Ստեղծւած ռուս-ուկրայինական ճգնաժամից յետոյ Արեւմուտքը կարիք ունի այլընտրանքային գազային եւ նաւթային աղբիւրների, եւ Իրանի նաւթն ու գազը կարող են դառնալ այլընտրանքային այս առումով՝ փոխարինելով ռուսական էներգակիրներին՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Իրանի «Ալիք» օրաթերթի կայքի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը։
«alikonline.ir» - Ստեղծւած ռուս-ուկրայինական ճգնաժամից յետոյ Արեւմուտքը կարիք ունի այլընտրանքային գազային եւ նաւթային աղբիւրների, եւ Իրանի նաւթն ու գազը կարող են դառնալ այլընտրանքային այս առումով՝ փոխարինելով ռուսական էներգակիրներին՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Իրանի «Ալիք» օրաթերթի կայքի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը։
Այդ այլընտրանքը կարող է դառնալ Իրանի, կարող է դառնալ Ադրբեջանի նաւթը եւ գազը, հէնց պատերազմի նախօրէին նրանք նաեւ բանակցում էին Կատարի հետ, որպէսզի կատարական գազը փոխարինի ռուսականին։
«Ադրբեջանը, միանշանակ, Իրանը դիտարկում է որպէս իր մրցակիցը թէ՛ քաղաքական, թէ՛ Հարաւային Կովկասում ներկայութեան առումով, եւ թէ՛, մանաւանդ, միջազգային էներգետիկ շուկայում դերակատարութեան առումով։ Եւ կարող են, այո՛, Արցախի ու Հայաստանի սահմանին կրակոցները պայմանաւորւած լինել այդ հարցով։ Բայց մի բան պէտք է նկատի ունենալ. Հայաստանով նաւթի եւ գազի փոխադրումը ենթադրում է ենթակառուցւածքների գոյութիւն, որոնք բացակայում են, եւ այդ ենթակառուցւածքները կէս տարում կամ մէկ տարում հնարաւոր չէ կառուցել, բայց ես անձամբ չեմ տեսնում Հայաստանի գործող իշխանութիւնների կողմից քաղաքական կամք՝ գնալու այդ քայլին, որպէսզի Հայաստանը դառնայ այդ առումով գոնէ տարածաշրջանային խաղացող»,- ասաց Արամ Շահնազարեանը։
Եթէ անգամ կրակոցները նրա համար են, որ Ադրբեջանն Արեւմուտքին ցոյց տայ, որ տարածաշրջանում ինքն է որոշում կայունութիւնն ու խաղաղութունը, Արամ Շահնազարեանը վստահ է, որ Հայաստանը պէտք է լինի Իրանի կողքին, քանի որ Ադբեջանն ու Թուրքիան միշտ ձգտել են վերացնել Հայաստանը եւ ոչ մի մոտիւացիա չունեն հաշտւելու, մանաւանդ որ, վերջին պատերազմից յետոյ Հայաստանն արդէն առաջարկելու բան էլ չունի։
«Ցաւօք սրտի, Հայաստանն այս պահին այլեւս ոչինչ չունի առաջադրելու. այս ձախաւեր իշխանութիւնները եւ նրանք, ովքեր վստահեցին այս իշխանութիւններին, չկարողացան հասկանալ այն պարզ իրողութիւնը, որ Արցախն ապահովում էր Հայաստանի թիկունքը, Հայաստանն Արցախով էր ամուր, երբ նրանք դաւաճանաբար յանձնեցին Արցախը՝ Հայաստանը զրկւեց իր թիկունքից, բացւեցին բոլոր դարպասները։ Ադրբեջանը քայլ առ քայլ առաջ է գալիս եւ վերցնում է այն, ինչ ուզում է»,- ասաց նա։
Այս պարագայում կորցնել Իրանի ու Ռուսաստանի աջակցութիւնը՝ ինքնասպանութիւն կը լինի Հայաստանի համար։
«Այսինքն, դա վերջին քայլը կը լինի. կորցնելով Արցախը մենք կրակել ենք մեր ոտքին, հիմա միայն մնում է, որ կրակենք մեր գլխին»,- ասաց Արամ Շահնազարեանը։
Նա նաեւ ուշադրութիւն հրաւիրեց, որ Իրանի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական կշիռները տարածաշրջանում անհամեմատելի տարբեր են. Ադբեջանը նոյն կշիռը չունի, ինչ Իրանը։
