Որքան էլ հակասական թւայ, այդուհանդերձ, Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով ու Հայաստանի եւ Արցախի անվտանգութեամբ անհանգստացած քաղաքացիների բողոքի ակցիաներին չաջակցողները՝ նոյն իրենք նախկին, կամ ծպտեալ նիկոլականներից շատերն այսօր կարծում են, որ Նիկոլ Փաշինեանը պէտք է հեռանայ։
ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ
Որքան էլ հակասական թւայ, այդուհանդերձ, Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով ու Հայաստանի եւ Արցախի անվտանգութեամբ անհանգստացած քաղաքացիների բողոքի ակցիաներին չաջակցողները՝ նոյն իրենք նախկին, կամ ծպտեալ նիկոլականներից շատերն այսօր կարծում են, որ Նիկոլ Փաշինեանը պէտք է հեռանայ։
Թէկուզ նրանց հետ բանավիճելուց կարելի է լսել այդ մտքի արտայայտումն, որ այո՛ նա պէտք է հեռանայ եւ պատերազմում պարտութիւն կրած ղեկավարը առնւազն այդ պաշտօնը զբաղեցնելու համար այլեւս արժանութիւն չունի։
Օրինակ, վերջին անգամ, իմ ունեցած կենցաղային այդ զրոյցներից մէկի ընթացքում ծպտեալ նիկոլականներից մէկն, որին չափազանցութիւն չի լինի «պսակել» որպէս սփիւռքահայնիկոլականների առաջամարտիկ, նոյնպէս, վերջապէս, սպասւած այդ խոստովանութիւնը կատարեց, կրկնելով, որ «նիկոլը պէտք է հեռանայ»։
Իրականում ինձ շատ յուզեց այդ, թերեւս սպասւած, բայց նաեւ ուշացած «ճանաչումն» ու փորձեցի բացայայտել կատարւածի «բանաձեւը»՝ հետաքրքելով, թէ ինչ՞ն է նրա կարգավիճակի փոփոխութեան պատճառը, վերջիվերջոյ, ո՞նց ստացւեց: Նա այսպէս պատասխանեց. «Գիտե՞ս, ֆուտբոլի դէպքում էլ այդպիսին է լինում, պարտւած մարզչին հեռացնում են, հետեւաբար նիկոլն էլ պէտք է հեռանայ»։
Եթէ անտեսենք եզրակացութեան պարզունակութեան մակարդակն, ապա, անկեղծ, կարելի էր եւ ուրախանալ այդ եզրայանգումից, առնւազն որովհետեւ, վերջիվերջոյ, միմեանց ընկալելու պահ էր հասունանում: Ոգեւորւած, շտապեցի հարցնել՝ «դա նշանակո՞ւմ է, որ աջակցո՛ւմ ես նրան հեռացնելու շարժումների՞ն»։ Սակայն, իմ վաղեմի ծանօթն երկար չսպասեցրեց ու հակադարձելով, նշեց, որ իրականացւող շարժումներում չկան իր նախընտրած ղեկավարը։ Մի խօսքով՝ կրկին յայտնւեց նախկինականութեան պաթոսի նախընտրութեան եւ Նապոլէոն ԲոնապարտԵԱՆ փնտրտուքների յորձանուտում:
Իրականում, նմանատիպ զրոյցների շարքն անվերջ կարելի է մէջբերել, որոնք փաստում են, որ երբ պահը հասունանում է, որպէսզի քաղաքացիներն ինչ-որ քայլերի պէտք է դիմեն, եւ նախաձեռնողականութիւն ցուցաբերեն, այդ դէպքերում նրանք, կրկին հրաժարւում են գործնական քայլերից:
Պատճառներից ակնյայտն այն է, որ ոմանք շարունակում են ժխտել իրականութիւնը կամ արտամղում են փաստերն, իսկ գործնական-գիտակցականում մնում են իրականութիւնից կտրւած եւ առաջնորդւում են պատրանքներով։
Փորձենք բացայայտել այն, եւ եթէ հաշւի չառնենք ընդհանուր հաշւով քաղաքացիների հնարաւոր անձնական շահագրգռւածութեան պատճառները՝ պարտւած ղեկավարին անմեղսունակացնելու ուղղութեամբ, այնուհետեւ լաւագոյն դէպքում, կարելի է նկատել, որ նրանք յաճախ այդ միջոցը կիրառում են որպէս անհատական պաշտպանական մեխանիզմ: Իսկ դա 19-րդ դարի հոգեվերլուծութեան հիմնադիր Ֆրոյդի կարծիքով, մարդը կիրառելով սեփական գիտակցութեան ոլորտից ենթագիտակցութեան ոլորտ է մղում յուզական յագեցւած բովանդակութեան իրողութիւններն:
Իսկ տւեալ դէպքում կարելի է ընդհանրացնել 2018 թւականից յետոյ տեղի ունեցած հայաստանեան իրողութիւններին, որոնք ընդունելի չեն ոմանց գիտակցական, բարոյական սկզբունքների եւ համոզմունքների համար:
Սակայն, ինչպէս եւ հոգեվերլուծաբաններն են պնդում, այդ ինքնապաշտպանական մեխանիզմն, այդ թւում՝ իրականութեան ժխտումն ունի հիմնական խնդիր՝ այն թոյլ չի տալիս անձին պաշտպանւել իրականութիւնից։
Այնուամենայնիւ, այստեղ կարեւոր է հասկանալ, որ բովանդակային ծանր իրականութիւններն ընկալելու համար, այդ թւում՝ պատերազմ, զոհեր, պարտութիւն եւ այլն, նախ անհրաժեշտ է ընդունել եղածն ու քեզ հետ կատարւածը։
Թէեւ, ընդունել հասկացութիւնը բազում մարդիկ ասոցացնում են նաեւ՝ համակերպւելու, պասիւութիւն ցուցաբերելու, բացասական յոյզերի ու ապրումների, եւ վերջիվերջոյ պարտւողականութեան հետ, որի հետքերից բոլորս այդքան խորշում ենք։
Սակայն, ընդունելն իրական փոփոխութիւնների հասնելու նախաքայլն է եւ պայքարի եւս մէկ նրբերանգ:
Վերադառնալով, ծպտեալ նիկոլականներին, ինձ թւում է՝ ընդհանրապէս չպէտք է դադարեցնել փորձերը մեր մերձաւորներին յետ բերելու ռէալութեան դաշտ: Անհրաժեշտ է նրանց ամենօրեայ ռեժիմով յիշեցնել նաեւ բազում ակնյայտ փաստարկներից մի քանիսն, որոնք վկայում են ՀՀ ներկայ վարչապետին հեռացնելու անհրաժեշտութեան մասին: Կամ անհրաժեշտ է նրանց օգնել մտաբերելու Փաշինեանին մենք չենք կարող փոխել՝ դարձնելով, ԲոնապարտԵԱՆ։ Ոչ էլ կարող ենք տիեզերական ուժերին եւ բնութեան օրէնքներին առյաւէտ մեղադրել նրա անվերջ պարտութիւնների համար։
Այդուհանդերձ, չմոռանանք, որ նրան հեռացնելով, մեր պետականութեան պահպանման պայքարի բարդութեան մակարդակը պահպանւում է, սակայն նրան հեռացնելը մեր իրականութեան ընկալման նախաքայլն է:
Եւ հիմնական խնդիրը, որն պահպանւում է հարցն է, թէ մինչեւ ե՞րբ է կարող տեւել մեր մերձաւորների վերոնշւած եւ նմանաբնոյթ արձագանգների շարունակականութիւնը։ Ինձ թւում է դա կարող է տեւել այնքան, մինչեւ հայկական պետականութեան լինելիութեան պաշարները սպառւեն: