Հա

Քաղաքական

16/05/2022 - 14:20

«Այս պահի առաւել բնութագրական բնորոշումը՝ ունենք տոտալ մերժւած, բայց դեռեւս չհեռացւած իշխանութիւն»․ Վահէ Յովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է Վահէ Յովհաննիսեանի յօդւածը՝ ՀՀ-ում կատարւող գործընթացների եւ դրա միջազգային ընկալման մասին։

«alikonline.ir» - Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է Վահէ Յովհաննիսեանի յօդւածը՝ ՀՀ-ում կատարւող գործընթացների եւ դրա միջազգային ընկալման մասին։

Յօդւածը՝ ստորեւ

«Ինչպէս է զարգանալու իրավիճակը

Հայաստանում ստեղծւել է բաւական բարդ վիճակ, որի թերագնահատումը կը բերի մեծ խնդիրների։ Տպաւորութիւնն այնպիսին է, որ մենք ողջ օբիեկտիւութեամբ չենք գնահատում բարդութեան աստիճանը։

Դերակատարները շատ են՝ իշխանութիւն, ընդդիմութիւն, ակտիւ հասարակութիւն, մեծաթիւ դիտորդ հասարակութիւն, միջազգային հանրութիւն, հարեւաններ, թշնամիներ։

Իշխանութիւնը

Սպասում է, որ շարժումը կը մարի։ Բայց սա կոպիտ մոլորութիւն է. մի պահ ենթադրենք, որ չկան վրաններ, չկան բողոքի ակցիաներ, չկան հանրահաւաքներ. դրանից մեծ հաշւով ոչինչ չի փոխւելու։ Ամէն պահի, ամէն կայծից իրավիճակը կարող է պայթել։

Երկրում ձեւաւորւել է մոտիւացւած հանրային շերտ՝ ազգային իդեաների շուրջ, իսկ սա երբեք ոչ մի երկրում չի մարում։ Անմտութիւն է սպասել, որ այդ իդեան կը մարի։

Սա երկակի իրականութիւն է. զուտ ազգային իդեայի շուրջ կոնսոլիդացիան չի մարում, բայց եւ մեծանալու ռեսուրսը սահմանափակ է։

Ընդդիմութիւնը

Դնում է ճշգրիտ բանաձեւ. յաջորդ հանրահաւաքին ամէն մէկդ բերէք եւս մէկ հոգու։ Սա պարզ եւ յստակ խնդիր է. այսօր մասնակցում է X հազար մարդ, հէնց այդ թիւը դարձաւ 2X՝ իրավիճակը էապէս կը փոխւի, դարձաւ 3X՝ իշխանութեան փոփոխութիւնը կը դառնայ անխուսափելի։

Ընդդիմութիւնը ճիշտ դնում է խնդիրը, բայց չի գտնում լուծումը՝ ինչպէ՞ս անել, որ X-ը դառնայ 3X։ Ընդդիմութեան գերխնդիրը իր իսկ դրած ճիշտ խնդրի լուծումը գտնելն է։ Լուծումներ, բնականաբար, կան։ 

Մթնոլորտը

Հիմա ստեղծւել է ներքին ստատուս քւօ, հաւասարակշռութեան մի վիճակ։ Իշխանութիւնն ակնյայտ լարւած, նեարդային վիճակում է, եւ դա բնական է։ Գնում է ձերբակալութիւնների, քրէական գործեր յարուցելու ճանապարհով։ Սա արդիւնք չի տալու։

Եթէ իշխանութեան նեարդերը տեղի տւեցին, եւ ուժ կիրառւեց փողոց դուրս եկած մարդկանց դէմ, ապա լարւածութիւնը երկրում շեշտակի կը մեծանայ, եւ իշխանութեան հեռացումը խաղաղ, սահուն ճանապարհով այլեւս ոչ ոք չի կարող երաշխաւորել։

Փողոցն էլ, իր հերթին, այս պահին չունի դեռ այն կշիռը, որն իշխանութիւն փոխի։

Ստեղծւած պայմաններում որեւէ իշխանութիւն չի կարող գնալ կարեւոր, պատմական համաձայնագրերի կնքման, իսկ ներքին կեանքում գնալու է խոր լճացում։ Այս վիճակը մի պահից ֆիքսելու է միջազգային հանրութիւնը, միջնորդները, եւ իշխանութիւնը դրանից նեարդայնանում է։ Բայց դա ֆիքսելու են նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան։

