Մի քանի օր առաջ իշխանութիւնն Էդմոն Մարուքեանի շուրթերով հրապարակեց 6 կէտանոց պատասխանը, որ յղել են` ի պատասխան Ադրբեջանի 5 կէտերի: «Հրապարակ»-ն այդ կէտերի վերաբերեալ մեկնաբանութիւն է խնդրել «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար, «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանից:
«alikonline.ir» - Մի քանի օր առաջ իշխանութիւնն Էդմոն Մարուքեանի շուրթերով հրապարակեց 6 կէտանոց պատասխանը, որ յղել են` ի պատասխան Ադրբեջանի 5 կէտերի: «Հրապարակ»-ն այդ կէտերի վերաբերեալ մեկնաբանութիւն է խնդրել «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար, «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանից:
«Հրապարակ»- Մայիսի 13-ին յատուկ յանձնարարութիւններով դեսպան Էդմոն Մարուքեանի միջոցով հանրայնացւեցին Բաքւի կողմից աւելի վաղ ներկայացւած հինգ սկզբունքներին ի պատասխան Հայաստանի առաջարկները: Ի՞նչ կասէք այդ փաստաթղթի մասին, բաւարարո՞ւմ է այն Ձեր ակնկալիքները:
Արթուր Վանեցեան- Նախ, դժւար է ներկայացւած կէտերը փաստաթուղթ անւանել: Պարզապէս զաւեշտալի է, երբ պետութեան անունից նման մակարդակի արձագանգ է լինում՝ սկսած կառուցւածքից մինչեւ բովանդակութիւն: Սա պարզապէս խայտառակութիւն է: Ինչ վերաբերում է հարցին՝ բաւարարո՞ւմ է արդեօք այն մեր ակնկալիքները, ապա վստահաբար կարող եմ ասել՝ ո՛չ: Բաքւի կողմից ներկայացւած այդ հինգ սկզբունքներին, որոնց, ի դէպ, իրենց համաձայնութիւնը Հայաստանի իշխանութիւններն արդէն ամենաբարձր մակարդակով տւել էին, չեղաւ յստակ արձագանգ, աւելին՝ նման արձագանգի արդիւնքում վերահաստատւեց այն պնդումը, որ այս իշխանութիւնները լիովին համաձայն են եւ գնում են ադրբեջանական օրակարգով յարաբերութիւնների կարգաւորման:
Այդ վեց կէտերով, փաստացիօրէն, Նիկոլ Փաշինեանն ու իր թիմն ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, որեւէ կերպ չեն անդրադառնում Արցախի ինքնորոշման իրաւունքին, նորից ամրագրում են Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու փաստը:
Ուրեմն Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքներին, որոնցից առաջին երեքը, ուղղակի կամ անուղղակի կերպով, բացառապէս ուղղւած էին Արցախից մէկընդմիշտ հրաժարւելուն, այս իշխանութիւնները պատասխանում են ձեւակերպմամբ, որ «հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգութեան երաշխաւորման, նրանց իրաւունքների եւ ազատութիւնների յարգման, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»:
Ուշադրութիւն՝ ոչ մի խօսք արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի, այդ իրաւունքի՝ առանց սահմանափակումների իրացման մասին, ոչ մի խօսք այն մասին, որ Արցախի վերջնական կարգավիճակը պիտի յստակեցւի՝ որպէս արցախահայութեան իրաւունքների եւ անվտանգութեան երաշխիք, ճիշտ հակառակը:
Ակնյայտ է, որ Բաքւի առաջարկներին նման արձագանգը եւ այդ արձագանգի՝ այս ձեւով հանրայնացումն ինչ-ինչ խնդիրներ են լուծում իշխանութիւնների համար: Այն ծառայում է, այդ թւում, Ադրբեջանի շահերին՝ լեգիտիմացնելով ադրբեջանական ագրեսիան: Այս ամենին զուգահեռ ակնյայտ է նաեւ, որ Հայաստանի ու Արցախի ազգային, պետական շահերի հետ դա որեւէ աղերս չունի: Հերթական պարտւողական ժեստն է պարտութեան խորհրդանիշ դարձած այս իշխանութիւնների կողմից:
Ընդհանրապէս, մեր երկրի դէ ֆակտօ իշխանութիւնն այդպէս էլ չհասկացաւ, որ պետութիւն է ներկայացնում, եւ ինչպիսին որ իրականում կայ, այդպէս էլ ներկայանում է աշխարհին ու այդպէս էլ պաշտպանում է մեր շահերը՝ ծեծ կերած փնթիի պէս: Դա ի՞նչ պատասխան է, որ դուք էք տալիս. ձեզ ասում են՝ եկել ենք 5 կէտով ականջներդ քաշենք, դուք ասում էք՝ հա, բայց դէմքիս թքել չկա՞յ։ Դուք հասկանո՞ւմ էք՝ որտեղ էք յայտնւել, հասկանո՞ւմ էք՝ ինչի հետ էք խաղում. ձեր տներում պատմութեան դասագիրք չկա՞յ, թերթէք՝ գուցէ հասկանաք պատահմամբ՝ ինչ ազգի ճակատագրի տնօրինողներն էք: Պատահմամբ, սխալմամբ, խիստ ժամանակաւոր: Հեռացէ՛ք, տղերք, դա ձեր խելքի բանը չէ: