Այսօր՝ մայիս 5-ին, Ֆրանսիայի հրապարակում ճեպազրոյցով հանդէս է եկել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։
«alikonline.ir» - Այսօր՝ մայիս 5-ին, Ֆրանսիայի հրապարակում ճեպազրոյցով հանդէս է եկել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։
Իշխան Սաղաթելեանը լրագրողներին տեղեկացրեց, որ առաւօտից Երեւանի տարբեր վարչական շրջաններում, Հայաստանի տարբեր քաղաքներում շարունակւել են երթերը, բողոքի անհնազանդութեան ակցիաները։
«Կային մի շարք փակ փողոցներ։ Ոստիկանութեան յայտարարութիւնը, որ բաց են բոլոր փողոցները, ամէն ինչ հանգիստ է, իրականութեանը չի համապատասխանում»,- նշեց նա։
Ընդդիմադիր գործչի գնահատմամբ, այսօր ոստիկանները բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ կիրառել են խայտառակ անհամաչափ բռնի ուժ, առնւազն 150 բերման ենթարկւած ունեն։
«Բերման էր ենթարկւել նաեւ «Հայկական Ցեղասպանութեան Արդարութեան մարտիկներ»-ից Համբիկ Սասունեանը։ Բոլորը գիտեն՝ ով է նա։ Այդ քայլով ոստիկանութիւնն ու Նիկոլը հաւանաբար ցանկանում էին թուրքերին եւ ադրբեջանցիներին դուր գալ։ Թուրքական մանուլի արձագանգը տեսնէիք՝ որքան երջանիկ, ուրախ էին, որ հայ վրիժառուն, 40 տարի բանտարւելուց յետոյ, Երեւանում մայթեզրին կանգնած յարձակման է ենթարկւում հայ ոստիկանի կողմից»,- ասաց Սաղաթելեանը։
Նա ընդգծեց, որ չնայած ոստիկանութեան այդ քայլերին, ժողովրդի կամքն անկասելի է, որքան ձերբակալեն, այնքան աւելանալու են։
«Սրանով միայն խայտառակում են իրենց, շարունակում են կատարել վարչապետի աթոռին յայտնւած անձի ապօրինի հրահանգները, բայց երկար չեն կարողանայ, քանի որ գալու է մի պահ, որ պարտաւորւած են լինելու զեկուցել՝ այլեւս իրավիճակին չեն տիրապետում»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Նա նշեց, երբ իրեն հարցնում են, թէ երբ է գալու այն օրը, որ Փաշինեանը վերջնական հրաժարական տայ, պատասխանում է՝ երբ ուժային կառոյցները զեկուցեն կառավարութեան ղեկին յայտնւած անձին, որ այլեւս չեն կարողանում կասեցնել ժողովրդի ցասումը։
«Օրէցօր շարժումը թափ է հաւաքում, մեր հայրենակիցները ոտքի են կանգնում, չնայած եղանակային պայմաններին, դժւարութիւններին։ Այս ամէն ինչը ճնշել հնարաւոր չէ, իրականում համազգային պայքարի է վերածւել, շատ արագ առաջ ենք գնում։ Խնդիր ունենք առաջիկայ օրերին ծաւալներն աւելի մեծացնելու ու վերջնական ծնկի բերելու»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։
Նրա խօսքով, Փաշինեանի հեռանալու հանրային պահանջն ակնյայտ է, սակայն իշխանութիւնները շարունակում են իրավիճակին չտիրապետել։
«Իշխանութեան մնալու իրենց միակ յենարանը ոստիկանական ուժերն են, դրա համար անընդհատ կամ ճնշում են կամ ոգեւորւում ոստիկանութեանը, որ շարունակի բռնի, անհամաչափ ուժ կիրառի Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Դժբախտաբար, ոստիկանութիւնը տեղիք է տալիս այդ ճնշումներին, բայց ասում եմ՝ ինչ-որ պահ է գալու, որ այլեւս չեն կարողանալու»,- ասաց նա։
Անդրադառնալով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարեանի կոչին ԱԱԾ-ին՝ հաւաքագրել բերման ենթարկւած քաղաքացիների տւեալները եւ փոխանցել ՊՆ-ին, Իշխան Սաղաթելեանն ասաց, որ այսօր բերման ենթարկւած տղաներից առնւազն 40-ը եղել են 44-օրեայ պատերազմի մասնակից, եղել են առաջնագծում, կորցրել են ընկերներ. «Բայց ո՞ւր էր Անդրանիկ Քոչարեանն ու իր տղան, մնացածները։ Սրիկայութեանը վերջապէս չափ ու սահման կայ, թէ ոչ։
Իսկ եթէ իրենք մեզ վախեցնում են լագերներով, բանտարկութիւններով, իրենց օրը շատ մօտ է, իրենք են դաւաճանութիւն գործել պետութեան, հայրենիքի նկատմամբ։ Իրենք ի՞նչ իրաւունք ունեն այդ թեմայից խօսել։ Միայն սպառնալիք, բռնութիւն։ Ժողովրդավարութեան բաստիոն Հայաստանում ակնյայտ փորձում են մէկ մարդու դիկտատուրա հաստատել։ Դիմում եմ միջազգային կազմակերպութիւններին, դեսպանատներին, պէտք է արձագանգեն, իրենք իրենց լռութեամբ նպաստում են որպէսզի օրւայ իշխանութիւնը ապօրինի ճնշումներ գործադրի Հայաստանի քաղաքացիների նկատմամբ»։