Արտաքին ռիսկ

Մենք երգում ենք Լաոյի, Մախլուտոյի մասին, Թալիաթի գնդակահարութեան, Մուշի, Սասունի մասին եւ կարծես թէ մոռանում ենք այսօրւայ իրականութիւնը՝ այն ռէալ վտանգը, որ կայ այսօր Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Այդ վտանգը ոչ ոչ չի չեղարկել եւ ոչ ոք որեւէ յարատեւ երաշխիք չի տւել, առաւել եւս՝ ուկրայինական ձգձգւող պատերազմի պայմաններում։ Հետեւաբար՝ շարժումն իր պատկերացումներում պէտք է դառնայ աւելի կոնստրուկտիւ եւ արտաքին աշխարհի համար աւելի ընկալելի, որպէսզի դաշնակիցներ գտնի դրսում եւ ներսում։

Արձանագրենք, որ այս պահին շարժումը դժւար ընկալելի է.

ա/ միջազգային հանրութեան համար. հակաթուրքականութիւնը չի կարող լինել ազգային վերածննդի շարժման առանցքը։ Իրականութիւնն այն է, որ թէ´ Ռուսաստանը, թէ´ Արեւմուտքը կարեւորում են հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական երկխօսութիւնը։ Այլ հարց է այդ երկխօսութեան որակը եւ արժանապատիւ բնոյթը, որն այսօրւայ իշխանութիւնն ի վիճակի չէ ապահովել՝ բազմաթիւ յայտնի պատճառներով։

բ/ Հարեւանների համար. 80 մլն-անոց թուրք-ադրբեջանական տանդեմը եւ նրանց դաշնակիցները ֆիքսում են պրոցեսի ընդգծւած հակաթուրքականութիւնը եւ, բնականաբար, անում հետեւութիւններ։

գ/ եւ ցաւօք՝ հասարակութեան մի զգալի հատւածի՝ դիտորդ հասարակութեան համար. հանրութեան բաւականին մեծ տոկոսի համար եւս շարժումն այս պահին դեռեւս դժւար ընկալելի է, եւ սա պէտք է անպայման վերլուծել ու հաշւի առնել՝ շարժման թափը մեծացնելու մարտավարութիւն մշակելիս։

Իշխանութեան կարգավիճակը

Այս պահի առաւել բնութագրական բնորոշումը ըստ իս հետեւեալն է. ունենք տոտալ մերժւած իշխանութիւն, բայց դեռեւս չհեռացւած։

Կը հեռացւի այն ժամանակ, երբ շարժումը կը լուծի մի քանի կարեւոր խնդիր։ Կամ կը լինեն նոր արտաքին ազդակներ։

Ամփոփում

Քանի որ այս շարժումը ազգային իդեայի վրայ մոտիւացւած պրոցես է, այն չի կարող մարել։ Կարող են թուլանալ նրա դրսեւորման ձեւերը, լինեն ակտիւ կամ նւազ ակտիւ դրւագներ, բայց այն չի մարելու։ Նիկոլը գնալու է. երբ, ինչպէս, ինչ շարունակութեամբ - հարցերն այս պահին անպատասխան են։

Ո՞ր պահից, երբ շարժման առանցքը դառնայ Հայաստանի վերականգնման բովանդակութիւնը, այդ հարցերն արագ լուծում կը ստանան։

Արեցինք սա. ձեւաւորւելու է փոփոխութիւնների տոտալ, զանգւածային պահանջ, նոր իշխանութեան տոտալ պահանջ, եւ այդ հանրային պահանջը բաւարարւելու է։

Ֆիքսենք նաեւ, որ երկրում կայ քաղաքական երկխօսութեան իրական պոտենցիալ՝ երկրում անկառավարելի չարութիւն եւ վտանգաւոր անկայունութիւն թոյլ չտալու համար, սակայն դա հնարաւոր է միայն մէկ կոնկրետ խնդրի լուծման դէպքում՝ Նիկոլի հեռացման։ Քանի այդ հարցը չի լուծւել, երկիրը շարունակելու է լինել վառօդի տակառի պէս, քանի որ Նիկոլի ամէն նոր քայլ, յաջորդ ելոյթը, ամէն յաջորդ ասուլիսն իր հետ կարող են հերթական կայծը բերել ու պայթեցնել հասարակութիւնը։ Իշխանական համակարգերն ու նրանց սպասարկող կառոյցները սա պէտք է հնարաւորինս շուտ հասկանան»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։