Կայ պայմանական ընտրազանգւած՝ 680 հազար ձայն, որն իհարկյ մինչ այս պահն արդէն էապէս պակասել է։ Այդ 680 հազարը յունիսին Նիկոլին ձայն տւել է բազմաթիւ այլ նպատակներով, բայց ոչ՝ պետութեան ոչնչացման։ Հիմա 680 հազարի ընդվզման եւ սեփական ընտրութիւնը վերանայելու ժամանակն է։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագէտ Վահէ Յովհաննիսեանը:
«alikonline.ir» - Կայ պայմանական ընտրազանգւած՝ 680 հազար ձայն, որն իհարկյ մինչ այս պահն արդէն էապէս պակասել է։ Այդ 680 հազարը յունիսին Նիկոլին ձայն տւել է բազմաթիւ այլ նպատակներով, բայց ոչ՝ պետութեան ոչնչացման։ Հիմա 680 հազարի ընդվզման եւ սեփական ընտրութիւնը վերանայելու ժամանակն է։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագէտ Վահէ Յովհաննիսեանը:
Նա, մասնաւորապէս, նշել է. «Ազգային համերաշխութիւնը, միջընտրազանգւածային երկխօսութիւնը պէտք է սկսւի այդպէս։
Պէտք է գտնւեն այն գործիչները, որոնք հանգիստ կը խօսեն յունիսին Նիկոլին ընտրած ընտրազանգւածի հետ ու կը կարողանան նրան բացատրել, որ հիմա լրիւ ուրիշ պրոցես է, ու նրանց աջակցութիւնն է պէտք՝ պետութիւնը փրկելու եւ անցնցում պրոցեսներ տանելու համար։
Հակասութիւնները շատ են, դրանք արագ չեն յաղթահարւելու, բայց հիմնական հարցի գիտակցումը հերիք է՝ լուծումներ գտնելու համար։ Ուղիղ է պէտք աշխատել 680 հազարի հետ, իսկ այս թիւը, նորից եմ շեշտում, վաղուց նւազել է։
Կայ նախագահ, որի մասին բոլորը մոռացել են. նա ոչինչ չի տեսնում, չի լսում, պոչը քաշած՝ նստել է։ Վահագն Խաչատուրեանն այն մարդն էր, որ 98-ից եւ յատկապէս 2008- ից յետոյ մեղմ ասած, ընդգծւած բացասական վերաբերմունք էր ցուցաբերում պետական համակարգում աշխատող անձանց հանդէպ եւ կերտել էր սկզբունքային մարդու համբաւ։
Հիմա նա չի տեսնում ուժայինների բորենիութիւնները, իր ընկեր-թիմակիցների լկտի ողջոյնի խօսքերը՝ քացի տւող, հայհոյող բարձրաստիճան իրաւապահներին եւ այլն։ Չի տեսնում ձեւաւորւած ճգնաժամը։
Եթէ այդպէս վարւէր սովորական քաղաքացի Վահագն Խաչատուրեանը, կամ նոյնիսկ Հայէկոնոմբանկի խորհրդի անդամ Վ. Խաչատուրեանը, դա ներելի էր. կը լինէր սովորական կոմֆորմիզմ, որի պակասը չկայ։ Բայց երբ այդպէս է վարւում նախագահ Խաչատուրեանը, ապա դա ուղիղ պատասխանատւութիւն է ենթադրում՝ իրավիճակի եւ հետագայ զարգացումների համար։ Լուռումունջութիւնը չի լինելու արդարացում։
Ակնյայտ է, որ այս պրոցեսը կանգ չի առնելու, փոփոխութիւնների ալիքը յետ չի գնալու։ Ոստիկանութեամբ, բռնելով, վախեցնելով հնարաւոր չի լինելու կասեցնել Հայաստանում նոր իշխանութեան ձեւաւորման պրոցեսը։ Պէտք են քաղաքական լուծումներ։
Ու հէնց սա գիտակցելով է պէտք գնալ միջընտրազանգւածային երկխօսութեան։ Երկրում կայ շուրջ 2 միլիոն մարդու յստակ պահանջ՝ Նիկոլը պէտք է գնայ։ Այս կէտի բաւարարման դէպքում հնարաւոր են սահուն, անցնցում զարգացումներ։ Ու այս պայմաններում շատ կարեւոր է լսել պայմանական 680 հազարի ձայնը։ Ամենայն հաւանականութեամբ նրանք էլ ունեն իրենց պատկերացումները կամ պահանջները՝ սահուն իշխանափոխութեան եւ նոյնիսկ որոշ անձանց հանդէպ վետոյի մասին։ Պէտք է լսել, յարգել ու պէտք է գտնել լուծումներ։ ՔՊ ընտրազանգւածը պէտք է գտնի նոր լիդեր, համակարգող, որը կը սկսի բանակցութիւններ՝ խաղաղ իշխանափոխութեան շուրջ, կապահովի ընդունելի, անցնցում իշխանափոխութիւն եւ դրան հասնելու մեխանիզմները։
Սրան զուգահեռ՝ ձեւաւորւում է միջնորդի բացառիկ կարեւորութեան կարգավիճակ՝ անցնցում եւ սահուն լուծումներ գտնելու առաքելութեամբ։ Դրա կարիքը լինում է բոլոր ճգնաժամերի պայմաններում, ու նաեւ՝ այս պահի Հայաստանում
Հիմա բոլորը հարցնում են՝ ի՞նչ կը լինի, ե՞րբ, ինչպէ՞ս եւ այլն։ Կայ նոր իշխանութեան հանրային տոտալ պահանջ, եւ այդ պահանջն անկասկած կատարւելու է։ Սա է բովանդակութիւնը։ Ի՞նչ-ը, ե՞րբ-ը, ինչպէ՞ս-ը տեխնիկական հարցեր են, որոնք կախւած են մեզնից։ Ո՞վ կամ ովքե՞ր կը ստանձնեն միջնորդի դերը՝ խաղաղ փոփոխոթիւնների համար. սա բնականօրէն պէտք է ձեւաւորւի՝ ելնելով տարբեր անձանց հեղինակութիւնից եւ տարբեր շրջանակների համար ընդունելի լինելու պարամետրերից։ Ամէն դէպքում, պետութեան շահը պահանջում է, որ բանակցային պրոցեսը մի պահից սկսւի՝ յանուն սահուն, անցնցում փոփոխութիւնների՝ բերելով սոլիդ եւ հանրութեան լայն շրջանակների համար ընդունելի լուծումների։