Հա

Քաղաքական

04/05/2022 - 16:50

«Իրանը բարեկամական երկիր է, բայց եթէ բարեկամիդ հետ չես աշխատում՝ աշխատում է թշնամին». Վարդան Ոսկանեան

Վերջին շրջանում Իրան-Ադրբեջան տրանսպորտային հաղորդակցութեան ուղիների շուրջ ակտիւացած գործընթացների եւ տարածաշրջանում ԻԻՀ-ի վարած քաղաքականութեան մասին Panorama.am-ը զրոյցեց իրանագէտ Վարդան Ոսկանեանի հետ:

«alikonline.ir» - Վերջին շրջանում Իրան-Ադրբեջան տրանսպորտային հաղորդակցութեան ուղիների շուրջ ակտիւացած գործընթացների եւ տարածաշրջանում ԻԻՀ-ի վարած քաղաքականութեան մասին Panorama.am-ը զրոյցեց իրանագէտ Վարդան Ոսկանեանի հետ:

 

Panorama.am- Վերջին ամիսներին Ադրբեջանն աւելի յաճախ է տեղեկատւութիւն շրջանառում Իրանի հետ հաղորդակցութեան ուղիների բացման շուրջ ծւալւող գործընթացների վերաբերեալ: Ըստ Ձեզ՝ ո՞րն է դրա նպատակը:

Վ. Ոսկանեան- Մինչեւ Իրան-Ադրբեջան տրանսպորտային համագործակցութեանը անդրադառնալը, մենք պէտք է մեր համար մի բան արձանագրենք՝ ադրբեջանական կողմը իւրաքանչիւր երկրորդ կողմի հետ իր յարաբերութիւնների բարելաւման պատրանքը, կամ բարելաւումը փորձում է օգտագործել Հայաստանի դէմ քարոզչական նպատակներով: Նմանատիպ լուրջ հարթակ իրենք համարում են Իրանի հետ յարաբերութիւնները: Եթէ իրականում դիտարկենք. թէ այս ոլորտում ի՞նչ է տեղի ունեցել, ապա կարող ենք արձանագրել, որ որեւէ բան խոշոր հաշւով չի փոխւել:

Նախիջեւանը մշտապէս՝ Խորհրդային Միութեան փլուզումանը յաջորդած ողջ ժամանակահատւածում Իրանի տարածքով Ադբեջանի հետ ցամաքային կապով ապահովւել է: Ուղղակի այսօր տեղի է ունեցել որոշակի փոփոխութիւններ: Ադրբեջանն Արցախից բռնազաւթել է մերձարաքսեան գօտին եւ Նախիջեւանի հետ կապն ապահովելու առումով փորձում է աւելի երկարացնել Ադրբեջանի եւ Արցախի բռնազաւթած տարածքով ճանապարահատւածը եւ կրճատել Իրանի տարածքով նոյն ճանապարհը: Այսինքը՝ փորձում է անցակէտը, որը այս պահին գտնւում է Հայաստանի Հանրապետութեան սահմանից մօտաւորապէս 100 կմ հեռաւորութեան վրայ, տեղափոխել Հայաստանի սահմանի հարեւանութեամբ, այդպիսով կրճատելով Իրանով անցնող ճանապարհի հատւածը, ըստ էութեան՝ թողնելով միայն Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի միջեւ սահմանի երկայնքը՝ Իրանի տարածքով: Այլ կերպ ասած՝ Ադրբեջան-Նախիջեւան կապը կայ, ուղղակի Բաքուն ցանկանում է այն կրճատել: Բայց այն անելու համար պէտք է կառուցւեն առնւազն երկու կամուրջ, որի մասին իրենք յայտարարում են:

 

Panorama.am- Իսկ երկաթուղային կապի մասին ի՞նչ կասէք:

Վ. Ոսկանեան- Ինչ վերաբերում է երկաթուղային հաղորդակցութեանը, ապա եթէ նոյնիսկ ադրբեջանական կողմը, ըստ իր պնդումների, այն հասցնում է մինչեւ ՀՀ սահման, միեւնոյնն է Հայաստան-Իրան սահմանի երկայնքով իրանական կողմում երկաթուղի չկայ, ուստի երկաթուղային կապ չի ապահովւելու, մինչեւ իրանական կողմը չկառուցի այն: Նման երկաթուղու կառուցումն իրանական կողմը կանի միայն մի պայմանով՝ որպէսզի այդ երկաթուղին միանայ Հայաստանի Հանարպետութեան կողմից կառուցւելիք Հայաստան- Իրան երկաթուղուն, որի մասին խօսւում էր: Ըստ էութեան, այդ երկաթուղու կառուցումն էլ ձեռնտու չէ, քանի որ իրանական կողմը մտածում է, որ եթէ բացւելու է իրանական Ջուլֆա-Հին Ջուղա-Երասխ երկաթուղային հատւածը, ապա կարիք չի լինի լրացուցիչ ներդրումներ անել:

Բայց ինչ է անում Ադրբեջանը: Վերջինս այս ամէնը քարոզչական փաթեթաւորմամբ, «յուժկու հարւածի» տեսքով փորձում է ուղղել մեր դէմ՝ իր երազած այսպէս կոչւած՝ «զանգեզուրեան միջանցքը» ստանալու համար: Անշուշտ սա հայկական կողմի համար ստեղծում է լրացուցիչ ռիսկեր, բայց չափազանց շատ անհանգուստանալ պէտք չէ, եթէ մենք ճիշտ աշխատենք իրանական կողմի հետ:

 

Panorama.am- Կարծես Իրանն առանձնապէս դէմ չէ Ադրբեջանի նախաձեռնած այս գործընթացներին:

Վ. Ոսկանեան- Ինչո՞ւ են իրանցիները գնում սրան, որովհետեւ Իրանում վստահ չեն, որ Հայաստանը վաղ թէ ուշ չի տրամադրի այդ «զանգեզուրեան միջանցքը»: Եթէ նման վստահութիւն լինի, ապա իրանական կողմն էլ իր քայլերը կը կառուցի այդ տրամաբանութեամբ: Միւս կողմից էլ իրանցիները համարում են, որ եթէ այսուհանդերձ մայրցամաքային Ադրեբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցութիւն է լինելու, ապա շատ աւելի լաւ կը լինի, եթէ այդ հաղորդակցութեան վրայ վերահսկողութիւն ունենայ իրանական կողմը, դրանից բխող բոլոր այն գործիքակազմով, որն նա կարող է կիրառել ցանկացած պահի այդ հաղորդակցութիւնը դադարեցնելու համար: Հետեւաբար՝ ընդհանուր գործընթացի տրամաբանութիւնը սա է:

Կայ մի կարեւոր հանգամանք: Իրանական զօրքերը, որոնք տեղափոխւել էին Ադրբեջանի եւ Արցախից Ադրբեջանի բռնազաւթած տարածների սահման, Նախիջեւանի հետ սահման, այնտեղից ամբողջութեամբ դուրս չեն էլ բերւել: Իրանական զօրմիաւորումների մի մասը իրանական զօրավարժութիւններից ամիսներ անց, արդէն գրեթէ 6 ամիս, գտնւում են այդ տարածքում, ինչը ցուցիչ է այն բանի, որ Իրանը Ադրբեջանի նկատմամբ վստահութիւն չունի:

Միւս կողմից էլ կայ մի շատ կարեւոր խնդիր, որն առաջացել է ուկրայինական ճգնաժամի հետեւանքով: Եւրոմիութիւնը, նաեւ Միացեալ Նահանգների ճնշման ներքոյ, փորձում է այլընտրանքային գազ գնտել, որպէսզի կարողան ապահովել իր պահանջմունքները, որպէս ռուսական գազին այլընտրանք, եւ այդ կէտերից մէկը դիտարկւում է Ադրբեջանը: Բայց ադրբեջանական գազը, մասնագէտների գնահատականներով, չի բաւարարելու Եւրոմիութեան զանազան երկրների ունեցած ողջ պահանջարկը, ուստի այսօր փորձ է կատարւում թուրքմենական գազը Իրանի տարածքով, սվոպային եղանակով մուտք անել ադրբեջանական գազամուղեր, որտեղից այն կանցնի Թուրքիա եւ այնտեղից էլ Եւրոպա:

Այս ուղղութեամբ Ադրբեջանական կողմը նոյնպէս բաւական ակտիւ աշխատում է: Բայց այստեղ էլ կան խնդիրներ, որովհետեւ իրանական կողմը լաւ հասկանում է, որ ողջ գործընթացն ուղղւած է Ռուսաստանի գազային շահերը սահմանափակելուն եւ Միացեալ Նահանգների ազդեցութեան մեծացմանը, ուստի իրանական կողմն այս խնդրին վերաբերում է բաւականին սառը կերպով: Հետեւաբար դրա ճակատագիրն էլ հարցականի տակ է:

