Հա

Քաղաքական

18/04/2022 - 12:29

Տիգրան Մե՞ծ, թէ՞ Վեստ Սարգիս

Կարելի էր ուշադրութիւն չդարձնել ԱԺ քպ-ական ոմն պատգամաւորի կողմից Տիգրան Մեծին քննադատող խօսքերին, եթէ․․․Եթէ սա պատահական խօսք լինէր։ Սակայն պարզւում է, որ մեր դպրոցներում նոյնպէս պատմութեան դասերին, վաղուց Տիգրան Մեծը քննարկման թեմա է դարձել։ Այստեղ խօսքը չի գնում, այսպէս կոչւած քննադատական մտքի զարգացման մասին։ Ողջ, «քննարկումն» ուղղորդւում է ուսուցիչների կողմից, որոնք էլ համապատասխան վերապատրաստումներ են անցել։ Ուսուցիչներն ուղղորդում եւ խրախուսում են, այն ուղղութիւնը, որ Տիգրան Մեծը բացասական ազդեցութիւն է թողել հայ ժողովրդի մտածողութեան վրայ, իր նւաճողական քաղաքականութեամբ, դաժանութեամբ, նաեւ հարեւանների հետ թշնամանալով։ Եթէ սրան գումարենք, որ շատ «առաջադէմներ» Գարեգին Նժդեհին անւանում են ֆաշիստ, սա արդէն աւելի քան մտահոգիչ է։

Աւետիք Իշխանեան

 

Կարելի էր ուշադրութիւն չդարձնել ԱԺ քպ-ական ոմն պատգամաւորի կողմից Տիգրան Մեծին քննադատող խօսքերին, եթէ․․․Եթէ սա պատահական խօսք լինէր։ Սակայն պարզւում է, որ մեր դպրոցներում նոյնպէս պատմութեան դասերին, վաղուց Տիգրան Մեծը քննարկման թեմա է դարձել։ Այստեղ խօսքը չի գնում, այսպէս կոչւած քննադատական մտքի զարգացման մասին։ Ողջ, «քննարկումն» ուղղորդւում է ուսուցիչների կողմից, որոնք էլ համապատասխան վերապատրաստումներ են անցել։ Ուսուցիչներն ուղղորդում եւ խրախուսում են, այն ուղղութիւնը, որ Տիգրան Մեծը բացասական ազդեցութիւն է թողել հայ ժողովրդի մտածողութեան վրայ, իր նւաճողական քաղաքականութեամբ, դաժանութեամբ, նաեւ հարեւանների հետ թշնամանալով։ Եթէ սրան գումարենք, որ շատ «առաջադէմներ» Գարեգին Նժդեհին անւանում են ֆաշիստ, սա արդէն աւելի քան մտահոգիչ է։

Այս ամենին տեղեկանալով, մտածում ես, արդեօ՞ք մենք հայերս, այդ աստիճան «խաղաղասէրներ» ենք, որ նոյնիսկ ինքներս մեզ ձաղկում ենք հնագոյն պատմութեան մեր փառաւոր ժամանակների համար։

Այս առիթով, մի փոքր անդրադարձ կատարենք այլ ազգերին, թէ ինչպէս են նրանք գնահատում իրենց պատմութիւնն ու իրենց նւաճողներին։

Աշխարհի ամենամեծ եւ ամենաերկարատեւ կեանք ունեցած մոնղոլ-թաթարական կայսրութեան հիմնադիրը, աշխարհի ամենադաժան բռնակալներից Չինգիզ Խանն է եղել։ Ըստ գենետիկական հետազօտութիւնների, աշխարհի ամէն ութերորդ մարդ ունի Չինգիզ Խանի գեն։

Սակայն, այսօւայ Մոնղոլիայում Չինգիզ Խանը մոնղոլների ազգային հերոսն է, նրանց հպարտութեան խորհրդանիշը։ Մոնղոլիայում տեղադրւած է Չինգիզ Խանի 40 մետրանոց արձանը։

Չինգիզ Խանին, իր դաժանութեամբ չի զիջել, եթէ չի գերազանցել Լենկթեմուրը։ Նա յայտնի է մարդկային գլուխներից բուրգեր կառուցելով։ Սակայն, ինչպէս Չինգիզ Խանը մոնղոլների, այնպէս էլ Լենկթեմուրն ուզբեկների ազգային հպարտութեան խորհրդանիշն է։

Լենկթեմուրի մեծադիր արձանը տեղադրւած է Ուզբեկստանում։

Թուրքիան, որպէս պետութիւն ստեղծւել է, զուտ նւաճումների եւ կոտորածների շնորհիւ։ Եւ այդ բոլոր նւաճողներն ու ցեղասպաններն այսօրւայ Թուրքիայի ազգային հերոսներն են։ Թուրքիան ամէն տարի հանդիսաւոր կերպով նշում է Կոստանդնուպոլսի գրաւումը եւ շուտով կանգնեցնելու է Մեհմեդ սուլթանի արձանը։ Էլ չխօսենք Էնւերի, Թալեաթի, Աթաթիւրքի մասին։

Ռուսաստանի ամենադաժան ցարը համարւում է Իւան Ահեղը, ով սկսեց Ռուսաստանի նւաճողական քաղաքականութիւնը դէպի արեւելք։ Հետագայում Պետրոս Մեծը հայացքն ուղղեց դէպի Եւրոպա։

Ռուսական նւաճողական պատերազմներում եղել են տարբեր հրամանատարներ, Երմակից սկսած, Սուվորովով շարունակած։ Այսօր Ռուսաստանում բոլոր նշւած նւաճողները ռուս ժողովրդի հերոսներն են, նրանց հպարտութիւնը եւ բոլորի արձանները զարդարում են ռուսական տարբեր քաղաքներ։

Օ՛յ, մոռացել էի, չէ՞ որ այդ երկրները հեռու են ժողովրդավարութիւնից, դրանք բռնապետական երկրներ են։

Այժմ դիտարկենք, այսպէս կոչւած ժողովրդավարական երկրները։

Սկսենք մեր հարեւան Վրասատանից։ Վրաստանն իր պատմութեան ընթացքում, որոշակի ժամանակաշրջան՝ Թամար թագուհու եւ Դաւիթ Շինարարի գահակալումների ժամանակ նոյնպէս վարել է նւաճողական քաղաքականութիւն։ Եւ նրանք վրաց ժողովրդի հպարտութեան խորհրդանիշներն են։ Երկուսի արձաններն էլ տեղադրւած են Վրաստանում։

Այժմ մի փոքր շրջագայութիւն կատարենք դէպի մեր «առաջադէմ» գործիչների իդէալ հանդիսացող եւրոպական ժողովրդավարական երկրներ։

Սկսենք Հուգարիայից։ Ինչպէս թուրքերը մեր տարածաշրջանում, այնպէս էլ հունգարացիները Եւրոպայում, եկւորներ են՝ նւաճողներ։ Նրանք, իրաւացիօրէն իրենց համարում են հոնների սերունդ։ Իսկ հոնների առաջնորդ Աթիլլան, դաժանութեամբ չի զիջել Լենկթեմուրին։ Արձանի մասին տեղեակ չեմ, բայց Բուդապեշտի ամենամեծ պողոտաներից մէկը կրում է Աթիլլայի անունը։

Ներեցէք, մոռացել էի, չէ՞ որ Հունգարիան չէր հրաւիրւել անցեալ տարւայ ժողովրդավարական երկրների համաժողովին։

