Մի բան յստակ է. պետութեան փլուզումը հնարաւոր չէ կասեցնել միտինգային ելոյթներով, կենացներով, նորանոր շարժումներ հռչակելով, ոչ էլ՝ օրէնսդիր աշխատանքով։ Կայ խնդիր՝ լայն հասարակութեան համար ձեւակերպել ներկայ վիճակի ռիսկերը, ամրագրել պայքարի բովանդակութիւնը եւ սկսել գրագէտ-յամառ աշխատանք։ Կայ նաեւ խնդիր՝ հասկանալ, թէ ովքեր են քո դէմ աշխատելու, ովքեր են նաեւ առանց հասկանալու՝ «կողմ» քւէարկում երկրի փլուզմանը։ Հասկանալ եւ սկսել աշխատել հետները։
Մի բան յստակ է. պետութեան փլուզումը հնարաւոր չէ կասեցնել միտինգային ելոյթներով, կենացներով, նորանոր շարժումներ հռչակելով, ոչ էլ՝ օրէնսդիր աշխատանքով։ Կայ խնդիր՝ լայն հասարակութեան համար ձեւակերպել ներկայ վիճակի ռիսկերը, ամրագրել պայքարի բովանդակութիւնը եւ սկսել գրագէտ-յամառ աշխատանք։ Կայ նաեւ խնդիր՝ հասկանալ, թէ ովքեր են քո դէմ աշխատելու, ովքեր են նաեւ առանց հասկանալու՝ «կողմ» քւէարկում երկրի փլուզմանը։ Հասկանալ եւ սկսել աշխատել հետները։
Դատաւորներ. ինստիտուցիոնալ արժանապատւութիւն եւ դիմադրութիւն
Երկրում մոլեգնում է տգէտ աւտորիտարիզմի սպառնալիքը։ Պետութեան պարտութիւնից յետոյ Նիկոլին յաջողւեց անձնապէս յաղթել, եւ նա հիմա կառուցում է յստակ աւտորիտար համակարգ՝ դիմակայելու առաջիկայ պրոցեսներին։
Հայաստանում պետական ինստիտուտների, հանրային պրոցեսների գռեհկացումը եւ մէկ մարդու ձեռքում կենտրոնացումը տեղի է ունենում միջազգային կառոյցների լռութեան ներքոյ։ Այստեղ իլիւզիաներ պէտք չէ ունենալ։ Լռելու են, քանի դեռ ունեն Նիկոլից կարեւոր բաներ ստանալու ակնկալիքներ։
Սրա հետեւանքով քանդւում է պետականութիւնը։ Ի՞նչ անել այդ դէպքում, ո՞րն է դիմադրութեան ռեսուրսը։
Կայ երկու ռեսուրս՝ անհատական եւ ինստիտուցիոնալ արժանապատւութիւն եւ դիմադրութիւն։ Անհատական մակարդակով կան տասնեակ հազարաւոր արժանապատիւ մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարի։
Ինստիտուցիոնալ արժանապատւութիւնը եւ ինստիտուցիոնալ դիմադրութիւնը շատ կարեւոր է, այն պայքարի աւելի՛ կազմակերպւած փուլն է, եւ այն շա՛տ աւելի մեծ հնարաւորութիւն ունի` կասեցնելու պետականութեան կազմաքանդումը։ Առ այս պահը` ինստիտուցիոնալ արժանապատւութիւն ցուցադրել են.
Մեդիան ՝ խմբագիրների եւ առաջատար լրագրողների մեծ մասը,
Փաստաբանական համայնքը,
ԱԳՆ համակարգի նախկին ղեկավար կազմը,
Եկեղեցին, հոգեւոր դասը
Այդ ճանապարհին է դատական համայնքը։
Իշխանութիւնը դատաւորների հետ խօսում է շատ պարզ` եթէ չկոտրւես, քեզ հետապնդելու եմ, կոտրւես՝ քեզ մարդուց սարքելու եմ անմռունչ անասուն։
Այս պայմաններում դատական համայնքը կարող է դիմադրել միայն ինստիտուցիոնալ արժանապատւութեան եւ ինստիտուցիոնալ դիմակայութեան միջոցով։ Անհատական մակարդակում այս խնդիրը շատերը լուծել են՝ Ալեքսանդր Ազարեան, Դաւիթ Գրիգորեան, Արսէն Նիկողոսեան, Դաւիթ Բալայեան, Զարուհի Նախշքարեան, Բորիս Բախշիեան, Արման Յովհաննիսեան, Սերժիկ Աւետիսեան, Վազգէն Ռշտունի, Վահէ Միսակեան, Դաւիթ Յարութիւնեան, Սերգէյ Մարաբեան, Վարդան Գրիգորեան, Յարութիւն Մանուկեան, Տաթեւիկ Գրիգորեան, Արշակ Վարդանեան, ովքեր, գիտակցելով հետեւանքները, այնուհանդերձ գնացին այդ ճանապարհով։ Ուրիշներն էլ են լուծել, բայց` հակառակ տրամաբանութեամբ, եւ նրանք մեզ համար հիմա անհետաքրքիր են։ Դատաւորները պէտք է կարողանան որպէս ինստիտուտ դէմ կանգնել իրենց ստորացմանը, իրենց ոչնչացմանը։ Մի պահ կանգնեն՝ կը յաղթեն։ Մի պահ ցոյց տան, որ գրպանային դատաւորներին մերժում են՝ իրենք արդէն յաղթած են։
Նոյնը պէտք է անէր բժշկական հանրութիւնը, բայց չարեց, երբ պրոֆեսոր Արմէն Չարչեանին իշխանութիւնը ենթարկում էր բացայայտ խոշտանգման։
Առաջիկայ զարգացումների տրամաբանութիւնն այնպիսին է, որ շատուշատ ինստիտուտներ, համայնքներ կանգնելու են այս խնդրի առաջ:
Այս պայմաններում կարեւոր է, որ ընդդիմադիր քաղաքական համակարգը իւրաքանչիւր դէպքում կանգնի նրանց կողքին եւ գեներացնի հանրային լայն աջակցութիւն։ Մարդիկ եւ ինստիտուտները պէտք է տեսնեն, որ դիմադրելու դէպքում իրենք ստանալու են մեծ աջակցութիւն՝ քաղաքական-հասարակական ինստիտուտներից եւ մեդիայից, հասարակութիւնից։ Այստեղ կայ տապալած գործի տպաւորութիւն։
Չի բացառւում, որ դիմադրութեան որոշ ինստիտուտներ պարտւեցին, զիջեցին նաեւ այդ պատճառով։ Բայց դա հաւի ու ձւի պատմութեան պէս մի հարց է։
Օրինակ` պետհամալսարանի բազմաթիւ դասախօսներ եւ ուսանողներ լաւ քաղաքացիներ են, ազնիւ ու հայրենասէր մարդիկ, բայց համալսարանը եւ այլ բուհեր չկարողացան դիմադրել ՔՊ-ական սառանչային։ Համալսարանը, որը միշտ համարւել է ազգային-առաջադիմական մտքի դարբնոց, մի պահից յանձնւեց։
Միւս կողմից` մենք տեսել ենք, որ պետութեան զինւորական էլիտան կարող է ստորագրել «Գործող իշխանութիւնների անարդիւնաւէտ կառավարումը եւ արտաքին քաղաքականութիւնում ցուցաբերած լրջագոյն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» տողերի տակ, եւ օրեր անց ոտքի վրայ դիմաւորել այդ ուղերձի հիմնական հասցէատիրոջը։
Ինստիտուցիոնալ արժանապատւութիւնը չափազանց կարեւոր գործօն է այս մղձաւանջից դուրս գալու համար։ Համալսարանի եւ միւս բուհերի դասախօսների ճնշող մեծամասնութիւնը տներում մերժում է այս իշխանութեանը։ Բայց այդ «խոհանոցային դիմադրութիւնը» շատ աւելի թոյլ է, քան` որպէս ինստիտուտ դիմադրութիւնը։
Բայց եւ կրկին ուզում եմ շեշտել, որ այստեղ կայ զգայուն բալանսի խնդիր։ Քաղաքական լիդերների եւ քաղաքական պրոցեսների ուժը պայմանաւորելու է ինստիտուցիոնալ դիմադրութեան ուժը, եւ` հակառակը։
Հայաստանում դիմադրութեան պրոցեսը ոչ թէ միտինգի խրոխտ ելոյթով պէտք է լինի, այլ` գրագէտ աշխատանքով։ Ինստիտուցիոնալ դիմադրութեան (արժանապատւութեան յենքի վրայ) կազմակերպումը յաջողութեան առանցքային պահն է։
Նոյեմբերի 9-ից յետոյ պետական, հանրային, հասարակական, գիտակրթական, մշակութային, համայնքային գրեթէ բոլոր ինստիտուտները Հայաստանում եւ սփիւռքում պահանջում էին Նիկոլի հրաժարականը, իսկ քաղաքական լիդերները չկարողացան այդ յաղթած պարտիան աւարտին հասցնել՝ նաեւ այն պատճառով, որ չկարողացան, չուզեցին, չկարեւորեցին այս ինստիտուտների հետ աշխատանքը, չհասկացան հանրային պրոցեսներում հանրային ինստիտուտների դերը։ Որպէս փուլ` դա արդէն պատմութիւն է, բայց որպէս առաջիկայ պրոցեսների նիւթ՝ այն ունի սխալները ընկալելու եւ դրանք չկրկնելու սուր պահանջ։
Վահէ Յովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