«Տարիներ առաջ իրականացւած «Հարսանիք լեռներում» օպերացիան՝ Շուշիի ազատագրմամբ պատմական էր մեր համար, որովհետեւ այն եւս մէկ անգամ ցոյց տւեց, որ հայ ժողովրդի ոգին անկոտրուն է»,- այսօր՝ Մայր Հայաստանի յուշարձանի մօտ յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սէյրան Օհանեանը եւ շնորհաւորեց ողջ ժողովրդին, կամաւորներին, երկրապահներին, ՀՀ ԶՈՒ եւ ԱՀ ՊԲ ողջ անձնակազմին Մայիսի 9-ի կապակցութեամբ:
«alikonline.ir» - «Տարիներ առաջ իրականացւած «Հարսանիք լեռներում» օպերացիան՝ Շուշիի ազատագրմամբ պատմական էր մեր համար, որովհետեւ այն եւս մէկ անգամ ցոյց տւեց, որ հայ ժողովրդի ոգին անկոտրուն է»,- այսօր՝ Մայր Հայաստանի յուշարձանի մօտ յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սէյրան Օհանեանը եւ շնորհաւորեց ողջ ժողովրդին, կամաւորներին, երկրապահներին, ՀՀ ԶՈՒ եւ ԱՀ ՊԲ ողջ անձնակազմին Մայիսի 9-ի կապակցութեամբ: Գրում է Panorama.am-ը:
Նա յիշեցրեց, որ հայկական հինաւորց քաղաքի՝ Շուշիի գրաւմամբ նաեւ ցամաքային կապ ստեղծւեց Արցախի եւ Հայաստանի միջեւ:
«Այն նաեւ ռազմական առումով մեծ նշանակութիւն ունեցող օպերացիա էր, որը թէկուզ իրականացւեց կամաւորների միջոցով, բայց ռազմական գիտութեան կանոնների համաձայն՝ սկսած հետախուզութիւնով, վերջացրած գործողութիւններով»,- յայտնեց պաշտպանութեան նախկին նախարարը՝ արձանագրելով, որ 30 տարի առաջ այս օրերին կար ռազմական համապատասխան գիտելիքներ եւ կադրային սպաների բազան:
Նկատելով, որ Շուշիի ազատագրումը հիմք հանդիսացաւ համաշխարհային ոգեւորութեան եւ հետագայ յաղթանակների համար՝ նա յայտնեց, որ այն նպաստեց Հայաստանի եւ Արցախի բոլոր ոլորտների միացմանը եւ փոխինտեգրմանը:
«44-օրեայ պատերազմից յետոյ կարծես թէ այդ Եռատօնը խլեցին մեզանից: Բայց այս ամենից պէտք է հետեւութիւն անել եւ դասեր քաղել: Վերջին պատերազմի ընթացքում եղել են հերոսութիւններ եւ քաջագործութիւններ, բայց պէտք է նաեւ դասեր քաղել: Նախ այն, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետութիւնը փոխանցել ռազմական ռելսերի վրայ: Օրէնսդիր իշխանութիւնը չի կարողացել համախմբւել եւ վերահսկողութիւն իրականացնել: Պետական կառավարման համկարգերը չեն կարողացել համախմբել մեր ներուժը, թէ՛ մարդկային ռեսուրսների, թէ՛ այլ առումով»,- յայտարարեց Սէյրան Օհանեանը:
Նրա խօսքով դատաիրաւական համակարգում էլ է թերութիւններ եղել, բացակայել է կարգ ու կանոն հաստատելու վճռականութիւնը:
«Հետագայի համար մեր ողջ ժողովուրդը պէտք է դասեր քաղի, եթէ այսօրւայ իշխանութիւնները չեն ցանկանում դրանից դասեր քաղել, ապա ժողովուրդն իր համախմբւածութեամբ պէտք է ստիպի իշխանութիւններին, իսկ եթէ իրենք այն չեն ցանկանում, ապա պէտք է հեռացնի այս իշխանութիւններին: Մեր դիմադրութեան շարժումն այս Եռատօնը, նախկին յաղթանակների ոգին վերականգնելու համար է: Մեր ամբողջ պատմութեան ընթացքում մեզ միշտ հարւածել են եւ դրանից մենք գօտեպնդւած ենք դուրս եկալ: Այսօր էլ գօտեպնդւած ենք: Այսօր այս դիմադրութեան շարժմամբ վերականգնում ենք, բարձրացնում ենք պետութեան ոգին, ոչ միայն երկրի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս՝ մեր արժանապատւութիւնը պահելու համար»,- յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան ղեկավարը եւ յաւելեց. «Այս շարժման բեկումնային պահն արդէն անցել է, մնում է միայն հանրային ճնշումը ուժեղացնենք եւ ստիպենք այս իշխանութիւններին հեռանալ, քանի որ նրանց գործողութիւնները գտնւում են մեր թշնամիների ճնշման տակ: Իզուր չէ համաշխարհային պատմութիւնը փաստում, որ պարտւած իշխանութիւնները պէտք է հեռանան: Այս իշխանութունները ոչ մի դաս չեն քաղել, իրենք շարունակում են պարտութիւնների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին, շարունակում են պնդել, որ գնալու են խաղաղութեան մեր հարեւանների հետ, որոնք այնուամենայնիւ, չեն ուզում մեր հետ հարեւան լինել, այլ ցանկանում են մնալ հակառակորդ՝ իրենց հայատեացութեամբ եւ ռազմական հռետորաբանութեամբ»:
Պաշտպանութեան նախկին նախարարը համոզմունք յայտնեց, որ միասնաբար հնարւոր է վերագտնել երբեմնի յաջողութիւնները եւ վերականգնել յաղթողի ոգին: