Հա

Քաղաքական

25/04/2022 - 08:45

«Կարգախօսներ կրկնելով չի կարելի հայրենիք կառուցել, անորոշ է Արցախի ինքնանկախ գոյութիւնը, վտանգւած է ՀՀ անկախութիւնը»․ Արամ Ա-ի ուղերձը

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է յղել Հայոց ցեղասպանութեան 107-րդ տարելիցի կապակցութեամբ: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «CiliciaTv»-ին, Արամ Ա կաթողիկոսը նախ իր մտահոգութիւնն է յայտնել Հայաստանում եւ Արցախում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների հետ կապւած:

«alikonline.ir»- Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է յղել Հայոց ցեղասպանութեան 107-րդ տարելիցի կապակցութեամբ: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «CiliciaTv»-ին, Արամ Ա կաթողիկոսը նախ իր մտահոգութիւնն է յայտնել Հայաստանում եւ Արցախում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների հետ կապւած:

«Ճգնաժամի մէջ է մեր ազգը: Անորոշ է Արցախի ինքնանկախ գոյութիւնը: Վտանգւած է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը եւ նոյնիսկ անկախութիւնը: Մեր պահանջատիրութիւնը լուրջ մարտահրաւէրների առջեւ է կանգնած»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը:

Ըստ Արամ Ա-ի` առաջին հերթին հայ ազգը պէտք է համախմբւի գերագոյն եւ ընդհանրական գաղափարների, շահերի եւ արժէքների շուրջ:

«Իրօք, կարգախօսներ կրկնելով եւ իրար արհամարհելով չի կարելի իրաւունք պաշտպանել, հայրենիք կառուցել ու պետութիւն հզօրացնել: Հարկ է ազգին ողջ մարդուժը եւ ներուժը համախմբել ու գործի մղել՝ բոլոր բնագաւառներում, ներքին թէ արտաքին ճակատներում, մեզ շրջապատող տագնապների դէմ եւ ապագայի տեսլականների շուրջ»,- ընդգծել է Արամ Ա-ն:

Վեհափառ Հայրապետը անհրաժեշտ է համարում մերժել որեւէ առաջարկ կամ համաձայնագիր, որը կարող է վտանգել Հայաստանի անկախութիւնը:

«Գիտե՛նք, աշխարհաքաղաքական ներկայ պայմանները ի նպաստ մեզ չեն։ Տարածաշրջանում համապարփակ խաղաղութեան հաստատման համաձայն ենք. սակայն՝ ո՛չ ի հեճուկս Հայաստանի անվտանգութեան, տարածքային ամբողջականութեան ու անկախութեան. ո՛չ զիջումներ միայն կատարելով եւ թոյլ դիրքերից բանակցելով»,- շեշտել է Արամ Ա-ն:

Արամ Ա-ի խօսքով` անհրաժեշտ է քաջութիւն ունենալ մերժելու որեւէ առաջարկ, պարտադրանք կամ համաձայնագիր, որ կարող է սպառնալ Արցախի հայութեան անվտանգութեան եւ հարցականի տակ դնել իր կամքը ազատօրէն արտայայտելու Արցախի ժողովրդի իրաւունքը։

«Ոչ ոք իրաւունք չունի անտեսելու իր պատմական հողերի վրայ ապրող ժողովրդի  ինքնորոշման իրաւունքը, որը յստակօրէն ընդգծւած է մարդու իրաւունքների հռչակագրի մէջ։ Անկախութիւնը բացարձակ արժէք է եւ չի կարելի այն սակարկութեան նիւթ դարձնել»- ասել է Արամ Ա-ն:

Ըստ Հայրապետ Վեհափառի` հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը պէտք է նոր շեշտ ու ծաւալ ստանայ` համահունչ ներկայ ժամանակների աշխարհաքաղաքական պայմաններին եւ մարտահրաւէրներին:

«Թուրքիան, պետութեան լայն կարողութիւնները օգտագործելով իր ժխտողական քաղաքականութիւնը աւելի կազմակերպւած շարունակում է՝ արեւմտեան համալսարաններում թրքագիտութեան ամբիոններ հաստատելով, հայոց ցեղասպանութիւնը ժխտող տեղեկատւական կենտրոններ հիմնելով եւ այլ միջոցներով։ Հետեւաբար, անհրաժեշտ է, որ Հայաստանի պետութիւնը, եկեղեցին եւ հայ դատի մարմինները, աշխատանքի բաժանումով ու ներդաշնակ գործակցութեամբ առաւել թափով շարունակեն հետապնդել մեր նւիրական դատը։ Սա համազգային պարտաւորութիւն է»,- եզրափակել է Արամ Ա-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։