Բայց մենք չպէտք է հանգստանանք, պէտք է արձանագրենք մի կարեւոր հանգամանք՝ այո, Իրանը բարեկամական պետութիւն է, բայց եթէ ցանկացած բարեկամիդ հետ էլ դու չես աշխատում, եւ դրա փոխարէն աշխատում է թշնամին, ապա մենք կարող ենք ունենալ խնդիրներ: Ուստի՝ Իրանի հետ մեր աշխատանքներն կենսական նշանակութեան են: Յատկապէս կարեւոր նշանակութեան են Հիւսիս-Հարաւ աւտոմայրուղին, նրա հնարաւորինս արագ եւ որակեալ կառուցումը, որովհետեւ իրանցիները շատ լաւ հասկանում են, որ իարնական կողմի համար Հայաստանն է՝ թուրք-ադրբաջանական փաստացի ռազմաքաղաքական տարածքով, դէպի հիւսիս-արեւմուտք ելք ապահովելու միակ այլընտրանք: Հետեւաբար՝ իրանցիներն էլ շահագրգռւած են այս խնդրով:

Իրանական կողմը որեւէ կերպ շահագրգռւած չեն ՀՀ-ի հետ սահմանային որեւէ տարածք կորցնելու հետ: Ընդհակառակը՝ Իրանը շատ կոշտ է արձագանգում ադրբեջանական կողմից հնչող նման յայտարարութիւններին եւ արձագանգներն ոչ միայն հռետորաբանութեան մակարդակում, այլեւ՝ զօրաշարժերի: Ըստ էութեան Սիւնիքի նկատմամբ ադրեբջանաթուրքական դաշինքի կողմից ոտնձգութիւն տեղի չունեցաւ երկու կարեւոր գործօնների ազդեցութեամբ՝ ռուսական զինւած ազդեցութիւնը Հայաստանի սահմաններից ներս եւ իրանական զինւած ներկայութիւնը Հայաստանի մօտակայքում: Այս գործօնները զսպեցին ադրբեջանաթուրքական դաշինքի ախորժակը՝ բռնի ուժով կամ ռազմական եղանակով ստանալու իրենց համար երազանքային այդ «զանգեզուրեան միջանցքը»: Այս միջանցքը չի վերաբերում միայն Նախիջեւանը Ադրբեջանի հետ կապելուն, այն վերաբերում է Թուրքիայի հեռագնայ ծրագրերին, իսկ այդ հեռագնայ ծրագրերը ենթադրում են Թուրքիայի մուտքը Կենտրոնական Ասիա: Ըստ էութեան, այս ամբողջ գործընթացը միտւած է երեք պետութիւնների՝ ԻԻՀ-ի, ՀՀ-ի եւ ՌԴ-ի դէմ: Բայց թուրքական կողմը խաղում է երկու աթոռների տրամաբանութեամբ՝ փորձելով յարաբերութիւններ պահպանել Արեւմուտքի հետ՝ չփչացնելով յարաբերութիւնները ՌԴ-ի հետ՝ հաշւի առնելով ՌԴ-ից իր համար բխող վտանգները, որոնք կարող են յօդս ցնդեցնել թուրքական բոլոր ծրագրերը եւ պլանները:

Բալորիս համար պարզ է, որ Արցախում տեղակայւած ռուս խաղաղապահներն, ըստ էութեան, ռուսական ռազմաբազա է, որը պաշտպանում է արցախահայութեանը եւ սանձում է նաեւ Արդբեջան-Թուրքիա հեռագնայ ծրագրերը: Սրա համատեքստում թուրքերը փորձում են խաղալ երկու կողմերի հետ էլ՝ արեւելեան շուկայական խորամանկութեամբ թանկացնել իրենց գինը, աւելի թանկ վաճառել ինչ-որ խնդիր, դրա փոխարէն մէկ այլ տեղ ստանալ որեւէ զիջում եւ այլն: Մենք սա պէտք է հասկանանք եւ յստակօրէն արձանագրենք, որ Հայաստանի համար լաւագոյն ելքերից մէկը կարող է լինել դառնալն այնպիսի հարթակ, որտեղ Իրանը եւ Ռուսաստանը շահագրգռւած լինեն ձեւաւորելու եռակողմ գործակցութիւն, իսկ դրա համար պէտք է բարձրացնել մեր սուբիեկտայնութիւնը, մեր երկրի հեղինակութիւնն ու վարկը, որը կարելի է անել միայն մեր անվտանգութեան բարձրացման, բանակի վերականգնման ճանապարհով, դիւանագիտական հարթակում չափազանց ինտենսիւ աշխատելով, այն պէտք է օրնիբուն արւի: Հետեւաբար՝ պէտք է ուժեղացւի երկու ոլորտ՝ բանակը եւ դիւանագիտութիւնը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։