Հա

Քաղաքական

15/05/2022 - 13:50

Մոսկւա՞, թէ՞ Բրիւսէլ

Արցախեան հակամարտութեան կարգավորման գործընթացը կարեւոր հանգրւանի է մօտեցել, եւ կայ իրական վտանգ, որ խնդիրը կարող է լուծւել ամբողջութեամբ յօգուտ Ադրբեջանի։ Այս մասին է վկայում թէկուզ միայն այն փաստը, որ ՀՀ իշխանութիւններն անընդունելի ոչինչ չեն տեսնում Ադրբեջանի առաջ քաշած յայտնի հինգ առաջարկներում, որոնք պէտք է ընկած լինեն բանակցային գործընթացի հիմքում։

ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Արցախեան հակամարտութեան կարգավորման գործընթացը կարեւոր հանգրւանի է մօտեցել, եւ կայ իրական վտանգ, որ խնդիրը կարող է լուծւել ամբողջութեամբ յօգուտ Ադրբեջանի։ Այս մասին է վկայում թէկուզ միայն այն փաստը, որ ՀՀ իշխանութիւններն անընդունելի ոչինչ չեն տեսնում Ադրբեջանի առաջ քաշած յայտնի հինգ առաջարկներում, որոնք պէտք է ընկած լինեն բանակցային գործընթացի հիմքում։

Ապրիլի 6-ին Բրիւսէլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եւրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշէլի հետ։ Եւրոպական կողմի նախաձեռնած եռակողմ այս հանդիպումը, ինչպէս յայտնի է, տեւել է աւելի քան 4.5 ժամ։ Այդ ընթացքում հակամարտող կողմերի ներկայացուցիչները քննարկել են հարցերի լայն շրջանակ, ձեռք բերել մի շարք պայմանաւորւածութիւններ։ Հանդիպումից անմիջապէս յետոյ Շառլ Միշէլը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ նշելով, որ թէ՛ Փաշինեանը, թէ՛ Ալիեւը ցանկանում են արագ կնքել խաղաղութեան համաձայնագիր։ Նա յայտարարել է, որ Ալիեւն ու Փաշինեանը պայմանաւորւել են մինչեւ ապրիլի վերջ ստեղծել սահմանային յանձնաժողով, որի մանդատի շրջանակում կը լինի երկու հարց՝

1. սահմանազատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը,

2. ապահովել անվտանգային կայուն իրադրութիւն սահմանագծի երկայնքով եւ մերձակայքում(1):

Շառլ Միշէլը նաեւ յայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները յանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին աշխատել խաղաղութեան պայմանագրի նախապատրաստման ուղղութեամբ։ Եւրոպայի խորհրդի նախագահի յայտարարութեան մէջ յիշատակւած էին նաեւ հումանիտար մի շարք հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հեռանկարները եւ այլն։ Ընդհանուր առմամբ պէտք է նշել, որ Շառլ Միշէլը գրեթէ հիացական տոնով էր խօսում Ալիեւի եւ Փաշինեանի բրիւսէլեան հանդիպման արդիւնքների մասին, ինչը, եթէ հաշւի առնենք Արցախում մինչ այդ ստեղծւած իրավիճակն ու այդ պահին ծաւալւող գործընթացները, բաւական տարօրինակ էր։

Բրիւսէլում Ալիեւի հետ հանդիպումից անմիջապէս յետոյ Նիկոլ Փաշինեանը ՀՀ կառավարութեան նիստում կրկին յայտարարել է, որ Ադրբեջանի առաջարկներում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկայ, «սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղութեան օրակարգի հարցերը, եւ մեզ համար սկզբունքային նշանակութիւն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան երաշխիքները, նրանց իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութիւնը, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»(2)։ ՀՀ ղեկավարը, սակայն, չի մանրամասնում, թէ ինչ է հասկանում, օրինակ, «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ» ասելով։ Նկատի ունի՞ արդեօք, որ Արցախը պէտք է անկախ լինի, թէ՞ իր համար ընդունելի է նաեւ Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Նոյնը վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի» անվտանգութեան երաշխիքներին ու իրաւունքներին։ Ի՞նչ նկատի ունի պաշտօնական Երեւանն այդ դէպքում։ Ցաւօք, յստակ պատասխաններ չկան։ Աւելի ճիշտ՝ այդ առնչութեամբ Փաշինեանի ու նրա թիմակիցների մեկնաբանութիւնները լաւատեսութիւն չեն ներշնչում։

