«Առաւօտ»-ի զրուցակիցն է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։ Անդրադարձ է կատարւել ԱԺ վերջին նստաշրջանում ընդդիմութեանն ուղղւած հարցերին, որոնք, ըստ իշխանական պատգամաւորների, ընդդիմութիւնը թողել է անպատասխան։
«alikonline.ir» - «Առաւօտ»-ի զրուցակիցն է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։ Անդրադարձ է կատարւել ԱԺ վերջին նստաշրջանում ընդդիմութեանն ուղղւած հարցերին, որոնք, ըստ իշխանական պատգամաւորների, ընդդիմութիւնը թողել է անպատասխան։
- Պարոն Ռուստամեան, ԱԺ փոխնախագահ Ռուբէն Ռուբինեանը, դիմելով ընդդիմութեանը, ասաց՝ «երբ ձեզանից շատերն ասում են, թէ մենք հայրենիքի 75%-ը յանձնել ենք, հարց է ծագում՝ դա նշանակո՞ւմ է, որ դուք դա համարում էք Արցախի մաս։ Այո, տրամաբանօրէն։ Այդ դէպքում Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանն ինչպէ՞ս են բանակցել հայրենիքի որոշակի տոկոսը յանձնելու շուրջ։ Դա նշանակո՞ւմ է, որ իրենք պոտենցիալ հողատու էին ձեր տրամաբանութեամբ»։ Ինչպէ՞ս կարձագանգէք այս հարցադրումներին։
- Այս մարդիկ չեն հասկացել Արցախի հարցի էութիւնը։ Եթէ ուզում են իմանալ, թէ ինչ են բանակցել Ռոբերտ Քոչարեանը, Սերժ Սարգսեանն ու միւսները, թող վերցնեն ու նորից կարդան Արցախի Հանրապետութեան սահմանադրութիւնը, որում ասւում է՝ այդ տարածքները մնում են մեր իրաւասութեան տակ, քանի դեռ չի ճանաչւել Արցախի անկախութիւնը եւ չի վերականգնւել նրա տարածքային ամբողջականութիւնը։ Այսինքն, «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձեւի մասին է խօսքը։ Դա են բանակցել։ Չեն ասել, որ ոչ մի բան չենք զիջելու։ Նման բան որեւէ մէկը երբեք չի ասել, ուստի թող իզուր տեղը մարդկանց թիւրիմացութեան մէջ չգցեն։
- Իմիջիայլոց, Ռուբէն Ռուբինեանն այս թեմայի համատեքստում ընդդիմութեանն էր մեղադրում՝ իր եւ քաղաքացիների բանականութիւնը վիրաւորելու մէջ։
- Իրենք բանականութիւն չունեն, որ ես վիրաւորեմ։ Բանականութիւն, որ ունենան, կը կարդան Արցախի սահմանադրութիւնը, որն Արցախի ժողովրդի կամքն է արտայայտում եւ որից որեւէ մէկն իրաւունք չունի շեղւելու։ Ուրեմն Արցախի ժողովուրդը բանականութիւն չի ունեցե՞լ, հա՞… վստահաբար, Արցախի ժողովրդին բանականութիւն չունենալու մէջ մեղադրել հնարաւոր չէ, հետեւաբար՝ իրենք չունեն, որ չեն հասկացել, թէ Արցախի ժողովուրդն ինչպէս է պատկերացրել Արցախի հարցի լուծումը։
- ԱԺ փոխնախագահը նաեւ հետեւեալ հարցադրումն էր հնչեցրել՝ պատերազմ չլինելու համար ի՞նչ կաներ ընդդիմութիւնը, եթէ նոյեմբերի 9-ի դրութեամբ լինէր իշխանութիւն։ Այս հարցադրումն, ի դէպ, ամիսներ առաջ հնչեցրել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։
- Նախ, մենք չէինք հասցնի նոյեմբերի 9-ի դրութեանը։ Մենք առիթ ունեցել ենք դրա մասին խօսելու։ Չէինք կառչի մեր իշխանութիւնից։ Շանսերը, որոնք կային, կիրականացնեինք անգամ իշխանութիւնը կորցնելու գնով՝ պատերազմն աւելի շուտ դադարեցնելու, տարածքային աւելի քիչ կորուստներ ունենալու, զոհերի աւելի քիչ քանակ արձանագրելու առումով։ Իսկ այն, ինչ տեղի ունեցաւ նոյեմբերի 9-ին, դա անվերապահ կապիտուլեացիա էր։ Ինչո՞վ է կապիտուլեացիան տարբերւում մնացած ամէն ինչից. նրանով, որ այլեւս ընտրութեան հնարաւորութիւն չունես, որ յայտնւում ես մի վիճակում, երբ կարող ես ամբողջութեամբ ամէն ինչ կորցնել եւ այդ պատճառով գնում ես կապիտուլեացիայի։ Իրենք ամսի 9-ը հասունացրել են այնպէս, որ ընտրութեան ուրիշ հնարաւորութիւն չլինէր, դրա համար ենք մենք դա համարում կապիտուլեացիա։ Այդ վիճակը հասունացւել էր իրենց թեթեւ ձեռքով՝ «յաղթելու ենք» ասելով։ Ի դէպ, մեր մօտ մեծ համոզմունք կայ, որ իրենք այդ ամէն ինչը կատարել են Արցախն առհասարակ դատարկելու տրամաբանութեամբ։ Ադրբեջանական զօրքը Ստեփանակերտի մատոյցներում կանգնեցւել է Ռուսաստանի միջամտութեամբ, եւ դա մենք տեսել ենք կապիտուլեացիայի օրը, երբ ռուսական զօրքը շարժւում էր դէպի Արցախ։ Այսինքն, ռուսներն են կանգնեցրել։ Եթէ թողնեին այս իշխանութեանը, Ադրբեջանը մտնելու էր Ստեփանակերտ, եւ ամէն ինչ աւարտւելու էր, իսկ իրենք հէնց այդ էլ ուզում էին՝ պատերազմով Արցախը յանձնել եւ վերջացնել։
- Ռուբինեանը նաեւ նշել էր՝ իր համար հասկանալի չէ այն, որ ըստ ընդդիմադիրների մի մասի՝ իշխանութիւնը չպէտք է ստորագրէր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, իսկ ըստ միւս մասի՝ իշխանութիւնը չի համաձայնել շուտ կանգնեցնել պատերազմը, որի արդիւնքում էլ Արցախի տարածքները կրկին յանձնւելու էին։ Այսինքն, նա կարծես թէ հակադրութիւն է տեսնում ընդդիմութեան տարբեր ներկայացուցիչների պնդումներում։
- Հակասութիւն չկայ։ Ակնյայտ է, որ շուտ կանգնեցնելու պարագայում մենք այդքան կորուստներ չէինք ունենայ, բայց դա իշխանութեան պատասխանատւութեան հարց էր առաջացնում։ Ինչպէս Նիկոլ Փաշինեանն է ձեւակերպել՝ եթէ դա անէին, իրեն կասէին դաւաճան։ Է՜, էլի են ասում… թող ասէին դաւաճան, բայց այսքան կորուստ չունենայինք։ Մի խօսքով, իրենք էլ չեն հասկանում, թէ ինչի մասին է ընդհանրապէս խօսք գնում եւ իրենց թւում է, թէ ամբոխավարական ձեւերով կարող են պատասխանատւութիւնից խուսափել։ Այո, դրանից առաջ պէտք էր կանգնեցնել պատերազմը, բայց իրենց համար դա իշխանութեան մնալու գինը կարժենար։ Ամենախայտառակ փաստն այն է, որ նոյեմբերի 9-ից առաջ պատերազմը կանգնեցնելու առաջարկը թաքցւել է բոլորից, այդ թւում՝ ԱԱԾ պետից։ Թող սրա մասին խօսեն։ Իսկ ինչ կատարւել է նոյեմբերի 9-ին, պէտք է հաշւի նստենք դրա հետ. կոտրւած բանակով նոր պատերազմի առիթ չենք կարող առաջացնել, եւ մենք այդքանը հասկանում ենք եւ ասում, որ չենք գալիս չեղարկելու, բայց անգամ այս պայմաններում պարտութեան սիմւոլին հեռացնելով՝ կը կարողանանք մեր շահերն աւելի լաւ պաշտպանել։ Մինչեւ Սիւնիք նահանջը նախատեսւած չի եղել նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ուստի թող սա էլ բացատրեն։ Ինչո՞ւ են զիջել աւելին, քան զիջւել է կապիտուլեացիոն փաստաթղթով։
Զրուցեց Լուիզա Սուքիասեանը
«Առաւօտ» օրաթերթ