Քաղաքական հալածանքներն աւելի գրգռելու են քաղաքացիներին՝ եթէ 100 ղեկավար էլ ձերբակալեն, ՀՅԴ-ն նորը կը բերի՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ «Դրօշակ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիր Արտաշէս Շահբազեանը՝ խօսելով իշխանութիւնների ակտիւացրած հետապնդումների մասին առաւել ակտիւ քաղաքացիների հանդէպ։
«alikonline.ir» - Քաղաքական հալածանքներն աւելի գրգռելու են քաղաքացիներին՝ եթէ 100 ղեկավար էլ ձերբակալեն, ՀՅԴ-ն նորը կը բերի՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ «Դրօշակ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիր Արտաշէս Շահբազեանը՝ խօսելով իշխանութիւնների ակտիւացրած հետապնդումների մասին առաւել ակտիւ քաղաքացիների հանդէպ։
Նա ուշադրութիւն հրաւիրեց, որ 30 տարի առաջ էլ Փաշինեանի կնքահայրն էր հալածանքներ սկսել Դաշնակցութեան դէմ, քաղաքական ձերբակալութիւններ եղան, բայց շատ կարճ անցած՝ ընտրութիւնների ժամանակ հէնց հալածանքներ նախաձեռնողը խայտառակւեց։
«Իրենց թւաց, որ գլխատեցին կուսակցութիւնը, քիչ անց նոր ղեկավարութիւն եկաւ։ Եւ ես ուզում եմ առիթից օգտւելով զգուշացնել՝ եթէ 100 հոգի էլ ձերբակալեն՝ իմացէք, որ Դաշնակցութիւնը յաջորդ օրը նոր ղեկավարութեամբ մէջտեղ է գալու։ Թող Նիկոլը գնայ Լեւոն Տէր-Պետրոսեանին հարցնի՝ նա կը բացատրի, թէ ինչպէս այդ ամէն ինչը աւարտւեց․ իրենց համար աւարտւեց 1996 թ-ի խայտառակ ընտրութիւններով, որի մէջ թէ մենք ինչ դեր խաղացինք՝ իրավիճակի յեղաշրջման մէջ, Լեւոն Տէր-Պետրոսեանը շատ լաւ գիտի, եթէ Նիկոլը չի յիշում՝ փոքր է եղել, թող գնայ հարցնի»,- ասաց Արտաշէս Շահբազեանը։
Այն, ինչ Տէր-Պետրոսեանը չկարողացաւ անել՝ հիմա յոյս ունի, որ կանի Փաշինեանը՝ նշեց նա։
2008 թ-ին էլ, ասաց նա, Լեւոն Տէր-Պետրոսեանը դիրիժորն էր, իսկ գլխաւոր սադրիչը Նիկոլ Փաշինեանը, որը 10 մարդու մահւան պատճառ դարձաւ։
«Ես հաւատում եմ, որ այս ձնագունդը օրէօր թափ առնելով յաջողութիւն կունենայ, բայց եթէ ինչ-ինչ պատճառներով Նիկոլ Փաշինեանը փորձի շատ աւելի մեծ ծաւալով ռեպրեսիաներ անել՝ մեծ բանի չի հասնելու․ այս շարժումը գուցէ հնարաւոր լինի 2 շաբաթով կամ 2 ամսով լռեցնել, բայց սա Փաշինեանի վերջն է»,- յայտարարեց Արտաշէս Շահբազեանը։