Թէեւ ռուսական նաւթն ու գազն իրանականով փոխարինելու համար, Արամ Շահնազարեանի դիտարկմամբ, տարակարծութիւնները շատ մեծ են Իրանի եւ Արեւմուտքի միջեւ. դրանք չեն սահմանափակւում միայն Իրանի միջուկային ծրագրով, կա Իրանի ազդեցութիւնը Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանում՝ յատկապէս Իրաքում, Սիրիայում եւ Լիբանանում, կայ Եմէնի պատերազմը, կայ Իրանի դերակատարութիւնը ընդհանրապէս Մերձաւոր Արեւելքում, կայ, մասնաւորապէս, Իրանի հրթիռային ծրագիրը, որը խիստ մտահոգում է Արեւմուտքին, առիւծի բաժինը վերաբերում է Իսրայէլի անվտանգութեանը, կայ նաեւ Իսրայէլի եւ Իրանի հակամարտութիւնը, այնպէս որ խնդիրները շատ են, սակայն ակնյայտ է, որ Արեւմուտքը փորձում է ռուսական նաւթի եւ գազի հնարաւոր բացակայութիւնը կոմպենսացնել իրանական կամ այլ աղբիւրների նաւթով եւ գազով։
Ինչպէս էլ ընթանան Հարաւային Կովկասի գործընթացները, ասում է նա, կայ փաստ, որ դրանք ընդամէնը խմորման փուլում են։ Արամ Շահնազարեանը հաւատացած է, որ հիմնական խաղը կը սկսւի 2025 թ-ին, երբ աւարտւի ռուսական խաղաղապահ մանդատը Հարաւային Կովկասում եւ Արցախի Հանրապետութիւնում, եւ կողմերը հիմա փորձում են պատրաստւել դրան։
Իրանը ռուս-ուկրայինական պատերազմը դիտարկում է իբրեւ Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի առաւելապաշտական քաղաքականութեան հետեւանք, որի զոհն է դարձել Ուկրայինան՝ ասաց նա։ Նրանք գիտակցում են, որ եթէ ՆԱՏՕ-ն ամրապնդւեց Ուկրայինայում, յաջորդ քայլը լինելու է Հարաւային Կովկասը, որը բնաւ չի բխում Իրանի աշխարհաքաղաքական անվտանգային շահերից։ Պաշտօնական Իրանն այս պատճառով ուղղակի ու կամ անուղղակի պաշտպանում է ռուսական քաղաքականութիւնը։
«Սակայն մի երեւոյթ կայ, որ Ռուսաստանը տանուլ է տւել քարոզչական պատերազմը. ամբողջ աշխարհում, մանաւանդ սոցցանցերում, հակառուսական քարոզչութիւն է ընթանում։ Իրանում եւս արւեստագէտների, մտաւորականների շրջանում կայ հակառուսական մի ալիք։ Պարզապէս ակնյայտ է, որ այդ ալիքը եկել եւ տանում է նաեւ Իրանի հասարակութիւնը։ Աւելի պարադոքսալ է Իրանի մամուլը. մանաւանդ առաջին օրերին չափազանց հակասական բաներ կային՝ մէկն իր առաջին վերնագիրը դարձնում էր «Ուկրայինացիները մարտնչում են ռուս զաւթիչների դէմ», միւսը խօսում էր ռուսական զօրքի յաջողութեան մասին եւ դատապարտում ԱՄՆ-ի կամ Արեւմոտքի սադրանքը։ Բայց յեղափոխութեան առաջնորդի ելոյթից յետոյ, բնականաբար, դադարեց դա»,- նշեց Արամ Շահնազարեանը։
Իրանական բեռնատարները, Գորիս-Կապան ճանապարհին խոչընդոտների հանդիպելուց յետոյ, հիմա արդէն աւելի մեծ քանակով են ուղղութիւնը փոխել եւ տեղաշարժւում են ոչ թէ Հայաստանով, այլ Ադրբեջանով՝ վկայեց Արամ Շահնազարեանը։ Նա վստահեցրեց, որ Իրանի իշխանութիւնները յստակօրէն տեսնում են, որ Հայաստանի գործող իշխանութիւնները չունեն քաղաքական կոնկրետ գիծ։
«Եթէ գնաք Աստարայի սահմանը՝ կը տեսնեք բեռնատարների երկար այն շարքը, որը կանգնած է՝ անցնելու դէպի Ադրբեջան, ուղեւորւելու դէպի հիւսիս՝ Ռուսաստան, եւ Վրաստանի վրայով դէպի Սեւ ծով եւ այլ տարածքներ»,- վստահեցրեց նա։
Երբ Հայաստանի կողմից շարժ չկայ, երբ չկան ենթակառուցւածքներ, երբ յայտնի չէ, թէ երբ են կառուցւելու, եւ, մանաւանդ, յայտնի չէ, թէ այս իշխանութիւններն ինչ քաղաքականութիւն են վարում, նշեց Արամ Շահնազարեանը, բնականաբար, այդ ռիսկերը հաշւի առնելով՝ Իրանը կը զարգացնի դէպի Ադրբեջան ուղղութիւնը։
Աննա Բալեան