Այս ժողովրդական ընդվզումը բազմաշերտ է, օրինակ՝ զոհերի հարազատներին վրդովեցրել է յատկապէս Նիկոլ Փաշինեանի այն ելոյթը, երբ նա պարզ յայտարարեց, որ տղաները զոհւել են իր պատճառով, մինչդեռ կարող էին եւ չզոհւել։ Հասկանալի է, որ այս դէպքում ամբողջ ողբերգութեան էմոցիան լրիւ այլ ուղղութեամբ պէտք է գնար, եւ շատ բնական է, որ զոհերի հարազատները պէտք է ոչ միայն իշխանափոխութիւն, այլեւ Փաշինեանի դատավարութիւն պահանջեն։
«alikonline.ir» - Այս ժողովրդական ընդվզումը բազմաշերտ է, օրինակ՝ զոհերի հարազատներին վրդովեցրել է յատկապէս Նիկոլ Փաշինեանի այն ելոյթը, երբ նա պարզ յայտարարեց, որ տղաները զոհւել են իր պատճառով, մինչդեռ կարող էին եւ չզոհւել։ Հասկանալի է, որ այս դէպքում ամբողջ ողբերգութեան էմոցիան լրիւ այլ ուղղութեամբ պէտք է գնար, եւ շատ բնական է, որ զոհերի հարազատները պէտք է ոչ միայն իշխանափոխութիւն, այլեւ Փաշինեանի դատավարութիւն պահանջեն։ Աւելին՝ զոհերի բարեկամներին ոչ այնքան հետաքրքրում է, թէ նա իշխանութիւնից երբ կը հեռացւի, որքան այն, որ իրենց երեխաներին մահւան տարած, գլխատած այդ յանցագործը դատապարտւի։ Սա քաղաքական, բայց եւ ժողովրդական շարժում է, եւ ամէն մէկը հարցին իւրովի է մօտենում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Ռուբէն Յակոբեանը։
«Այսօր հրապարակում կան խաբւածներ, որոնք գալիս են «վրէժ լուծելու»։ Պէտք է համարձակութիւն ունենանք եւ ընդունենք, որ 2018-ին մեր ժողովուրդն իր հաւաքական ստորագրութեամբ խաբւել է՝ հաւատալով Նիկոլ Փաշինեանին։ Սա հոգեբանական լուրջ խնդիր է, շատերը վիրաւորւում են՝ մտածելով, որ խաբւել են, չեն ուզում հաւատալ դրան։ Փաշինեանը կարողացաւ էմոցիա գողանալ։ Նա վատ տրիբուն չէր՝ մօտաւորապէս Հիտլէրի մակարդակի էր, իսկ Հիտլէրն աշխարհի լաւագոյն տրիբուններից մէկն էր։ Նոյն ճղճղան ոճով Փաշինեանն էր խօսում։ Նա կարողացաւ հասարակութեանը ոչինչ չտալով՝ ո՛չ ինտելեկտի, ո՛չ քաղաքակրթական, ո՛չ քաղաքական, ո՛չ ազգային հարցերում, գողանալ մարդկանց էմոցիաները՝ «Սաշիկի 50 տոկոսներ», «սոված եւ անօթեւան ծերեր», «Բադեն-Բադեն» եւ այլն»,- ասաց քաղաքական գործիչը։
«ԱԺ-ում ես եւ Փաշինեանը հարեւանութեամբ էինք նստում, հինգ տարում գոնէ մի անգամ որեւէ դրական բան չասաց, լեցուն էր պրկւած չարութեամբ, ատելութեամբ։ Հետագայում պարզւեց, որ նա խորհրդարանից եւ ժողովրդից վրէժ է լուծում, որ նորմալ մանկութիւն չի ունեցել։ Բայց ժողովուրդն իր բաց նեարդով ընդունեց նրա ասածները, պատրաստ էր խաբւելու, քանի որ օբիեկտիւ պատճառներ կային։ Փաշինեանն ընկեցիկ չէ, ապօրինի կամ մանկատան զաւակ չէ, մեր հաւաքական կերպարն է նրան ծնել եւ սնել, նա ծնւել է՝ որպէս առողջ հրէշ։ Ցանկացած նորածնի հետ՝ լինի գայլ, առիւծ, շնաձուկ, սկզբում խաղում ես, իսկ երբ մեծանում է, նոր զգում ես, որ հրէշ է, թունաւոր է։ Փաշինեանը նորմալ ծնունդ է ունեցել, բայց մենք համարձակութիւն չունեցանք ասելու, որ մենք ենք մեր հաւաքական կերպարով նրան ծնել, սնել, կրթել, դաստիարակել այդպէս, մենք էլ պիտի նրան հեռացնենք։ Համարձակութիւն է պէտք, որ մարդն ինքն իր մէջ հասկանայ՝ խաբւելը, սխալւելը բնական իրաւունք է, հիմա պէտք է ուղղի իր սխալը, պէտք է այդ գիտակցութեանը գայ։ Մարդ չի ուզում ինքն իրենից ներողութիւն խնդրել, որ խաբւել է։ Մի գիտնական ինձ ասում էր՝ ինչպէ՞ս կարող է ես սխալւած լինեմ։ Հաւաքականօրէն պէտք է ազատւել Փաշինեանից»,- նշեց Յակոբեանը։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ արդէն ապացուցման կարիք էլ չունի, որ Փաշինեանը դահիճ ու դաւաճան է, եւ որքան էլ ընդդիմութիւնը պնդի դա, բոլորից համակողմանի, փաստարկւած եւ ամբողջական այդ մասին խոստովանել է հէնց Փաշինեանը ԱԺ-ի ամբիոնից․ «Հիտլէրը, որն ի վերջոյ գաղափարական, քաղաքական շարժման նւիրեալ հեղինակ էր, երբ տեսաւ, որ իր քայլերով կործանեց, պարտութեան մատնեց Գերմանիային, արժանապատւութիւն եւ տղամարդկութիւն ունեցաւ՝ տիկնոջ հետ ինքնասպան եղաւ։ Երբ Փաշինեանը խորհրդարանում խօսում էր, մտածում էի՝ հրաժարական կը տայ, քանի որ գիտեմ՝ վախկոտ է։ Միգուցէ ընդունէր, որ ամէն ինչ կարող էր այլ կերպ լինել, մեր սուբիեկտայնութիւնը չզրոյացւէր, արժանապատւութիւնը չգլխատւէր։ Պարզւեց՝ ոչ։ Որպէս պետութիւն՝ այսօր գլխատւած արժանապատւութեամբ ենք ապրում, որովհետեւ մեզ բանի տեղ դնող չկայ, մեր հարցերը քննարկում եւ լուծում են առանց մեր մասնակցութեան»:
«Փաշինեանի վերջին ելոյթին յաջորդած ծափահարութիւնները խայտառակ էին։ Մենք պէտք է նրա կերպարն ամբողջապէս հասկանանք։ Նա 2018-ին եկաւ «Մերժի՛ր Սերժին, որ ես դառնամ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենայ» կարգախօսով, այլ գաղափարաքաղաքական ծրագիր նա չունէր։ Փաշինեանն իրադրութիւնը ճիշտ է որսում, մեր խնդիրն է՝ հասկանալ՝ ինչը նրան դարձրեց վարչապետ եւ գլխակեր։
Նա սկսեց «Քա՛յլ արա»-ից, յետոյ միացաւ «Մերժի՛ր Սերժին»-ը, քայլ անելը պէտք է դրանով աւարտւէր։ Երբ «Սերժին մերժեց», ասաց՝ ինչո՞ւ ոչ՝ «կա՛մ ես կը դառնամ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենայ»։ Հիմա արդէն երկրորդ արարն է՝ կա՛մ նա կը մնայ վարչապետ, կա՛մ Հայաստանը՝ քարտէզի վրայ։ Իր ինքնախոստովանութեան մէջ իրականում գաւառական ճարպկութիւն կար։ Փաշինեանի համար Հայաստան երկիր գոյութիւն չունի, այն ընդամէնը աշխարհագրական տարածք է»,- ամփոփեց Ռուբէն Յակոբեանը:
Դաւիթ Սարգսեան