Հա

Քաղաքական

13/03/2022 - 14:45

Մենք տեղեակ չենք, թէ բանակցութիւններին ինչ հարցեր են քննարկւում, ինչ փաստաթղթեր են ստորագրւում

Factor.am-ը Արցախի շուրջ վերջին զարգացումների մասին զրուցել է Արցախի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանի հետ։

«alikonline.ir» - Վերջին օրերին լարւած իրավիճակ է Արցախի սահմանամերձ համայնքներում։ Ադրբեջանը տարբեր զինատեսակներից, այդ թւում՝ ականանետներից, ինտենսիւ կրակոցներ է արձակում Ասկերանի շրջանի Խրամորթ գիւղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկայ եւ Խնուշինակ գիւղերի ուղղութեամբ։ Այս սրման ֆոնին Հայաստանի արտգործնախարութիւնը տարածում է յայտարարութիւն, ըստ որի, առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեանը Ադրբեջանի հետ խաղաղութեան բանակցութիւններ նախաձեռնելու հարցով։ Դրան էլ յաջորդոմ է Ադրբեջանի արտգործնախարար Ջէյհուն Բայրամովի հարցազրոյցը, որով յայտնում է, թէ Ադրբեջանը Հայաստանին յարաբերութիւնների կարգաւորման նոր առաջարկներ է յղել եւ սպասում է նրա պատասխանին։

Factor.am-ը Արցախի շուրջ վերջին զարգացումների մասին զրուցել է Արցախի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանի հետ։

 

Պարո՛ն Բալայեան, երէկ Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Վահան Յունանեանը յայտարարել էր, որ Հայաստանն առաջիկայում, «թերեւս, կը դիմի ՄԽ համանախագահութեանը Ադրբեջանի հետ խաղաղութեան բանակցութիւններ նախաձեռնելու հարցով»։ Ինչպէ՞ս էք գնահատոմ այդ քայլը, ի՞նչ է փոխելու այն Արցախի շուրջ ստեղծւած իրավիճակում։

- Կարծում եմ՝ Արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացում Հայաստանը պէտք է գործուն մասնակցութիւն ունենայ։ Ի վերջոյ, Հայաստանը եղել է Արցախի անվտանգութեան երաշխաւորը, միջազգային հանրութան կողմից ճանաչւած է, մի քանի տասնամեակ հիմնախնդրի կարգաւորման գործընթացում կողմերից մէկն է եղել։ Այո՛, պէտք է հիմնախնդրի կարգաւորման գործընթացը շարունակւի եւ փորձ արւի հարցը կարգաւորել հէնց ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների շրջանակում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը երեւի փորձ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը վերականգնել։ Երկարատեւ, կայուն խաղաղութեան հասնել հնարաւոր չի լինի՝ առանց Արցախի հիմնախնդրի կարգաւորման։ Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան, խաղաղութեան եւ հարեւան երկրների հետ կանոնաւոր յարաբերութիւններ ունենալու հարցերն էլ կը լուծւեն Արցախեան հիմնախնդրի կարգաւորման դէպքում։

 

- Ստացւում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը, իր այս յայտարարութեամբ ընդունում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը չի աշխատում, դիմում ենք, որ զբաղւի հիմնախնդրով։

- Այո՛, ակնյայտ է, որ պատերազմից յետոյ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից որեւէ քայլ չի արւում։ Մենք Արցախի Ազգային ժողովի կողմից բազմաթիւ յայտարարութիւններ ենք արել եւ դրանցից իւրաքանչիւրի մէջ շեշտել ենք, որ Մինսկի խումբը համանախագահող երկրները պէտք է «գործուն» կամ «տեսանելի» քայլեր կատարեն, որ իսկապէս այս հարցի կարգաւորումն ապահովեն։

 

- Այս յայտարարութիւնը տեղի է ունենում այն իրավիճակում, երբ Արցախում սահմանամերձ բնակավայրերը կրակի տակ են, երբ Արցախը զրկւած է գազից, քանի որ վնասւած է գազատարի ադրբեջանական վերահսկողութեան տակ ընկած հատւածը։ Արդեօք ստեղւած իրավիճա՞կն է նաեւ դարձել պատճառը, որ Հայաստանը ցանկանայ միջազգային հանրութեան ուշադրութիւնը նորից հրաւիրել խնդրի վրայ։ Արտաքին աշխարհը կարո՞ղ է մեզ հիմա օգնել։

- Ցաւօք սրտի, ինչպէս Արցախեան երկրորդ պատերազմի ժամանակ, այնպէս էլ հիմա, միջազգային հանրութեան կողմից մենք տեսնում ենք անտարբերութիւն։ Կարծես խորթ զաւակ լինենք։ Տեսէք Ուկրայինային վերաբերող իրադարձութիւնների ժամանակ իրենց պատռում են։ Ցաւօք սրտի, երկակի ստանդարտներ են գործում։ Այդ սրտացաւ վերաբերմունքը չկայ իր ազատութեան, իր հայրենիքը պահելու համար պայքարող մեր ժողովրդի նկատմամբ։ Աջակցութիւն չկայ։ Կարծում եմ, որ այս հարցում միջազգային հանրութիւնը սխալում է. ի վերջոյ, Կովկասը շիկացած մի օղակ է եւ համաշխարհային անվտանգութեան մի մաս։ Եւ եթէ չկարգաւորւի արցախեան հիմնախնդիրը, դրա հետ կապւած խնդիրների շորշոփը կը տարածւի նաեւ իրենց վրայ։ Միայն հայերին չի վերաբերում այս խնդիրը. միջազգային հանրութիւնն էլ է հետաքրքրւած այս տարածաշրջանով, այստեղով են անցնում արեւելքը արեւմուտքի հետ, հիւսիսը հարաւի հետ կապող ճանապարհները, այն գերտէրութիւնների շահերի կիզակէտում է գտնւում։ Եթէ այստեղ հանգիստ լինի, նրանց համար աւելի հեշտ կը լինի ընդհանուր համաշխարհային խաղաղութիւնը պահպանելը։

 

- Այսօր տարածւեց Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի յայտարարութիւնը, որ իրենք Հայաստանին խաղաղութեան նոր առաջարկներ են ուղարկել։ Ըստ նրա՝ մէկ էջանոց 5 առաջարկների վերաբերեալ Հայաստանի կարծիքը շուտով յայտնի կը լինի։ Հայաստանը Արցախին այդ առաջարկները ներկայացրե՞լ է։ Եթէ ոչ, ապա ենթադրո՞ւմ էք, թէ ինչի մասին դրանք կարող են լինել։

- Կոնկրետ այդ առաջարկներից ես տեղեակ չեմ, բայց երէկ լսում էի ադրբեջանական տեղեկատւութիւնն իրենց լեզւով՝ ռադիոյով։ Ըստ դրա՝ Ալիեւն ու Էրդողանը նմանատիպ հարցեր են քննարկել՝ կապւած «Մեղրիի միջանցքի հետ»։ Կարծում եմ՝ նրանք փորձում են այս հարցը կապել հաղորդակցութիւնների բացման հետ։ Մենք ընդհանրապէս տեղեակ չենք, թէ բանակցութիւններին ինչ հարցեր են քննարկւում, ինչ փաստաթղթեր են ստորագրւում։ Փորձում ենք տարբեր լրատւամիջոցներից ինչ-որ բաներ քաղել եւ դրանցից ինչ-որ եզրակացութիւններ անել։ Կարծում եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են ինչ-որ բաներ ստանալ Հայաստանից։ Հիմա էլ անընդհատ խնդիրներ ստեղծելով՝ փորձում են ճնշում գործադրել։ Այս ցուրտ եղանակին մարդիկ գազից են զրկւած, խաղաղ բնակավայրերը ականանետերով է հարւածում։ Էլ պատերազմն ինչպէ՞ս է լինում։ Հասկանալի չէ՞, թէ ինչ նպատակ են հետապնդում։

 

- Ասացիք՝ տեղեակ չեք առաջարկներից։ Դուք Արցախի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահն էք։ Արդեօք ՀՀ իշխանութիւնները նաեւ Ձեզ հետ չպէ՞տք է քննարկեն հարցի կարգաւորման առաջարկները։ Դուք այս թեման ՀՀ իշխանութիւնների հետ քննարկե՞լ էք։

- Պատկերացրէք, բազմիցս այդ հարցերը քննարկել ենք տարբեր մակարդակներում՝ ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա, բայց, ցաւօք սրտի, ցանկալի արդիւնքի չենք հասել։

 

- Հայկական կողմը կը կարողանա՞յ ադրբեջանական սադրանքներին, ճնշումների՞ն դիմադրել։ Հնարաւո՞ր է, որ ցաւոտ զիջումները մեզ համար հէնց այս ընթացքում լինեն, երբ նաեւ աշխարհն է այս պահին այլ խնդրով՝ Ուկրայինայով զբաղւած։

- Հիմա շատ են խօսում, որ հայկական բանակը ջախջախւած է եւ այլն։ Բայց իրականութեան մէջ, եթէ փաստերը վերցնում ենք, հասկանում ենք, որ այնքան էլ այդպէս չէ։ Մենք ունենք ռեսուրս, հնարաւորութիւն։ Պարզապէս երկիրը կազմակերպել է պէտք, հայկական երեք թեւերը՝ Հայաստանը, Արցախը, Սփիւռքը, մի բռունցք անել է պէտք։ Մինչեւ մենք մեզնից ինչ-որ բան չներկայացնենք, մեզ հետ ոչ ոք չի խօսի։ Նոյնիսկ մեր բարեկամները մեզ բանի տեղ չեն դնի։ Մենք պէտք է մեր սուբիեկտայնութիւնը, դիմադրողականութիւնը, մեր ռեսուրսները մէկտեղելու պատրաստակամութիւնը բարձրացնենք։ Սա մի աշխատանք է, որ պէտք է արւի։ Հներ, նորեր, սեւեր, սպիտակներ բաժանումները պէտք է մի կողմ թողնել եւ երկիրը զարգացնել։ Այդ դէպքում կը կարողանանք դիմադրել խնդիրներին։

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։