Հա

Քաղաքական

03/05/2022 - 15:00

«Ժողովուրդը եւ այս հրապարակն են որոշելու՝ ովքեր են ՀՀ յաջորդ իշխանութիւնները»․ Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը այսօր՝ մայիսի 3-ին «Դիմադրութեան շարժման» բողոքի ակցիաներից յետոյ, Ֆրանսիայի հրապարակում հանդէս է եկել մամուլի ասուլիսով։

«alikonline.ir» - ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը այսօր՝ մայիսի 3-ին «Դիմադրութեան շարժման» բողոքի ակցիաներից յետոյ, Ֆրանսիայի հրապարակում հանդէս է եկել մամուլի ասուլիսով։

Մեր քաղաքացիներն արդէն ինքնակազմակերպւելով ձեւաւորել են խմբեր եւ դուրս են եկել իրենց բողոքի ձայնը բարձրաձայնելու, պահանջելու իշխանութեան հրաժարականը․ ասաց Իշխան Սաղաթելեանը։

Անդրադառնալով մարզերում իրականացւող բողոքի ակցիաներին՝ նա տեղեկացրեց, որ այս պահին փակ է Գեղարքունիք-Սեւան-Վարդենիս ճանապարհը, Կոտայքի, Լոռու, Արարատի, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում եւս միջպետական ճանապարհներ են փակ, եւ քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ բողոքի ակցիաներ իրականացնելու։

«Այսօր առաւօտւանից մեր քաղաքացիները փակել են 2 տասնեակից աւելի երեւանեան փողոց, մինչեւ այս պահն էլ տեղի են ունենում անհնազանդութեան ակցիաներ»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ այս պահին 200-ից աւելի բերման ենթարկւածներ կան, բայց անգամ ոստիկանութեան բաժանմունքներում նրանք ազգային-յեղափոխական երգեր են երգում, այնպէս որ նրանց ոգին կոտրել հնարաւոր չէ։

«Ոստիկանները շարունակում են բիրտ ուժ կիրառել, յատուկ աչքի են ընկնում սեւ բերետաւորները, որոնք ակնյայտօրէն ղեկավարւում են ինչ-որ խմբերի կողմից։ Տեղեկութիւններ ունենք, որ դրանց մէջ կան մարդիկ, որոնք որոշ օլիգարխների եւ Նիկոլի շրջանակների կողմից յանձնարարութիւններ են կատարում»,- ասաց նա։

Սաղաթելեանը նշեց, որ իշխանամերձ շրջանակները տեղեկութիւններ են տարածում, որ փողոցներում քիչ քաղաքացիներ կան, համալսարանների ուսանողները չեն միանում շարժմանը եւ այլն։

«Այսօր եղանք ԵՊՀ-ում, մտել ենք 10-ից աւել լսարարաններ, որից միայն մէկում կային ուսանողներ։ Իրականութիւնը մի բան է, իշխանութիւնների ներկայացածը մէկ այլ բան, իրենք իրավիճակին չեն տիրապետում»,- ընդգծեց Իշխան Սաղաթելեանը՝ յաւելելով, որ իշխանական շատ ներկայացուցիչներ յորդորում են ոստիկաններին բռնութիւն կիրառել քաղաքացիների նկատմամբ։

Հարցին՝ ինչպէս է վերաբերում իշխանական պատգամաւորների՝ ԱԺ գնալու եւ այնտեղ յայտարարութիւններ անելու յորդորներին, Սաղաթլեանը ասաց․

«Ես ի՞նչ պատասխանեմ այդ «դուխով գլխարկներին»։ Ես կրկնում եմ՝ ՔՊ-ն ունի շանս չկիսելու Նիկոլի դաւաճան քաղաքականութիւնը, մենք պատրաստ ենք իրենց ազատել գերութիւնից։ Այսօր իշխանութիւններին աւելի շատ հետաքրքրում է Տիգրան Աւինեանին քաղաքապետ դարձնելը, ոչ թէ Վարդենիսն ու Սիւնիքը պահելու խնդիրը»,- ասաց նա։

Սաղաթելեանը նշեց, որ Ալիեւը նոյնպէս անհանգստացած է ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներից։

«Ժողովուդը եւ այս հրապարակն է որոշելու՝ ովքեր են լինելու ՀՀ յաջորդ իշխանութիւնները, ժողովուրդը պէտք է դուրս գայ փողոց, արդէն ունենք հանրային արձագանգ, հիմա մեր խնդիրն է մի քանի օրւայ ընթացքում այդ մարդկանց իջեցնել փողոց»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Իշխան Սաղաթելեանն նշեց, որ բողոքի ակցիաները կը շարունակւեն մինչեւ ժամը 16։00-ն, որից յետոյ ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում կը հաւաքւեն՝ ամփոփելու այսօրն ու միասին պլանաւորելու վաղւայ անելիքները։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։