Այժմ տեղափոխւենք արեւմտեան Եւրոպա։ Ֆրանսիան դարեր շարունակ եղել է գաղութատիրական երկիր։ Գաղութների մի մասը դեռեւս Ֆրանսիայի տիրապետութեան տակ են գտնւում։ Ֆրանսիայի ամենայայտնի նւաճողն, ինչպէս յայտնի է Նապոլէոն Բոնապարտն է եղել։ Շատերը չգիտեն, բայց Նապոլէոնն իր դաժանութեամբ առանձնապէս չի զիջել ասիական նւաճողներին։ Նոյնիսկ նահանջի ժամանակ հրամայել է սպանել ֆրանսիական բանակի վիրաւոր զինւորներին, աւելորդ բեռ չունենալու համար։ Բայց, Նապոլէոն Բոնապարտն այսօրւայ Ֆրանսիայի խորհրդանիշն է, նրան են նւիրւած բազմաթիւ արւեստի գործեր, տեղադրւած արձաններ, նրա մասունքները տեղակայւած են Փարիզի Հաշմանդամների Տանը, որը դարձել է իւրօրինակ սրբատեղի։

Չինգիզ Խանից յետոյ, ամենամեծ կայսրութիւնը եղել է Բրիտանականը։ Բրիտանացիները, ինչպէս այլ նւաճողներ, նոյնպէս դաժանաբար են վարւել նւաճւած երկրների բնիկ ժողովուրդների հետ։ Օրինակները բազմաթիւ են։ Սակայն, ինչպէս այլ գաղութարար-նւաճողներ, բրիտանացիները նոյնպէս հպարտանում են իրենց հերոս նւաճողներով։ Նրանց արձանները զարդարում են ողջ Անգլիան, միայն ծովակալ Նելսոնի հսկայական սիւն-արձանը բաւական է։

Գերմանական հողերը միաւորեց եւ նւաճողական քաղաքականութիւն վարեց Օտտօ ֆոն Բիսմարկը։ Նա գերմանացիների հպարտութեան խորհրդանիշն է, ում արձանները տեղադրւած են Գերմանիայի տարբեր քաղաքներում։ Չեմ զարմանայ, որ մօտ ապագայում գերմանացիները հերոսացնեն նաեւ Ադոլֆ Հիտլերին։ Յիշենք, որ 19-րդ դարում պարտութիւնից յետոյ, Նապոլէոն Բոնապարտը նոյնպիսի բացասական կերպար էր Եւրոպայում, ինչպէս 20-րդ դարում Ադոլֆ Հիտլերը։

Յիշենք նաեւ ժողովրդավարութեան ջահակիր ԱՄՆ-ը։ Երկար տարիներ ԱՄՆ-ն եղել է ստրկատիրական, հետագայում ռասիստական երկիր։ ԱՄՆ-ի հիմնադիր հայրեր Ջորջ Վաշինգտոնը, Ջոն Ադամսը, Թոմաս Ջեֆերսոնը եղել են ստրկատէրեր։ Բայց նրանք այսօր ամերիկացիների հպարտութիւնն են։ Նրանց արձանները զարդարում են ԱՄՆ-ի քաղաքները, իսկ մայրաքաղաքն անւանւած է ստրկատեր Վաշինգտոնի անւամբ։

Շարքը կարելի է շարունակել՝ Իտալիայում Հուլիոս Կեսարով, Հունաստանում՝ Ալեքսանդր Մակեդոնացիով, էլ չասենք Իսպանիայի կոնկիսկադորների մասին։

Այո, աշխարհի բոլոր երկրները պետութիւն, կայսրութիւն են դարձել դաժանութիւնների, որպէս կանոն, դաժան միապետ աշխարհակալների շնորհիւ։ Այդպէս է եղել անցեալում եւ ցաւօք այդպիսին է նաեւ այսօրւայ իրականութիւնը։ Ուղղակի քարոզչական ձեւերն են փոխւել։

Նորից անդրադառնանք մեզ՝ հայերիս։ Հայ ժողովուրդն իր հազարամեակների պատմութեան ընթացքում, հիմնականում տարել է ոչ թէ նւաճողական, այլ ինքնապաշտպանական, հայոց պետականութեան վերականգմանն ուղղւած պատերազմներ։

Բացառութիւն են եղել Արտաշէս II-ը, ով միաւորեց հայկականփոքր ու մեծ պետութիւնները եւ Տիգրան Մեծը, ով տարաւ նւաճողական պատերազմներ եւ Հայաստանը դարձրեց կայսրութիւն, ինքը դառնալով արքայից արքա։

19-րդ դարից սկսած հայ դասականներ, Րաֆֆին, Մուրացանը իրենց պատմավէպերով փորձեցին բարձրացնել հայ ժողովրդի ոգին։ Հետագայում, նոյնիսկ խորհրդային տարիներին այդ աւանդոյթը շարունակւեց։ Պատմավէպեր գրեցին Ստեփան Զօրեանը, Դերենիկ Դեմիրճեանը, Սուրէն Այւազեանը։ Բոլոր պատմավէպերը ներկայացնում էին մեր թագաւորներին, զօրավարներին։ Հետագայում Հայկ Խաչատրեանը գրեց «Տիգրան Մեծ» վէպը։Պատկերացնու՞մ էք՝ վէպ աշխարհակալ, նւաճող հայոց արքայից արքայի մասին:

Խայտառակութիւն։ Նոյն խորհրդային տարիներին, տեղադրւեցին Սասունցի Դաւիթի, Վարդան Մամիկոնեանի, նաեւ Գայի, մարշալ Յովհաննէս Բաղրամեանի արձանները։ Վերջին երկուսն, իհարկէ ԽՍՀՄ հերոսներ էին, բայց նաեւ Սարդարապատի հերոսամարտի մասնակիցներ։ Կառուցւեցին Սարդարապատի եւ Ցեղասպանութեան յուշահամալիրները, տեղադրւեցին Վահագն Վիշապաքաղի եւ Հայկ Նահապետի արձանները։

Փաստօրէն, խորհրդային կարգերը, խորհրդային ուսումն աւելի էր նպաստում հայ ժողովրդի պատմականն յիշողութեան, արժանապատւութեան բարձրացմանը, քան անկախ Հայաստանում։

Փոխանակ անկախ Հայաստանում արագօրէն տեղադրւէին Արամ Մանուկեանի, Տիգրան Մեծի, Արտաշէս II-ի, Աշոտ Երկաթի արձանները, առաջին արձանը Կարաբալայինը եղաւ։ Զուգադիպութիւ՞ն էր, արդեօք սա։Իսկ կրթութիւ՞նը՝ Տիգրան Մեծը բացասական կերպար, Գարեգին Նժդեհը՝ ֆաշիստ։ Փաստօրէն այս տարիների ընթացքում, մեր մէջ ձեւաւորւեց ոչ թէ Արամ Մանուկեանի, Տիգրան Մեծի ոգին, այլ Կարաբալայի խեղճուկրակ հոգեբանութիւնը, որն էլ տւեց համապատասխան քպ-ական սերունդ։ Եւ այդ սերնդի ներկայացուցիչ կրթութեան գծով փոխնախարարը Գարեգին Նժդեհին անւանում է ֆաշիստ։ Աշխարհի ամենայայտնի ապազգային քաղաքական գործիչը եղել է Վլադիմիր Իլեիչ Լենինը։ Նա մերժում էր ամէն ազգայինը՝ ընդունելով միայն դասակարգային միասնութիւնը։ Նոյնիսկ Լենինն է ասել, որ փոքր ազգերի ազգայնականութիւնը իրենից վտանգ չի ներկայացնում, այն միայն ու միայն ինքնապահպանման խնդիր է լուծում։ Բայց դէ, մեր «առաջադէմներն» աւելի քան «առաջադէմ» են։

Այո, շուրջ չորս-հինգ տարի առաջ, վերջապէս տեղադրւեցին Գարեգին Նժդեհի եւ Արամ Մանուկեանի արձանները, բայց արդէն ուշ էր, նոր սերնդի հերոսներ դարձել էին Պետրոս Գետադարձն ու Վեստ Սարգիսը, որոնց համար հայրենիքն անշարժ գոյք է, շահոյթի միջոց։

«168.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։