Հա

Քաղաքական

14/03/2022 - 13:30

«Անվտանգութիւնը՝ հայկական օրակարգի առանցք». Արթուր Վանեցեան

Մեր աչքի առաջ տեղի է ունենում նախկին աշխարհակարգի փլուզումը. սա չափազանցութիւն չէ՝ հաշւի առնելով հակամարտութեան եւ համաշխարհային բարիկադաւորման մասշտաբները։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը:

«alikonline.ir» - Մեր աչքի առաջ տեղի է ունենում նախկին աշխարհակարգի փլուզումը. սա չափազանցութիւն չէ՝ հաշւի առնելով հակամարտութեան եւ համաշխարհային բարիկադաւորման մասշտաբները։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը: Գրում է News.am-ը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Ռազմական գործողութիւնները Եւրոպայի տարածքում ուղեկցւում են մարդկութեան նորագոյն պատմութեան մէջ աննախադէպ տնտեսական պատերազմով։ Չկայ որեւէ հաշւարկ, թէ ինչի կարող է յանգեցնել տնտեսական այս համաշխարհային պատերազմը։ Փլուզւող տնտեսական կապեր, տասնամեակների ընթացքում ձեւաւորւած լոգիստիկ համակարգերի փլուզում, դիմացինին վատութիւն անելու մոտիւացիայով վատ հաշւարկւած քայլեր, որոնք ունեն զգալի պոտենցիալ՝ համաշխարհային աղէտ բերելու։

Ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց պարզւում է, որ սա 21-րդ դարում բաւարար պայման չէ՝ պատերազմ չունենալու համար։ Լինում է իրականութիւն, երբ նոյնիսկ այդ պայմաններում ծագում է պատերազմ՝ իր ողջ հետեւանքներով։

Ամբողջական հասարակութիւններ, ամբողջական ժողովուրդներ են այսօր բարիկադաւորւել, ու սա դեռ սկիզբն է։ Չարութիւնը միմեանց հանդէպ, բոլորը՝ բոլորի հանդէպ ստանում է մեգամասշտաբներ։

2020 թւականից մեր սխալների, ու նաեւ օբիեկտիւ իրողութիւնների պատճառով խոշոր ցնցումների ենթարկւեց մեր տարածաշրջանը։ Նոր իրականութիւն, նոր դերակատարներ, նոր դերաբաժանումներ։ Մի կողմից հիմնարար փոփոխութիւնների է ենթարկւում աշխարհը, միւս կողմից՝ ինտենսիւ ընթանում է Հարաւային Կովկասի նոր ճարտարապետութեան ձեւաւորումը։

Համաշխարհային եւ տարածաշրջանային փոփոխութիւններին Հայաստանը պէտք է ներկայացնի իր յայտը։ Մեր փոխարէն ոչ ոք չի անելու։ Ուժերի գերլարումով, հայակական աշխարհի ռեսուրսներով մենք պարտաւոր ենք ձեւակերպել մեր յայտը եւ ատամներով պաշտպանել այն։

Մենք պարտաւոր ենք լինել սառնասիրտ, գրագէտ ու նախաձեռնող։

Համաշխարհային տուրբուլենտութեան այս պայմաններում հայկական օրակարգը պէտք է կազմւած լինի ընթացիկ՝ հակաճգնաժամային քայլերից եւ հեռանկարային ազգային տեսլականից։

Իսկ այս ամենի առանցքը անվտանգութիւնն է. Ռազմական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ այլն։ Անվտանգութիւն՝ ամենալայն ու ամենասուր հասկացութեամբ։

Չափազանց սուր են այսօրւայ հրատապ ռիսկերը. Սկսած ռազմական բախումների հնարաւորութիւններից մինչեւ պարենային սուր խնդիրներ, ֆինանսական համակարգի կայունութիւն։

Խոշոր պետութիւնները իրենց սեփական պարենային անվտանգութեամբ պայմանաւորւած արգելում են արտահանումը։ Հայաստանը կարող է կանգնել բարդագոյն խնդիրների առաջ։ Լոգիստիկ կապերի քանդումը էլ աւելի է բարդացնում վիճակը։

Հայաստանի գործող կառավարութիւնը, մեծ հաշւով, ճգնաժամային կառավարութիւն է, ինչը ենթադրում էր անելիքի եւ քայլերի էական վերանայում եւ նոր առաքելութեան գիտակցում։ Դատելով ամէն ինչից՝ կառավարութիւնը չի գիտակցում աշխարհում տեղի ունեցող փոփոխութիւնների ծաւալը եւ չի պատկերացնում Հայաստանի համար ռիսկերի սրութիւնը։

Բայց նոյնիսկ այս իրավիճակը մեզ չպէտք է շեղի յետպատերազմեան նոր հայկական տեսլականի եւ հեռանկարային ազգային նոր ուղենիշների ձեւաւորման խնդրից։ Առանց դրա պետութիւններն ու ազգերը չեն վերականգնւում։ Դրանք կարող են «ներառել կարմիր գծեր», դեմոգրաֆիկ նպատակներ, հայապահպանութեան խնդիրներ, արժեհամակարգային ուղենիշներ, գիտամշակութային վերածննունդ եւ այլն։ Ու այս ամենի հիմքում անվտանգութիւնն է, որպէս հայկական օրակարգի առանցք։ Մենք այս հարցում պարտաւոր ենք գտնել ճշգրիտ լուծումները. Սա այն հարցն է, որտեղ սխալւելու իրաւունքը բացառւում է։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։