայոց Ցեղասպանութեան զոհերի ճշգրիտ թիւը պարզւած չէ։ Ադրբեջանի դատախազութեան տրամադրած տւեալների հիման վրայ ԽՍՀՄ դատախազութիւնը յայտարարել է, որ «Սումգայիթում զոհւել է հայ ազգութեան 27 քաղաքացի»։ Սակայն ոչ պաշտօնական տւեալներով ցեղասպանութեան ենթարկւածների թիւը հասնում է հազարի, որոնց աճիւնները մինչեւ օրս էլ յայտնաբերւում են Սումգայիթի արւարձաններում նոր շինարարութիւն կատարելիս։

Չնայած միջազգային հանրութիւնը դեռեւս Սումգայիթի ոճրագործութիւնը չի ճանաչել որպէս ցեղասպանութիւն, բայց այն դատապարտել են Եւրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) եւ Արգենտինայի խորհրդարանը։ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները եւս Սումգայիթի ոճրագործութիւնը պաշտօնապէս չեն ճանաչել ցեղասպանութիւն՝ բաւարարւելով Ստեփանակերտում զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանի եւ Մեծ եղեռնի զոհերի յուշարձանի մօտ փոքրիկ խաչքար տեղադրելով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։