Բոլոր այս գնահատականներում եւ ընդհանրապէս ստեղծւած իրավիճակում կարեւորագոյն հանգամանքն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանութիւնները խաղաղութեան պայմանագիր կնքելու աշխատանք են սկսում, եւ դրա հիմքում, ըստ ամենայնի, Ալիեւի վարչակազմի մշակած հինգ, այսպէս կոչւած, առաջարկներն են՝

- ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան, սահմանների անձեռնմխելիութեան եւ միմեանց քաղաքական անկախութեան փոխադարձ ճանաչում,

- պետութիւնների՝ միմեանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու եւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրաւական պարտաւորութեան փոխադարձ հաստատում,

- զերծ մնալ միջպետական յարաբերութիւններում միմեանց քաղաքական անկախութեան եւ տարածքային ամբողջականութեան դէմ սպառնալիք եւ ուժ կիրառելուց, միմեանց անվտանգութեանը սպառնացող, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի կանոնադրութեան նպատակներին հակասող այլ գործողութիւններից,

- սահմանազատում եւ սահմանագծում, դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում,

- տրանսպորտի եւ այլ հաղորդակցութիւնների բացում, այլ հաղորդակցութիւնների հաստատում եւ համագործակցութիւն փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող ոլորտներում։

Ուշադիր ընթերցողը, իհարկէ, հեշտօրէն կը նկատի, որ ադրբեջանական կողմի ներկայացրած 5 առաջարկներն իրականում լուծում են Ադրբեջանի համար երկու կարեւոր խնդիր՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան (ներառեալ Արցախը) ճանաչումն ու ՀՀ ինքնիշխան տարածքներին անխոչընդոտ հասանելիութիւնը։ Պարզ է, որ սրանք իրենց էութեամբ ոչ թէ Հայաստանին ուղղւած առաջարկներ են, այլ պահանջներ, որոնք, եթէ հաշւի առնենք նաեւ Ադրբեջանի ագրեսիւ գործողութիւններն Արցախում ու Սիւնիքում, շատ նման են վերջնագրի։

Ադրբեջանի ու Հայաստանի իշխանութիւնների միջեւ սկսւած այս նոր սիրախաղը, բնական է, չէր կարող անտարբեր թողնել հայ հանրութեանը։ Երկու երկրների բարձրաստիճան պաշտօնեաների յայտարարութիւններն արդէն իսկ բաւական էին, որ ընդդիմութիւնը գործընթացը կասեցնելուն ուղղւած հանրային ճնշման գործողութիւններ նախապատրաստեր։ Ապրիլի 5-ին՝ բրիւսէլեան հանդիպման նախօրէին, Երեւանում տեղի ունեցաւ առաջին հանրահաւաքը, որը լուրջ ազդակ փոխանցեց Նիկոլ Փաշինեանին, ինչպէս նաեւ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող կենտրոններին, որ Ադրբեջանի հետ հաշտութեան պայմանագիր կնքելու գործընթացն այնքան էլ հեշտ չի լինելու։ Իսկ երբ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը խորհրդարանում յայտարարեց, որ միջազգային հանրութիւնը յորդորում է «իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»(3), հանրային դժգոհութիւնը միանգամայն այլ որակ ստացաւ, եւ ժողովուրդը դուրս եկաւ փողոց։

Ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինեանը պաշտօնական այցով մեկնեց Ռուսաստան(4)։ Չնայած այն հանգամանքին, որ այցի ընթացքում երկու երկրների տարբեր գերատեսչութիւնների միջեւ ստորագրվել են համագործակցութեան մի շարք համաձայնագրեր, ինչպէս նաեւ ՌԴ եւ ՀՀ ղեկավարների կողմից 30 կէտից բաղկացած յայտարարութիւն է ընդունւել, Արցախի խնդրի վերաբերեալ որեւէ լուրջ արձանագրում այդ այցի ընթացքում չի եղել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միայն նշել է, որ հարցի կարգաւորման համար պէտք է առաջնորդւել 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. յունւարի 11-ին եւ 2021 թ. նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունւած երեք համատեղ յայտարարութիւնների դրոյթներով(5)։ Բրիւսէլի թեման Ռուսաստանում շրջանցւեց։ Փորձագիտական եւ լրատւական մակարդակներում միայն նշւել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման յանձնաժողովներ ստեղծելու մասին պայմանաւորւածութիւն ձեռք է բերւել նաեւ նոյեմբերի 26-ի յիշատակւած հանդիպման ընթացքում, եւ կողմերը պայմանաւորւել են այդ յանձնաժողովը ստեղծել մինչեւ 2021 թ. աւարտը։ Սակայն դա տեղի չի ունեցել։ Ի դէպ, այդ նոյն յանձնաժողովը հայկական կողմը չստեղծեց նաեւ մինչեւ 2022 թ․ ապրիլի աւարտը, ինչը նախատեսւած էր արդէն բրիւսէլեան պայմանաւորւածութեամբ։ Եւ դրա պատճառը, ամենայն հաւանականութեամբ, Երեւանում ու մարզերում սկիզբ առած բողոքի ակցիաներն են, որոնք լուրջ անհանգստութիւն են առաջացրել Փաշինեանի կառավարութիւնում։

Մոսկւա՞, թէ՞ Բրիւսէլ։ Ո՞վ կը լինի հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման ու Արցախի խնդրի լուծման գլխաւոր հովանաւորը։ Ահա այս հարցն է ներկայումս ամենաշատը քննարկւում քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում: Ընդ որում, կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ միջազգային քաղաքական ընկալումներում արցախեան խնդիրը փոխկապակցւել է Ուկրայինայում ընթացող զարգացումների հետ։ Այս փաստը զգալիօրէն նւազեցնում է հայկական կողմի հնարաւորութիւնները՝ ազդելու մեզ համար կենսական նշանակութիւն ունեցող այդ խնդրի կարգաւորման գործընթացի վրայ։ Պատճառը պարզ է․ Հայաստանը տարածաշրջանային քաղաքականութեան սուբիեկտից վերածւել է միջազգային առեւտրի մանրադրամի։

Այս ամենի հետ պէտք է նշել կարեւոր եւս մէկ հանգամանք․ այն բանից յետոյ, երբ պարզ դարձաւ, որ Ուկրայինայում Ռուսաստանի ռազմական յատուկ գործողութիւնն արագ աւարտ չի ունենայ, Արցախում իրավիճակ փոխւեց։ Ալիեւի վարչակազմն օգտւեց յարմար առիթից եւ, մինչ Մոսկւայի ուշադրութիւնն ամբողջութեամբ կենտրոնացած էր Ուկրայինայի վրայ, նախաձեռնեց մարտի 24-ի յայտնի յարձակումը ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղութեամբ։

Դրան յաջորդած զարգացումներն ամբողջութեամբ բացայայտեցին երկու կարեւոր իրողութիւն․ նախ՝ թուրք-ադրբեջանական դաշինքը տհաճ անակնկալներ է պատրաստել Ռուսաստանի համար մեր տարածաշրջանում, եւ երկրորդ՝ Ռուսաստանը, պայմանաւորւած մէկ այլ տարածաշրջանում առկայ լրջագոյն խնդիրներով, չի կարող առաջնորդւել իր կամքը պարտադրելու քաղաքականութեամբ եւ փորձում է դրա փոխարէն որոշ հարցերի շուրջ պայմանաւորւածութիւններ ձեռք բերել հակառակորդի հետ։ Ռուսական քաղաքական եւ փորձագիտական շրջանակները հասկանում են, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի գործողութիւններն Արցախում ուղղւած են մի կողմից հայկական պետութիւնների, իսկ միւս կողմից էլ՝ հէնց Ռուսաստանի դէմ։ Նրանք նոյնիսկ բարձրաձայնում են այդ մասին, սակայն բոլոր գնահատականներում նաեւ նշում, որ այս պահին Մոսկւայի հիմնական խնդիրը Ուկրայինայում ընթացող ռազմական գործողութիւններն են։ Ակնարկւում է այն մասին, որ Ռուսաստանի համար այս փուլում կարեւոր է Թուրքիայի չէզոքութիւնն Ուկրայինայում։

Թուրքիայի հետ լեզու գտնելու Ռուսաստանի փորձերը, իհարկէ, արդիւնաւէտ չեն։ Մինչ այս պահը Մոսկւային յաջողւել է միայն մասամբ զսպել Էրդողանի ախորժակը։ Դա փոքր զիջումների միջոցով ժամանակ շահելու մարտավարութիւն է։ Իսկ այդ ժամանակը Ռուսաստանին անհրաժեշտ է բացառապէս մէկ բանի համար, որպէսզի լուծի Ուկրայինայում առաջացած խնդիրները։ Անկարայում էլ են լաւ հասկանում, որ ուկրայինական ճգնաժամի հանգուցալուծումից յետոյ Ռուսաստանի զիջողականութեան աստիճանն ու զիջումներ անելու պատրաստակամութիւնը զգալիօրէն կը նւազեն։ Հետեւաբար Անկարայում որոշել են, որ հիմա է յարմար պահը, եւ փորձում են առաւելագոյնս օգտւել դրա ընձեռած հնարաւորութիւններից։ Մեր տարածաշրջանում, օրինակ, դա Արցախի ու Ադրբեջանի հետ անխափան եւ մէկ այլ տէրութեան կողմից չվերահսկւող ցամաքային կապ ստեղծելու խնդիրն է։ Եւ այն պահին, երբ Թուրքիան հասկացաւ, որ Ուկրայինայում Ռուսաստանի ծրագրերը շեղւել են նախապէս պլանաւորւած ընթացքից, Արցախի ուղղութեամբ ակտիւացրեց ադրբեջանական գործօնը։

Ողբերգութիւնն այն է, որ Հայաստանը, որը մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցութիւնը զսպելու պատմական, քաղաքական եւ նոյնիսկ քաղաքակրթական առաքելութիւն է մշտապէս ունեցել, աշխարհաքաղաքական դրութեան վերափոխման այս փուլում, փաստօրէն, հրաժարւել է իր կարեւորագոյն գործառոյթից եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու բանակցութիւններ սկսել։ Ընդ որում, պաշտօնական Երեւանը դա անում է ոչ միայն ի վնաս նոյն Ռուսաստանի, Իրանի կամ թէկուզ եւրոպական որոշ երկրների, յատկապէս Ֆրանսիայի ու Գերմանիայի տարածաշրջանային շահերի, այլեւ ի հաշիւ մեր ժողովրդի կենսական ներուժի։

Եւ իսկապէս, այն պահին, երբ հայկական երկու պետութիւնները «ատամները սեղմած» պէտք է սպասէին Ուկրայինայում Ռուսաստանի յատուկ ռազմական գործողութեան աւարտին, հնարաւոր եւ անհնար բոլոր միջոցներով խոչընդոտէին Արցախի վերաբերեալ թուրք-ադրբեջանական դաշինքի բոլոր ծրագրերը, Հայաստանի իշխանութիւնները յայտարարում են, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, որտեղ արցախահայութիւնը իբր թէ լաւ հեռանկարներ ունի։ Համաձայնէք՝ աւելի մեծ նւէր Հայաստանի իշխանութիւնները երբեք չէին կարող մատուցել թուրք-ադրբեջանական դաշինքին։ Միանշանակ է նաեւ, որ այս կեցւածքով պաշտօնական Երեւանը խնդիրներ է ստեղծում նաեւ իր բնական դաշնակիցների՝ Ռուսաստանի, Իրանի, ինչպէս նաեւ Չինաստանի համար։

