Հա

Քաղաքական

14/05/2022 - 14:20

«Փաշինեանին դիտողութեան համար կարող են ազատել աշխատանքից եւ քրէական պատասխանատւութեան ենթարկել». Իշխանեան

Հայաստանում ամէն ինչ արւում է մի մարդու կամքով, եւ ամբողջ իրաւապահ համակարգը նրան է ենթակւում։ Ոչ ոք չի համարձակւում նրան ինչ-որ բան ասել, քանի որ նրանց կարող են հեռացնել աշխատանքից, նոյնիսկ քրէական գործ յարուցել։ Ինչպիսի՞ իրաւական պետութեան մասին կարելի է խօսել:

«alikonline.ir» - Հայաստանում ամէն ինչ արւում է մի մարդու կամքով, եւ ամբողջ իրաւապահ համակարգը նրան է ենթակւում։ Ոչ ոք չի համարձակւում նրան ինչ-որ բան ասել, քանի որ նրանց կարող են հեռացնել աշխատանքից, նոյնիսկ քրէական գործ յարուցել։ Ինչպիսի՞ իրաւական պետութեան մասին կարելի է խօսել: Ցուցարարների նկատմամբ բռնութիւն գործադրած ոստիկանի նկատմամբ ներքին հետաքննութիւնն արդիւնք չի տայ։ Փոխարէնը քրէական գործ է յարուցւել շիշ նետած ակտիւիստի նկատմամբ։ Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը՝ ներկայացնելով վերջին շաբաթների ընթացքում 80 հաւաքների ժամանակ մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ զեկոյցը։

Զեկոյցում մասնաւորապէս նշւում է.

«Մայիսի 2-ին առանց նոյնականացման նշանների ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարներին, մայիսի 4-ին ԱԺ-ի տարածքում խլացուցիչ նռնակներ են տեղադրւել, տեղակայւել են ուժային կառոյցների զինւած աշխատակիցներ։ Խաղաղ ակցիաների ժամանակ ուժայինների տեղակայումը պէտք է լինի համաչափ, ինչը չի եղել։ Կարծես ցուցարարներին ահաբեկում են:

Իրաւապահներն անհիմն եւ անհամաչափ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ:

Արձանագրւել են դէպքեր, երբ ոստիկանները ձեռքով հարւածել են ցուցարարի գլխին։ Բռնի գործողութիւնների ընթացքում քաղաքացիներ են տուժել.

Բռնութիւն է կիրառւել նաեւ կանանց, անչափահասների եւ հաշմանդամութիւն ունեցող անձանց նկատմամբ։

Բացի այդ, արձանագրւել է, թէ ինչպէս է ոստիկանը թքում բերման ենթարկւած ակտիւիստի վրայ։

Գործողութիւնների ընթացքում բռնութիւն է կիրառւել նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։

Արձանագրւել են բախումներ եւ վէճեր ցուցարարների եւ իշխանութիւնների կողմնակիցների միջեւ, ինչը վկայում է խաղաղ ակցիաների՝ ոստիկանութեան ուղեկցման վատ կազմակերպման մասին։ Ոստիկանութեան պարտականութիւնները ներառում են ցուցարարների պաշտպանութիւնը եւ բախումներ թոյլ չտալը:

ՀՀ ԱԺ նախագահի մօր պահւածքը, ով թքել էր ցուցարարների ուղղութեամբ եւ ցոյց էր տւել միջնամատը, արդարացւել է։ Ընդ որում, ոչ մի տեղ չի երեւում, որ ցուցարարները վիրաւորանք են հնչեցրել կնոջ հասցէին։

Գիւմրու ճանապարհին տեղի ունեցած բախումներին մասնակցել է նաեւ իշխող կուսակցութեան անդամը։ Իշխող կուսակցութեան մէկ այլ անդամ՝ Գնէլ Սարգսեանը, մօտեցել է ցուցարարներին եւ դիտաւորեալ վիճաբանութեան մէջ է մտել նրանց հետ՝ վիրաւորելով նրանց։ Ոստիկանութիւնն այս ամէնը չպէտք է թոյլ տար:

Եղել են նաեւ օրէնքի կամայական մեկնաբանութեան դէպքեր։ Ապրիլի 25-ին ոստիկանները թոյլ չեն տւել ցուցարարներին մօտենալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան շէնքին, թէեւ օրէնքում նման արգելք չկայ։

Առաջարկում ենք ոստիկանութեանը զերծ մնալ ցուցարարների իրաւունքները ոտնահարելուց եւ առաջնորդւել համաչափ ուժի կիրառմամբ, բացառել առանց նոյնականացման նշանների ոստիկանների ներկայութիւնը հանրահաւաքներին, բացառել բախումների եւ սադրանքների հնարաւորութիւնը, իսկ օրէնքը խախտած ոստիկաններին պատասխանատւութեան ենթարկել:

Բացի այդ, առանձին ցուցարարների անօրինական գործողութիւնները չեն կարող արդարացնել միւս ցուցարարների նկատմամբ սահմանափակումները»։

Իշխանեանը վստահութիւն յայտնեց, որ զեկոյցն իշխանութիւնների վրայ որեւէ ազդեցութիւն չի ունենայ՝ պարզաբանելով, որ այն հրապարակել է հանրութեան, դեսպանատների եւ միջազգային կառոյցների համար։

«Յուսամ՝ նրանք նոյն կերպ կարձագանգեն, ինչպէս արել են նախկինում»,- եզրափակեց իրաւապաշտպանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։