Հա

Քաղաքական

06/03/2022 - 12:15

Իրանական ընկերութիւնները կը մասնակցեն Հայաստանում տարանցիկ ճանապարհների կառուցմանը

Իրանի արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը կառուցողական է որակել իր այցը Հայաստան՝ նշելով, որ Երեւանն ու Թեհրանը պայմանաւորւել են համատեղ ձեռնարկների շուրջ:

«alikonline.ir» - Իրանի արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը կառուցողական է որակել իր այցը Հայաստան՝ նշելով, որ Երեւանն ու Թեհրանը պայմանաւորւել են համատեղ ձեռնարկների շուրջ: Այս մասին «Արմէնպրես»-ին յայտնեցին ՀՀ-ում Իրանի դեսպանատնից:

«Մենք նոր պայմանագրեր ենք ստորագրել հայ պաշտօնեաների հետ դեղագործական արտադրանքի եւ կենցաղային տեխնիկայի համատեղ արտադրութեան վերաբերեալ։ Համատեղ արտադրանքը կարտադրւի Հայաստանում եւ կարտահանւի այլ երկրներ»,- ասել է Ռեզա Ֆաթեմի Ամինը։

Նա յայտարարել է, որ իր այցը Հայաստան նպատակ ունի ընդլայնել երկկողմ առեւտրային կապերը՝ ներդրումների միջոցով:

«Այս այցը միտւած է համատեղ ձեռնարկութիւնների միջոցով Իրանի եւ Հայաստանի միջեւ կապերի խորացմանը»,- Երեւան այցին ընդառաջ յայտարարել էր նախարարը:

Ռեզա Ֆաթեմի Ամինը յայտարարել է, որ Հայաստանն ու Իրանը պայմանաւորւել են Հայաստանում ենթակառուցւածքային նախագծերի շուրջ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանի, տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Գնէլ Սանոսեանի եւ ՀՀ փոխվարչապետի հետ հանդիպումների ընթացքում մենք նախնական պայմանաւորւածութիւններ ենք ձեռք բերել մի շարք հարցերի շուրջ, ինչպիսիք են Հայաստանում իրանական ընկերութիւնների կողմից ճանապարհների կառուցումը»,- ասել է նախարարը՝ յաւելելով, որ պայմանաւորւել են, որ իրանական ընկերութիւնները մասնակցեն Հայաստանում տարանցիկ ճանապարհների կառուցման մրցոյթներին:

ՀՀ-ում Իրանի դեսպանատունը յիշեցնում է, որ Իրանն արդէն պատրաստակամութիւն յայտնել է համագործակցել Հայաստանի հետ Քաջարան-Սիսիան ճանապարհահատւածի կառուցման հարցում:

Դեսպանատան հաղորդագրութեան մէջ նաեւ նշւում է, որ Իրանը Հայաստանի տարածքով Վրաստանի հետ կապող 64 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը Իրանի՝ Հիւսիս-հարաւ տրանսպորտային միջանցք գործարկելու նախագծի մի մասն է՝ յիշեցնելով, որ Հիւսիս-հարաւ տրանսպորտային միջանցքը 7200 կիլոմետր երկարութեամբ ծովային, երկաթուղային եւ աւտոմոբիլային հաղորդակցութեան երթուղիների բազմաֆունկցիոնալ ցանց է, Իրանի, Հնդկաստանի, Աֆղանստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Եւրոպայի միջեւ բեռնափոխադրումների համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։