Թէ ինչու է ՀՀ փաստացի ղեկավարը երկրի համար օրհասական այս կարեւոր պահին սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգը, յուսով ենք՝ հետաքննութիւնը հետագայում կը պարզի։ Հիմա կարող ենք միայն արձանագրել, որ թէ՛ Էրդողանը, թէ՛ Ալիեւը մեծ տեմպ էին հաղորդել Հայաստանի հետ յարաբերութիւններ հաստատելու գործընթացին, եւ Նիկոլ Փաշինեանը ոչ մի վայրկեան յետ չէր մնում թշնամու այդ տեմպից, աւելին՝ ինքն էլ իր հերթին արագացնում էր բոլոր այդ գործընթացները, յամենայնդէպս մինչ այն պահը, երբ ժողովուրդը Հայաստանում փողոց դուրս եկաւ։

Հիմա, երբ ես գրում եմ այս տողերը, Հայաստանի քաղաքներում ու գիւղերում շարունակւում է Արցախի ապագայի համար մղւող պայքարը։ Իհարկէ, այդ պայքարում բազում կողմեր կան՝ հայկական ընդդիմութիւնը, Փաշինեանի կառավարութիւնը, բոլոր այս գործընթացների վրայ ձեռքեր տաքացնող աշխարհաքաղաքական կենտրոնները եւ այլն։ Բայց մի չափազանց կարեւոր խնդիր հանրահաւաքների ու բողոքի ցոյցերի դուրս եկած մեր ժողովուրդն արդէն լուծել է. ինքն է դարձել Հայաստանի ու Արցախի համար մղւող պայքարի ամենակարեւոր կողմը։ Ժողովուրդը վերագտել է իր սուբիեկտայնութիւնը, եւ այդ փաստի հետ բոլորը հիմա պարտաւոր են հաշւի նստել։ Այս կարեւոր իրողութիւնը նաեւ յոյս է ներշնչում, որ անկախ նրանից, թէ ով կը լինի արցախեան հիմնախնդրի կարգաւորման հիմնական հովանաւորը՝ Մոսկւա՞ն, թէ՞ Բրիւսէլը, հայ ժողովրդի շահն այլեւս չի անտեսւի։


_________________________________

Յղումներ

1. Տե՛ս Շառլ Միշէլ. Փաշինեանն ու Ալիեւը ցանկանում են արագ խաղաղ համաձայնագիր կնքել, 07.04.2022, https://mediamax.am/am/news/foreignpolicy/47035 (մուտք՝ 10․2022)։

2. Վարչապետն ամփոփել է ապրիլի 6-ին Բրիւսէլում կայացած եռակողմ հանդիպման արդիւնքները, 07.04.2022, https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/04/07/Cabinet-meeting-Speech/ (մուտք՝ 10․2022)։

3. Յորդորում են իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը. Փաշինեան, 13.04.2022, https://www.youtube.com/watch?v=IbKBhhj61MA (մուտք՝ 10․2022)։

4. Տե՛ս Վարչապետ Նիկոլ Փաշինեանի պաշտօնական այցը Ռուսաստանի Դաշնութիւն, 19.04.2022, https://www.primeminister.am/hy/foreign-visits/item/2022/04/19/Nikol-Pashinyan-visit-to-Russia/ (մուտք՝ 10․2022)։

5. Տե՛ս 19 а преля состоятся переговоры Владимира Путина с Премьер-министром Армении Николом Пашиняном, 19.04.2022, http://kremlin.ru/catalog/countries/AM/events/68229 (մուտք՝ 10․2022)։ 

«Դրօշակ» թիւ 5,(1666), 2022թ․

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։