Հա

Քաղաքական

07/03/2022 - 12:25

«Պարզապէս անամօթութիւն ու լկտիութիւն է՝ Շուշիի յանձնման համար պատասխանատու կարգել Սէյրան Օհանեանին կամ մէկ այլ անձի». Մետաքսէ Յակոբեան

Մարտի 3-ին խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Արփի Դաւոյեանը ԱԺ ամբիոնից դիմելով Սէյրան Օհանեանին՝ ասաց, որ նա դեռ պէտք է պատասխան տայ, թէ ինչու այնպէս չարեց, որ Շուշին մնայ հայկական։

«alikonline.ir» - Մարտի 3-ին խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Արփի Դաւոյեանը ԱԺ ամբիոնից դիմելով Սէյրան Օհանեանին՝ ասաց, որ նա դեռ պէտք է պատասխան տայ, թէ ինչու այնպէս չարեց, որ Շուշին մնայ հայկական։

Իշխանական պատգամաւորը նաեւ Սէյրան Օհանեանին մեղադրեց, որ իրենց ժառանգութիւն է թողել այնպիսի վատ բանակ, որը չկարողացաւ մրցել ադրբեջանական բանակի հետ։

Գրեթէ նոյն մեղադրանքները Սէյրան Օհանեանին ուղղեցին նաեւ ՔՊ-ական մի քանի այլ պատգամաւոր։

168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանն անդրադառնալով Հայաստանի իշխանութիւնների պարբերաբար հնչեցւող՝ Արցախն ազատագրողների դէմ ուղղւած մեղադրանքներին ու արւած գործը նսեմացնող յայտարարութիւններին, նկատեց՝ ՀՀ իշխանութիւնները 2018 թւականից սկսած տարածեցին թէզը՝ ձգտելով արժեզրկել այն, որ անցած 30 տարիներին հայ ազգը յարգել ու պաշտել է իր հերոսներին, իշխանութիւնը ցանկանում է վերացնել այդ հերոսապատումը։

«Այս համատեքստում առաջինը մենք տեսանք, երբ կոնկրետ գործողութիւններ եղան եւ գործեր կարւեցին Մանուէլ Գրիգորեանին, որովհետեւ հնարաւոր չէր երբեւէ, որ Արցախի հերոսը, Արցախն ազատագրողն ուղղակի, ինչպէս իրենք էին ասում, «տուշոնկա» գողացող լինի։ Դա բացառւում է, ուղղակի իրենք կարողացան այդ գործը սարքել իրենց բնորոշ ձեւով, ինչպէս շարունակում են անել մնացած հերոսներին։ Իրենք թիրախ ընտրելով հէնց Մանուէլ Գրիգորեանին՝ փորձեցին հէնց իրենով վերացնել հերոսապատումը եւ դրանով վերացնել Արցախ գաղափարը։ Սա պլանաւորւած էր, պատահական չէր, երբ յետ ենք նայում ու սկսում ենք գործընթացները վերլուծել, նրանք ամէն ինչ անում են, որպէսզի մարդկանց մէջ մտցնեն, թէ Արցախի համար ոչինչ չի արւել։ Եւ այդ ամէնը հանգուցալուծեցին պատերազմով, որտեղ ամենադաժանը մեր ունեցած զոհերն էին ու հայրենիքի կորցրած մի հատւածը»,- նշեց Մետաքսէ Յակոբեանը։

Ըստ պատգամաւորի՝ այսօր Հայաստանի իշխանութիւններն իրենց ընտրող զանգւածին պէտք է համոզեն, որ սխալ ընտրութիւն չեն կատարել, եւ իրականում այնպէս է, ինչպէս իրենք ներկայացրել են։

«Շուշիի յանձնման համար պատասխանատու կարգել Սէյրան Օհանեանին կամ մէկ այլ անձի՝ պարզապէս անամօթութիւն ու լկտիութիւն է, որովհետեւ մենք 44 օր շարունակ տեսնում էինք, թէ ինչո՞ւ պատերազմը չէր կանգնում: Չէր կանգնում, որովհետեւ Ալիեւի հետ ուղիղ պայմանաւորւածութիւն կար Շուշին յանձնելու համար։ Դա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պայմանաւորւածութիւնն էր, որի արդիւնքում Փաշինեանը Շուշին պէտք է ուղղակի նւիրէր Ալիեւին, ինչն արեց։ Իսկ Սէյրան Օհանեանը ո՛չ պատասխանատու էր, եւ ո՛չ էլ որեւէ կերպ նշանակւած էր որպէս Շուշիի պաշտպանութեան ղեկավար։ Նա կամաւոր էր գնացել Շուշի, իսկ ամբողջ պատերազմի ընթացքում իրենք ուղղակի չէզոքացրեցին մեր հերոսներին, կարողացան այնպէս անել, որ որեւէ մէկը մօտիկ չկարողացաւ գնալ մարտական գործողութիւններին։ Ես իմ աչքով եմ տեսել, թէ նրանք ինչ ջանք էին թափում որեւէ պատասխանատւութիւն կրելու համար, բայց նրանց թոյլ չտւեցին»,- յաւելեց Մետաքսէ Յակոբեանը։

Նա նաեւ ընդգծեց, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինեանին առհասարակ Արցախում չի տեսել, փոխարէնը՝ տեսել է նրա կնոջը՝ Աննա Յակոբեանին, եւ բոլորը գիտեն, թէ նա որտեղ է եղել։

Արցախում եղել են Փաշինեանի թիմակիցները, եւ պատգամաւորն անձամբ է տեսել, թէ նրանք մէկ շաբաթ շարունակ այնտեղ ինչով էին զբաղւած։ Այցելութիւները մի քանի անգամ են եղել, սկզբում ԱԺ բոլոր խմբակցութիւններից ներկայացուցիչներ են եղել, այնուհետեւ այցելել են իշխանական պատգամաւորները՝ շքախմբով, իրենց օգնականներով ու մի քանի տեսախցիկով։

«Այդ շքախմբի անդամներն էլ սոցիալական ցանցերում գրում էին, որ իրենք գնում են առաջնագիծ, ես ուզում էի հասկանալ, թէ ի վերջոյ իրենց համար առաջնագիծը որտեղ է, պարզւեց՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակն էր։ Մենք նրանց հետ մէկ անգամ հանդիպեցինք, ԱԺ այն ժամանակւայ նախագահ Արարատ Միրզոյեանն իրեն պահեց այնպէս, ինչպէս իր ղեկավարն է պահում՝ ոչ ղեկավարին յարիր պահւածքով։ Դա եղաւ մեր առաջին ու վերջին հանդիպումը։ Յետոյ նաեւ իմացանք, որ նրանք ուղեգրով էին եկել Արցախ, այսինքն՝ Արցախ գալու համար իրենք վճարւում էին։ Նրանք մի քանի ժամով էին հիւրանոցից դուրս գալիս ու այդ ընթացքում ֆոտոսեսիաներ էին անում՝ ի ցոյց հայութեան, որ իրենք եկել են Արցախ»,- եզրափակեց Մետաքսէ Յակոբեանը։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։