Հայաստանում այսօր ընթացող քաղաքական դիսկուրսն իրականում ազգային խայտառակութեան վկայութիւն է։ Երկրում շարունակում է իշխանութիւն պահպանել այն ուժը, որի պաշտօնավարման շրջանում յանձւել է պատմական հայրենիքի՝ Արցախի զգալի մասը, հասարակութիւնը տւել է շուրջ 5000 զոհ, այսօր ակտիւօրէն քննարկւում է Հայաստանի տարբեր տարածքներ Ադրբեջանին յանձնելու հնարաւորութիւնը։
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
Հայաստանում այսօր ընթացող քաղաքական դիսկուրսն իրականում ազգային խայտառակութեան վկայութիւն է։ Երկրում շարունակում է իշխանութիւն պահպանել այն ուժը, որի պաշտօնավարման շրջանում յանձւել է պատմական հայրենիքի՝ Արցախի զգալի մասը, հասարակութիւնը տւել է շուրջ 5000 զոհ, այսօր ակտիւօրէն քննարկւում է Հայաստանի տարբեր տարածքներ Ադրբեջանին յանձնելու հնարաւորութիւնը։ Ահա այս իշխանութեան դէմ պայքարի են դուրս եկել տարբեր քաղաքական ուժեր, որոնք եւ որոնց ներկայացուցիչներից ոմանք անբասիր չեն, ունեն ոչ մաքուր անցեալ, կապւած են եղել արատաւոր երեւոյթների հետ, եւ այդպէս շարունակ։
Բայց բոլոր վերը նշւած մեղադրանքներին ի պատասխան՝ իշխանութիւնը ըստ էութեան յայտարարում է՝ «դուք թալանչի էք»։ Այսինքն՝ իշխանութիւնը գրեթէ չի հերքում, որ իր պատճառով յանձնւել է Արցախի մեծ մասը, Նիկոլ Փաշինեանն ուղիղ յայտարարում է, որ կարող էր որոշում կայացնել, որի արդիւնքում հազարաւոր զոհեր չէին լինի, բայց բոլոր այդ մեղադրանքներին հակադարձում է մեղադրողների՝ թալանչիութեան մասին թէզով։
Աւելի գռեհիկ ձեւակերպմամբ՝ Նիկոլ Փաշինեանի ասածը հետեւեալն է՝ «լաւ եմ արել, փոխարէնը՝ դուք թալանչի էք»։ Ուշադրութիւն դարձրէք՝ նոյն այս թէզով են իշխանութիւնները բողոքի ակցիաների ուղարկում իրենց սադրիչներին, որոնք կամ հակաարցախեան ցնդաբանութիւններ են արտաբերում, կամ գոռում են թալանի մասին։
Նիկոլ Փաշինեանն այսպիսով, Հայաստանում քաղաքական դիսկուրսի նշաձողը իջեցրել է որեւէ «Անոյի» մակարդակի, չի խորշում իր իշխանութիւնը պաշտպանել սեռափոխւած մէյմուններով ու թմրամոլ ծաղրածուներով, նա մեծ հաշւով թքած ունի, որ այդպիսով անդառնալի վնաս է հասցնում «ժողովրդավարութեան բաստիոն Հայաստանի» հեղինակութեանը։
Իսկ այդ հեղինակութիւնը, եթէ, իհարկէ, դրանից դեռ ինչ-որ բան մնացել է, աւելի է նւազում․ Հայաստանից անտեղեակ մէկը՝ հետեւելով այստեղ կատարւող իրադարձութիւններին, տպաւորութիւն է ստանում, որ հայ հասարակութեան համար նիւթականը, փողը՝ թալանւած կամ ոչ, շատ աւելի կարեւոր է, քան հայրենիքը, յանուն այդ հայրենիքի նահատակւած հազարաւոր երիտասարդների կեանքը եւ յիշատակը։ Ահա այդ նոյն դիտորդի, աւելի լայն իմաստով, աշխարհի, միջազգային հանրութեան շրջանում ձեւաւորւում է կարծրատիպ, որ Հայաստանի հասարակութիւնն ապրում եւ առաջնորդւում է միայն նիւթական արժէքներով, փողով, ինչը նշանակում է, որ գործնականում Հայաստանում կարելի է գնել ամէն ինչ։
Մեծ հաշւով, Նիկոլ Փաշինեանն իր պաշտօնավարման չորս տարիների ընթացքում աշխարհին յղել է մէկ գլխաւոր ուղերձ՝ ինքը պատրաստ է վաճառել ամէն ինչ։
Այսինքն, նա՝ հանդէս գալով Հայաստանի անունից, գործում է «փողին մուննաթ» սկզբունքով․ այդպիսով նա կարող է ապահովել պատւիրատուին հաճոյ արտաքին քաղաքական կողմնորոշում, յանձնել Հայաստանի այս կամ այն տարածքը՝ շահաւէտ առաջարկի դէպքում, եւ այդպէս շարունակ։ Բայց որպէսզի այդ ամենավաճառութիւնը չընկալւի՝ որպէս միայն իր պատրաստակամութիւն, Նիկոլ Փաշինեանը փորձում է այդպիսին դարձնել կամ այդպիսին ներկայացնել հայ հասարակութեանը, որի՝ իրպէս մտածող հատւածն այսօր ապրում է միայն ստամոքսով, առանց որեւէ արժէքի ու ամենակարեւորը՝ առանց յիշողութեան։ Կենդանու նման, ինչպէս ասել է Հրանտ Մաթէոսեանը։
168.am