Հայաստանի իշխանութիւնները փորձում են ամէն կերպ հրաժարւել Արցախից, այս մասին «Արցախ. պայքար Քարագլխի համար» թեմայով քննարկմանը յայտարարեց ՀՅԴ անդամ, Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
«alikonline.ir» - Հայաստանի իշխանութիւնները փորձում են ամէն կերպ հրաժարւել Արցախից, այս մասին «Արցախ. պայքար Քարագլխի համար» թեմայով քննարկմանը յայտարարեց ՀՅԴ անդամ, Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
«Այսօրւայ իշխանութիւնները ցաւագին են տանում, երբ ասում ենք՝ Արցախը տւեցին, կարծես թէ, փաստաթղթի տակ ես եմ ստորագրել, բոլորս գիտենք՝ ով է ստորագրել։ Իրենք իրականացնում են «Չարի վերջ»-ի հիմար կկւի քաղաքականութիւնը, հիմար կկուն էլ կարծում էր, որ իր ձագին տայ, աղւէսը դրանով կը բաւարարւի. հիմա փորձում են, Արցախը տալով, Հայաստանն ապահովագրեն՝ առանց հասկանալու, որ Ադրբեջանը Արցախը կլանելուց յետոյ կանցնի նաեւ Հայաստանին»,- ասաց ընդդիմադիր պատգամաւորը։
Նրա խօսքով՝ Հայաստանը 2019 թւականին ընդունած Ազգային անվտանգութեան ռազմավարութեամբ հանդիսանում է Արցախի անվտանգութեան երաշխաւորը ու Հայաստանը չպէտք է իր պարտաւորութիւնը արտապատւիրակի երրորդ կողմին։
Արթուր Խաչատրեանը տարակուսած է, թէ ինչու են Հայաստանի ու Արցախի անվտանգութեան խորհուրդները առանձին նիստեր անում, եւ ոչ համատեղ։
«Հիմա նոյնիսկ դա են կտրել. ՀՀ անվտանգութեան խորհրդի յայտարարութիւնը շատ տարակուսելի է. մի կողմից իրենք ասում են՝ Ադրբեջանը մտացածին հիմնաւորումներով շարունակում է ագրեսիւ գործողութիւնները, միւս կողմից ասում են՝ «եկէք խաղաղութեան պայմանագիր կնքենք»։ Քանի խնդիրը չենք լուծել, ի՞նչ խաղաղութեան պայմանագրի մասին է խօսքը»,- ընդգծեց ըննդիմադիր պատգամաւորը։
Ըստ նրա՝ Արցախում այսօր ճակատագրական պահ է. եթէ Ադրբեջանը կարողանայ վերահսկողութիւն հաստատել Քարագլխի նկատմամբ, ապա հարաւ-արեւմուտքից Ստեփանակերտի նկատմամբ վերահսկողութիւնը Շուշիից է, հիւսիս-արեւելքից էլ, եթէ լինի Քարագլուխը, լուրջ խնդիր է լինելու։
«Ակնյայտ է, որ Ադրբեջանը գնալու է նոր սադրանքերի, ու Հայաստանի իշխանութիւնները, փոխանակ հակաքայլեր մտածէին, Վեդիում համայնքապետի ընտրութիւններով էին զբաղւած, հաւանաբար, Վեդիում ընտրութիւնը աւելի մեծ առաջնահերթութիւն ունի, քան թէ ազգային հարցերը»,- յաւելեց Արթուր Խաչատրեանը։