Իշխանութիւնը գիտակցում է իր օրերի վերջնաժամկէտը եւ իր յենարանը մնացել է բռնութիւնը եւ ուժային կառոյցները. այսօր՝ մայիսի 9-ին, «Յաղթանակ» զբօսայգում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։
«alikonline.ir» - Իշխանութիւնը գիտակցում է իր օրերի վերջնաժամկէտը եւ իր յենարանը մնացել է բռնութիւնը եւ ուժային կառոյցները. այսօր՝ մայիսի 9-ին, «Յաղթանակ» զբօսայգում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։
«Իշխանութիւնը հոգեվարքի մէջ է։ Արդէն մի քանի օր է՝ Հայաստանում երկիշխանութիւն է, եւ այդ երկիշխանութեան պատկերն այնքան ցցուն է Ֆրանսիայի հրապարակում հանրային ընդվզման օրեցօր մեծացող ալիքի եւ Ազգային ժողովի զոդւած պարիսպների հետեւում։ Այդ վահանների եւ հոծ բազմութեան հետեւում որքա՞ն կարող է ծւարել Նիկոլ Փաշինեանը»,- ասաց Գալստեանը։
Լիլիթ Գալստեանի խօսքով՝ իշխանութիւնը բռնաճնշումներով եւ մարդաորսութեամբ փորձում է ճնշել ընդվզման ալիքը։
«Տեսնելով, որ ՀՅԴ-ն «Դիմադրութիւն» շարժման առաջամարտիկներից է, բռնութիւններ են սկսել մեր կառոյցի նկատմամբ։ Մեզ հնարաւոր չէ մահակներով, բանտերով, Նիկոլ Փաշինեանի ստահակական հայհոյանքներով վախեցնել։ Արժանապատիւ հայ ժողովուրդը արթնացել է։ Այն Փաշինեանը, որը սիրով եւ թաւիշով եկաւ իշխանութիւն, այժմ եթէ համարձակութիւն ունի, թող գէթ մէկ վայրկեան անցնի փողոցը հեծանիւով»,- նշեց Լիլիթ Գալստեանը։